Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 11:20

Էդւարդ Նալբանդեան. «Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը»

ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը սեպտեմբերի 18-ին Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովի ժամանակ, ներկայացրեց Արցախի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով որդեգրած Հայաստանի մօտեցումները՝ խաղաղ բանակցային միջոցներով հանգուցալուծում, Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման միջազգային ճանաչում, Արցախի Հանրապետութեան ժողովրդի անվտանգութեան երաշխաւորում:

«alikonline.ir» - ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը սեպտեմբերի 18-ին Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովի ժամանակ, ներկայացրեց Արցախի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով որդեգրած Հայաստանի մօտեցումները՝ խաղաղ բանակցային միջոցներով հանգուցալուծում, Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման միջազգային ճանաչում, Արցախի Հանրապետութեան ժողովրդի անվտանգութեան երաշխաւորում: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Չորրորդ մօտեցումն, ըստ արտաքին գերատեսչութեան  ղեկավարի, վերաբերում է բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու եւ կառուցողական քայլերին, նախկինում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրականացմանը, որտեղ, Նալբանդեանի խօսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի մօտեցումներն էապէս տարբերւում են:

«Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրաւունքն ամրագրւած է որպէս արցախեան հարցի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մէկը: Հայաստանը բազմից յայտարարել է, որ ընդունում է եռանախագահների առաջարկած սկզբունքները՝ որպէս բանակցութիւնների հիմք, մինչդեռ Ադրբեջանը մերժում է ընդունել դրանք: Չի կարող հանգուցալուծում լինել, մինչեւ Ադրբեջանը չընդունի այս սկզբունքները: Փոխարէնը Բաքուն նախընտրում է ինչ-ինչ սցենարներ հորինել: Այս մտավարժանքները իրականութեան հետ կապ չունեն, եւ ինչպէս ասում են՝ ստի պոչը կարճ է: Ամէն անգամ, երբ համանախագահները հանդիպումների արդիւնքներով յայտարարութիւններ են են անում, ջրի երես են դուրս գալիս ադրբեջանական կեղծիքները»,- ասաց նա:

ՀՀ արտգործնախարարի խօսքով՝ ղարաբաղեան հակամարտութեան հանգուցալուծումը պէտք է Արցախի ժողովրդի անվտանգութեան յստակ երաշխիքներ պարունակի. «Անվտանգութեան թերի երաշխիքների պարագայում այս հակամարտութիւնը չի կարող աւարտւել: Համանախագահները դա յստակ պատկերացնում են: Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը, չի յարգում պայմանաւորւածութիւնները»,- նկատեց Էդւարդ Նալբանդեանը:

Հարցին՝ արդեօ՞ք պաշտօնական Երեւանը դժգոհութիւն յայտնել է Մոսկւային՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարւող զէնքի առնչութեամբ, եւ արդեօ՞ք միջազգային կառոյցներում Հայաստանի պատւիրակութիւնների կողմից Ռուսաստանի դիրքորոշումները պաշտպանելը չի նպաստում Հայաստանի մասնակի մեկուսացմանը՝ հէնց արցախեան հիմնախնդրի առումով, նախարարը պատասխանեց. «Զէնքի վաճառքի վերաբերեալ Հայաստանի ղեկավարութիւնը բազմիցս հրապարակաւ արտայայտել է իր կարծիքը: Ռուսաստանը մեր դաշնակից գործընկերն է, եւ հանդիպումների ժամանակ էլ այդպիսի հարցեր կարող են բարձրացւել: Բայց ասել, թէ Ռուսաստանի դիրքորոշումները Հայաստանին դնում են մեկուսացման մէջ կամ վնաս են հասցնում մեզ յատկապէս՝ Արցախի հարցում, գիտէք՝ դուք երեւի մօտիկից չէք հետեւում այն յայտարարութիւններին, որ Հանրապետութեան նախագահն է անում, ԱԳ նախարարն է անում, հակառակ դէպքում՝ այդպիսի հարց չէիք տայ: Այսինքն՝ եթէ առանձին էլ չվերցնենք, այլ վերցնենք՝ որպէս եռանախագահող երկիր, Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին նոյն դիրքորոշումն է որդեգրել, որը շարունակւում է 5 յայտնի յայտարարութիւնների մէջ: Չկայ այնպիսի կոնֆլիկտ միջազգային բեմահարթակում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այդքան մանրամասնօրէն համաձայն լինեն, թէ ինչպէս պէտք է այդ կոնֆլիկտը լուծւի: Իրենց միացել է նաեւ Ֆրանսիան: Այս եռանախագահող երկրներն ունեն նաեւ մանդատ ԵԱՀԿ-ի կողմից, իսկ ԵԱՀԿ-ն այն կառոյցն է, որը որոշումներն ընդունում է կոնսենսուսով: Ինչպէ՞ս էք պատկերացնում, արդեօ՞ք դա մեզ դնում է մեկուսացման մէջ: Եռանախագահող երկրների նախագահների կողմից արւած ամէն մի յայտարարութիւնից յետոյ Հայաստանը անմիջապէս ողջունել է դրանք եւ ասել, որ դրանց հիման վրայ պատրաստ է գնալ բանակցութիւնների: Իսկ Ադրբեջանն ի՞նչ է անում»:

ՀՀ արտգործնախարարը միաժամանակ յիշեցրեց, որ 2015 թւականին Ադրբեջանն ընդհանրապէս չմասնակցեց Արեւելեան գործընկերութեան գագաթնաժողովին:

«Ռիգայում Ադրբեջանի նախագահն ընդհանրապէս չեկաւ, որովհետեւ եզրափակիչ հռչակագրում, որն ընդունւել է բոլոր երկրների կողմից, համապատասխան դրոյթ էր պարունակում, թէ Արցախի խնդիրն ինչպէս պէտք է լուծւի: Խօսքը նրա մասին էր, որ այդ հռչակագիրը չէր վերաբերում կոնֆլիկտների հանգուցալուծմանը, այլ մի փոքրիկ դրւագ էր, որտեղ յղում էր կատարւում եռանախագահող երկրների 5 յայտարարութիւններին՝ որպէս հիմնախնդրի կարգաւորման հիմք:

Ադրբեջանի ԱԳ նախարարը, որ գլխաւորում էր պատւիրակութիւնը, ի նշան բողոքի՝ գնաց այդտեղից: Քանի որ կոնսենսուսով դա պէտք է ընդոււէր, բոլորը սպասում էին, թէ երբ կը գտնեն Ադրբեջանի արտգործնախարարին, որպէսզի համոզեն, որ իրենք դէմ դուրս չգան: Դա այդպէս էլ չստացւեց, եւ շատերը մօտենում էին մեզ ու հարցնում, թէ ինչէ՞ս ենք նրանց հետ բանակցում: Վերջ ի վերջոյ, յաջողւեց զանգով համոզել Ալիեւին, բայց Ադրբեջանը բացատրական յայտարարութիւն արեց, որ համաձայն չէ այդ կէտին»,- ասաց  Էդւարդ Նալբանդեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։