Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 10:30

Արցախի համար ամենակարեւորը խաղաղութիւնն է

Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամաւոր Դանիէլ Ղազարեանը պատասխանել է «Իրաւունք» թերթի հարցերին:

«alikonline.ir» - Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամաւոր Դանիէլ Ղազարեանը պատասխանել է «Իրաւունք» թերթի հարցերին:

 

- Տիկին Ղազարեան, կը մանրամասնէ՞ք, թէ ինչով էր պայմանաւորւած այս անգամ Ձեր այցը Հայաստան:

- Անցեալ շաբաթ եմ եկել Երեւան եւ երէկ (հոկտեմբերի 10-ԽՄԲ.) էլ ՀՀ քաղաքացի դարձայ: Այնպէս որ, իմ այցը մասնաւոր բնոյթ ունէր` քաղաքացիութիւն ձեռք բերելու համար: Սակայն, մասնաւորը դարձաւ գործնական այց, եւ մեծ պատիւ էր, որ ինձ ընդունեցին ՀՀ Ազգային ժողովում:

 

- Հետաքրքիր է` ինչի՞ շուրջ է ծաւալւել քննարկումը հայաստանեան գործընկերների հետ:

- Հանդիպումը կայացաւ աւելի շատ մասնաւոր շրջանակներում, բայց, իհարկէ, քննարկւեցին շատ տարբեր թեմաներ, որոնք վերաբերում են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կապերին, դրա ամրապնդմանը: Իհարկէ, մշակութային կապերը Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ միշտ առկայ են եղել, ինչի համար ինքս անձնապէս շատ ուրախ եմ: Ի դէպ, 2018 թւականի աշնանն այստեղ` Երեւանում, կայանալու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ասեմ նաեւ, որ Ֆրանսիայի խորհրդարանում երեք ծագումով հայ պատգամաւոր կայ` ես, Գիեոմ Կասբարեանը եւ Ժակ Մարիլոսեանը: Մենք յունիս ամսին ենք ընտրւել` որպէս խորհրդարանական եւ մաս ենք կազմում Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահի «Առա՛ջ Հանրապետութիւն» կուսակցութեան: Ուստի` ՀՀ քաղաքացիութիւն ստանալով` երէկւանից սկսած ինձ համարում եմ ե՛ւ ֆրանսիական, ե՛ւ հայկական պատգամաւոր, որը Ֆրանսիայում ներկայացնում է նաեւ Հայաստանը:

 

- Իսկ ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականութիւն:

- Իմ քաղաքական ներգրաււածութիւնը կարելի է ասել եղաւ նախագահ Մակրոնի շնորհիւ, որովհետեւ ինձ մօտ այդքան էլ ծրագրաւորւած չէր իմ կեանքի ընթացքում քաղաքականութեամբ զբաղւել: Բայց մեր նախագահը տւեց այդ հնարաւորութիւններն այն մարդկանց, ովքեր քաղաքացիական հասարակութիւնն են ներկայացնում, ինչպիսին ես եմ, որպէսզի սկսեն զբաղւել քաղաքականութեամբ ու աշխատեն ի նպաստ Ֆրանսիայի: Սա մի գործառոյթ է, որը 52 տարեկանում ինձնից մեծ պարտաւորութիւններ է ենթադրում, բայց ես կարողացայ յաղթահարել եւ ընտրւել:

 

- Անդրադառնանք նաեւ Ֆրանսիայում հայ համայնքի խնդիրներին

- Հայկական համայնքը շատ ուժեղ կառուցւածք ունի եւ շատ լաւ վիճակում է գտնւում: Հայկական թերթ ունենք, դպրոց ունենք, եկեղեցիներ ունենք, ուզում եմ անպայման նշել, որ Ֆրանսիայում 2013 թւականին «Հայկական յիշողութեան» կենտրոնն է բացւել, որի նախագահն եմ եղել: Այն շատ կարեւոր է մեզ համար, մանաւանդ` նոր սերունդների համար: Այդ կենտրոնում շատ աշխատանքներ ենք իրականացնում եւ մեր նպատակն է լինել բաց ոչ միայն դէպի հայերը, դէպի հայկական համայնքը, այլեւ շատ տարբեր աշխատանքներ կատարել` դպրոցականներին, համալսարանականներին ներկայացնելով հայկական ինքնութիւնը, եւ իհարկէ, պատմութիւնը: Այնպէս որ, Ֆրանսիայում հայկական համայնքը դինամիկ կերպով զարգանում է, յատկապէս այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսին են Լիոնը, Մարսէլը եւ Փարիզը:

