Հա

Քաղաքական

Շաբաթ, 16 Սեպտեմբերի 2017 12:40

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցչական բացառիկ պատւիրակութիւն

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելեանի նախաձեռնութեամբ վաղը՝ սեպտեմբերի 17-ին Հայաստան կայցելի Միացեալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատւիրակութիւն:

«alikonline.ir» - Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելեանի նախաձեռնութեամբ վաղը՝ սեպտեմբերի 17-ին Հայաստան կայցելի Միացեալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատւիրակութիւն:

«Մեր ծնողները հպարտ կը լինէին, տեսնելով, որ մենք Հայաստան ենք այցելում»,- Ջեքի Սփիր Կանչելեանի խօսքերն է մէջբերել «Ամերիկայի Ձայնը»։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Պատւիրակութեան կազմում են կոնգրեսական Ֆրենք Փալոնը, ով դեռեւս Սպիտակի աւերիչ երկրաշարժից յետոյ Հայաստան էր բերել ամերիկեան օգնութիւն, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն, կոնգրեսական Դէյւիդ Վալադաօն, ում նախաձեռնութեամբ օրեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշեց յաւելեալ գումար յատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար: Հայաստան կայցելեն նաեւ Հաւաիից ընտրւած կոնգրեսական Թուլսի Գաբարդը եւ Վիսքոնսինը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Սենսենբրենէրը:

«Սա երեւի թէ կոնգրեսականների ամենամեծ պատւիրակութեան այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան»,- ասել է Սփիր Կանչելեանը՝ աւելացնելով, որ Հայաստան այցի օրակարգն այնքան խիտ է, որ չի պատկերացնում, ինչպէս են մի քանի օրերի ընթացքում հասցնելու այն իրականացնել: Ինչ վերաբերում է այցի նպատակներին, դրանք բազմաթիւ են.

«Առաջինը՝ ամրապնդել մեր բարեկամութիւնը, օգնել Հայաստանին ձերբազատւել երկրում դեռեւս մնացած կոռուպցիայի դրսեւորումներից, ստեղծել նոր հնարաւորութիւններ Հայաստանին օգնութիւն տրամադրելու համար՝ ուղղւած ժողովրդավարութեան զարգացմանը»:

Կոնգրեսականի համար այս այցն ունի զգացական նշանակութիւն. «Մեզանից հայկական արմատներ ունեցողների համար, անշուշտ, շատ կարեւոր է հայրենիք այցելել, ծանօթանալ պատմական հայրենիքի հետ, զգալ, շոշափել այն»:

Այցի քաղաքական կողմը նոյնպէս անտեսւած չէ։ «Ես կը ցանկանայի, որ Հայաստանն աւելի մեծ թւով օգնութիւն ստանայ, որովհետեւ ես դիտարկում եմ Հայաստանը որպէս մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնւում է Ռուսաստանի ագրեսիւ գործողութիւնների ազդեցութեան տակ»,- ասել է նա:

ԱՄՆ-ի օրէնսդիրները նախատեսում են քննարկել հայկական կողմի հետ Հայաստանի էներգետիկ անկախութեան ամրապնդման հարցը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։