Հա

Քաղաքական

24/09/2017 - 10:40

Բարի գալուստ եւ «սեւ ցուցակներ». ռուս բլոգերը կիսւել է Արցախ այցելութեան տպաւորութիւններով

Ռուս բլոգեր Սերգէյ Նովիկովը տպաւորւած է Արցախի Հանրապետութիւն կատարած այցով. նա տպաւորութիւններով կիսւել է իր բլոգում տեղադրւած յօդւածում, ներկայացրել Հայաստանի եւ Արցախի տեսարժան վայրերը, անդրադարձ կատարել Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ին, որում յայտնւում են Արցախ այցելող յայտնի մարդիկ:

«alikonline.ir» - Ռուս բլոգեր Սերգէյ Նովիկովը տպաւորւած է Արցախի Հանրապետութիւն կատարած այցով. նա տպաւորութիւններով կիսւել է իր բլոգում տեղադրւած յօդւածում, ներկայացրել Հայաստանի եւ Արցախի տեսարժան վայրերը, անդրադարձ կատարել Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ին, որում յայտնւում են Արցախ այցելող յայտնի մարդիկ:

«Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրութեամբ ցուցանակը մեզ հանդիպեց Հայաստանից Արցախ մեկնելու ճանապարհին: Հեռւում վառւում էին քաղաքի լոյսերը, որը դեռ 25 տարի առաջ Լաչին անունն ունէր: Ղարաբաղեան պատերազմի արդիւնքներով , որն աւարտւել է 1994 թ. հրադադարի պայմանագրով, այն ռազմավարական ճանապարհի հետ մէկտեղ անցել է հայերի վերահսկողութեան տակ: Դրանից յետոյ Լաչինն անւանափոխւել է Բերձոր եւ դարձել Արցախի` դէ ֆակտօ հայկական երկրորդ պետութեան ամենախոշոր քաղաքներից մէկը»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է Նովիկովը:

Այնուհետեւ բլոգերը ներկայացրել է Հայաստանից Արցախ ճանապարհին իրենց հանդիպած տեսարժան վայրերը: Նովիկովին տպաւորել են Խոր Վիրապը, Արէնիի քարանձաւները, Նորավանքը, Տաթեւը:

«Երկար ճանապարհն անցեալում է: Մենք Ստեփանակերտում ենք` Արցախի մայրաքաղաքում: Նոյն պահին, երբ տարածաշրջանային հարեւաններ Աբխազիան եւ Հարաւային Օսեթիան գոնէ նւազագոյն միջազգային ճանաչում ստացել են, Ղարաբաղը «չի տեսնում» ՄԱԿ-ում ներկայացւած ոչ մի երկիր»,- գրել է բլոգերը:

Նա յիշել է հայ բլոգեր Սեդրակ Մկրտչեանի հետեւեալ խօսքերը. «Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, իսկ մենք երբեք նրանց չենք տայ այս հողերը: Եւ ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր կողմերն էլ սա լաւ հասկանում են»:

Այնուհետեւ Սերգէյ Նովիկովը յիշատակում է արել Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ի մասին, որում յայտնւում են Արցախ այցելող յայտնի մարդիկ: «Դէպի արեւելք իւրաքանչիւր կիլոմետրի հետ մեծանում են մեր` հարեւան երկրի «սեւ ցուցակ»- ում յայտնւելու հնարաւորութիւնները: Բայց ոչինչ, մարդիկ դրանով ապրում են: Այդ նոյն ցուցակում է նաեւ իմ ընկերներից մէկը` Ալեքսանդր Վոլոշչուկը, Լեռնային Ղարաբաղին շատ լաւ ծանօթ Դմիտրի Եգորովը, լատւիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը եւ ոչ աւել, ոչ պակաս Մոնսերատ Կաբալէն: Դէ ինչ,  շատ լաւ թիմ է: Քաղաքականութիւնը քաղաքականութեամբ, բայց  ճանապարհորդութիւնը շարունակւում է: Այլ տարբերակ ուղղակի չկայ»,- եզրափակել է Սերգէյ Նովիկովը:

Բլոգերը նաեւ հրապարակել է լուսանկարներ Արցախի եւ Հայաստանի տեսարժան վայրերից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։