Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 10:10

Ֆրանսահայ պատգամաւորը ներկայացրեց առաջիկայ աշխատանքները

Հայ-ֆրանսիական յարաբերութիւնների ամրացում, հայկական հարցերի բարձրացում, Արցախի ուղղութեամբ աշխատանքի ակտիւացում: 

«alikonline.ir» - Հայ-ֆրանսիական յարաբերութիւնների ամրացում, հայկական հարցերի բարձրացում, Արցախի ուղղութեամբ աշխատանքի ակտիւացում: «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամաւոր Դանիէլ Ղազարեանը ներկայացրեց օրակարգային հարցերը:

«Հայաստանն ու Ֆրանսիան միշտ առանձնացել են ամուր կապերով, ջերմ յարաբերութիւններով, դա աւանդաբար եղել է: Ֆրանսիայի ներկայիս խորհրդարանում 3 հայ պատգամաւոր կայ: Մենք մեր գործունէութեամբ նպաստելու ենք երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային յարաբերութիւնների էլ աւելի զարգացմանը: Այդ համատեքստում ինձ համար շատ կարեւոր է Արցախի հարցը: Ֆրանսիան Մինսկի խմբում համանախագահող երկիր է, այն միշտ ակտիւ է եղել, կարծում եմ, որ նախագահ Էմանուէլ Մակրոնը նոյնպէս կը շարունակի ջանքերն Արցախում խաղաղութեան հաստատման գործում»,- ասաց Դանիէլ Ղազարեանը:

Քանի որ ընտրութիւններից յետոյ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամաւորների փոփոխութիւններ են եղել, հետեւաբար ներկայում աշխատանքներ են տարւում հայ-ֆրանսիական խորհրդարանական նոր խմբի ձեւաւորման ուղղութեամբ:

«Ֆրանսուա Օլանդի օրօք գոյութիւն ունէր խորհրդարանական բարեկամական խումբ, որը բաւական ակտիւ էր աշխատում: Ներգրաււած էր 60 պատգամաւոր տարբեր քաղաքական ուժ: Ընտրութիւններից յետոյ փոխւեց կազմը, շատ խորհրդարանականներ իրենց տեղում չեն: Այժմ աշխատանք է տարւում վերականգնել եւ վերստեղծել այս խումբը, որը կընդգրկի աւելի շատ ներկայացուցիչների»,- ասաց պատգամաւորը: Նա նշեց, որ խմբի ձեւաւորման հետ կապւած գրանցումները սկսւել են:

Խօսելով Արցախի ուղղութեամբ աշխատանքների մասին` Դանիէլ Ղազարեանը նշեց, որ պէտք է ակտիւացնել Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի շրջանակում աշխատանքները: Ըստ նրա` անհրաժեշտ է շարունակել աշխատանքը քոյր քաղաքների ձեւաչափում, մանաւանդ, որ Արցախը բաւական դինամիկ է իր շփումներում:

Դանիէլ Ղազարեանն ընդգծեց, որ այս ամբողջ աշխատանքների համատեքստում չափազանց կարեւոր է Ֆրանսիայում հայ համայնքի դերը: Ըստ նրա` Ֆրանսիայում բաւական ուժեղ հայ համայնք կայ ձեւաւորւած` ամուր ենթակառուցւածքներով: Այն բաւական դինամիկ է գործում, հայերը աւելի շատ կենտրոնացած են մեծ քաղաքներում` Լիոն, Մարսէլ Փարիզ:

«Ինչպէս գիտէք երկու երկրների մշակութային կապերը միշտ ուժեղ են եղել, բայց մենք ցանկութիւն ունենք տեսնել տնտեսական յարաբերութիւնների էլ աւելի զարգացում: Անկախ Հայաստանի Հանրապետութիւնը երիտասարդ է` 26 տարեկան է, ամէն անգամ,երբ գալիս եմ Երեւան, տեսնում եմ փոփոխութիւններ, ինչը շատ ուրախալի է: Յուսով եմ հետագայում աւելի կուժեղանան Հայաստան-Ֆրանսիա կապերը: Հայաստանը տնտեսութեան զարգացման կարիքն ունի, ստեղծւած նոր հնարաւորութիւնները թոյլ կը տան երիտասարդներին մնալ իրենց երկրում»,- ասաց նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։