Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2017 11:20

Թուրքագէտ. «Էրդողանի խնդիրը չէ ԼՂ հարցը քննարկել Պուտինի հետ, դրա համար կայ Մինսկի խումբ եւ ՀՀ ԱԳՆ-ն նրանց հանդիպումից առաջ պէտք է յայտարարի դրա մասին»

Ռուս-թուրքական յարաբերութիւններում մերձեցում է նկատւում: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Յակոբ Չաքրեանը՝ նշելով, որ նախկին յարաբերութիւնների ծաւալը չի վերականգնւել, բայց դրական միտում նկատւում է:

«alikonline.ir» - Ռուս-թուրքական յարաբերութիւններում մերձեցում է նկատւում: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Յակոբ Չաքրեանը՝ նշելով, որ նախկին յարաբերութիւնների ծաւալը չի վերականգնւել, բայց դրական միտում նկատւում է: Գրում է «tert.am»-ը:

«Թուրքական մի շարք ապրանքների մուտքի արգէլքը Ռուսաստան դեռ մնում է, զբօսաշրջութիւնը չի վերականգնւել, բայց կողմերը մերձենալու քայլեր են նախաձեռնում: Պատճառը՝ ոչ այնքան ՌԴ ու Թուրքիայի ցանկութիւնն է, այլ՝ Թուրքիա-ԱՄՆ մերձեցումը թոյլ չտալու Ռուսաստանի ձգտումն է: ՌԴ-ն ուզում է, որ, քանի դեռ Թուրքիան ու ԱՄՆ-ն լարւած յարաբերութիւններ ունեն, Թուրքիային վերջնականապէս հեռացնի ԱՄՆ-ից»,- նշեց Յակոբ Չաքրեանը:

Միաժամանակ, թուրքագէտն ասաց, որ տեսնելով Ռուսաստանի այս ձգտումը, Թուրքիան մանեւրում է ՌԴ ու ԱՄՆ միջեւ, փորձում է ԱՄՆ-ի հետ լարւած յարաբերութիւնները կոմպենսացնել Ռուսաստանի հետ յարաբերութիւններով:

Խօսելով սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման մասին, Յակոբ Չաքրեանն ասաց, որ Պուտինն ու Էրդողանը հաւանաբար կը քննարկեն մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու հնարաւորութիւններ:

Ինչ վերաբերում է նրան, թէ ռուս-թուրքական յարաբերութիւններն ինչպէս կանդրադառնան Հայաստանի վրայ, ապա թուրքագէտն ասաց, որ եթէ Ռուսաստանն իրեն ամէն դէպքում պահի դաշնակցի պէս, ապա ռուս-թուրքական մերձեցումից մենք չենք տուժի, բայց եթէ Ռուսաստանն իրեն դաշնակցի պէս չպահի՝ մեզ համար վտանգաւոր իրավիճակ կը լինի:

«Ես ամէն դէպքում չեմ կարծում, թէ Ռուսաստանը Թուրքիայի հետ յարաբերութիւնները զարգացնի մեր հաշւին եւ մենք դրանից տուժենք, որովհետեւ մի մոռացէք, որ Հայաստանում է Ռուսաստանի ռազմական բազան: Նրանք հաշւի կը նստեն այս հանգամանքի հետ, չէ՞որ հէնց ՀՀ միջոցով է ապահովւում Ռուսաստանի ներկայութիւնը Հարաւային Կովկասում»,- յաւելեց թուրքագէտը:

Յակոբ Չաքրեանը ուշադրութիւն հրաւիրեց այն հանգամանքի վրայ, որ Թուրքիան միշտ Ռուսաստանի հետ հանդիպման օրակարգում պահում է Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցը եւ 2009 թւականին, օրինակ թուրքական իշխանութիւնները Մոսկւա մեկնելուց առաջ յայտարարեցին, որ հարցը քննարկւելու է:

«Թուրքիայի իշխանութիւնները յոյս ունեն, որ Հայաստանի վրայ ճնշում կը գործադրւի ու Հայաստանը զիջումների կը գնայ: Սեպտեմբերի 28-ի հանդիպման ժամանակ էլ կարծում եմ, որ հարցը քննարկւելու է Պուտինի ու Էրդողանի միջեւ: Ակնյայտ է, որ Էրդողանն այդ հարցը քննարկելու առիթը բաց չի թողնի:

Հայաստանը գոնէ արտաքին գերատեսչութեան մակարդակով պէտք է իր դիրքորոշումը յայտնի սրա վերաբերեալ, յայտարարեն, որ Ղարաբաղի հակամարտութիւնը Ռուսաստան-Թուրքիա հանդիպման ձեւաչափով քննարկւելիք հարցը չէ, որ գոյութիւն ունի հարցի քննարկման լիազօրւած մանդատ ունեցող կառոյց՝ Մինսկի խումբը եւ որեւէ այլ հարթակում հարցը չպէտք է քննարկւի: Եթէ Հայաստանը նման յայտարարութիւն անի, դա չի նշանակի շեղում միջազգային պարտաւորութիւններից կամ սկզբունքներից»,- շեշտեց Յակոբ Չաքրեանը:

Բայց Հայաստանի իշխանութիւնները, մասնաւորապէս՝ ԱԳՆ-ն, ըստ թուրքագէտի, ոչ միայն լռում են այս հարցում, այլեւ՝ մի շարք այլ կարեւոր հարցերում, ինչպէս օրինակ Իրաքի քրդերի անկախացման հանրաքւէի վերաբերեալ: Նա չհամաձայնեց այն կարծիքների հետ, որ ՀՀ ԱԳՆ-ի լռութիւնը չէզոքութեան արտայայտում է, դա, ըստ թուրքագէտի՝ ճղճիմութիւն է:

«Չասել, որ Պուտինն ու Էրդողանը իրենց հանդիպման ժամանակ չպէտք է խօսեն Ղարաբաղի մասին, ճիշտ չէ: Էրդողանի խնդիրը չէ Ղարաբաղի հարցը քննարկելը, կայ Մինսկի խումբ: Մեր լռութիւնը մեր դէմ է աշխատում ու միշտ աշխատել է»,- շեշտեց թուրքագէտը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։