 

- Ինչպէ՞ս կը գնահատէք հայ-ֆրանսիական յարաբերութիւնները թէ՛ միջխորհրդարանական մակարդակում, թէ՛ ընդհանրապէս:

- Մեր նախորդ նախագահի` Ֆրանսուա Օլանդի օրօք գոյութիւն ունէր հայ-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամական խումբ, որը բաւականին ակտիւ էր խորհրդարանում: Այդ խմբում ներառւած էր մօտաւորապէս 60 պատգամաւոր շատ տարբեր խմբակցութիւններից եւ կուսակցութիւններից: Բայց քանի որ ընտրութիւններից յետոյ Ֆրանսիայում ամբողջովին վերափոխւեց եւ ձեւափոխւեց քաղաքական կարգը, հիմա շատ խորհրդարանականներ այլեւս իրենց տեղերը չեն զբաղեցնում Ազգային ժողովում: Այժմ խնդիր է առաջացել ձեւաւորել նոր բարեկամական խումբ, որի նախագահ վերջերս ընտրւել է Ֆրանսիայում հայազգի պատգամաւոր Ժակ Մարիլոսեանը: Մեր առաջիկայ աշխատանքը պէտք է լինի այն, որ վերականգնենք, վերստեղծենք ու ձեւաւորենք այդ բարեկամական խումբը, որը կընդգրկի էլ աւելի շատ ներկայացուցիչներ: Այդ խմբի հետ կապւած գրանցումները ընդամենը մի քանի շաբաթ առաջ են սկսւել, եւ այս ժամանակի ընթացքում յուսով եմ, որ այն կամբողջացւի:

 

- Առհասարակ, հայ-ֆրանսիական յարաբերութիւններում ի՞նչ ուղղութեամբ էք տեսնում հնարաւոր զարգացում:

- Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մշակութային կապերը միշտ էլ գոյութիւն են ունեցել եւ շատ ուժեղ են եղել, բայց մեր նպատակն է մշակութայինից զատ, զարգացնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերը: Անկախ Հայաստանի Հանրապետութիւնը շատ երիտասարդ է, ընդամենը 26 տարեկան, բայց ամէն անգամ, երբ այցելում եմ Երեւան, տեսնում եմ այդ փոփոխութիւնները, առաջընթացը եւ յուսով եմ, որ հնարաւոր կը լինի էլ աւելի ուժեղացնել տնտեսական կապերը: Չէ՞ որ Հայաստանը կարիք ունի տնտեսական զարգացման, ինչը թոյլ կը տայ հայ երիտասարդներին մնալ իրենց երկրում: Գիտեմ, որ սա նաեւ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսեանի մտահոգութիւններից մէկն է, որպէսզի տնտեսական զարգացումը նպաստի նրան, որ հայ երիտասարդները կարողանան իրենց տեղը գտնել հայրենիքում:

 

- Ֆրանսիայի խորհրդարանի ազգութեամբ հայ երեք պատգամաւորների օրակարգում հայ-ֆրանսիական յարաբերութիւնների հետ կապւած ի՞նչ օրակարգային հարցեր կան, որոնք կը փորձեք բարձրացնել խորհրդարանում:

- Ինչպէս նշեցի, գլխաւորը լինելու է աւելի զարգացնել գոյութիւն ունեցող մշակութային, տնտեսական, քաղաքական կապերը մեր երկու երկրների միջեւ: Ինչպէս նաեւ կայ մի հարց, որն ինձ համար անձնապէս շատ կարեւոր է` Արցախի հարցը: Ինչպէս գիտէք, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մէկն է` Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ միասին: Եւ կարծում եմ` մօտ ապագայում ԼՂ հակամարտութեան լուծումը կը գտնւի, որը տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք Ֆրանսիայում շատ ուշադիր հետեւեցինք այն բախումներին, որոնք տեղի ունեցան անցեալ տարի ապրիլեան պատերազմի ժամանակ: Եւ պէտք է ասեմ, որ Արցախի համար ամենակարեւորը խաղաղութիւնն է, ուստի` յուսանք, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ինչպէս նախորդ նախագահը, իր ջանքերը կը շարունակի` խնդրի խաղաղ կարգաւորման համար:

Զրոյցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖԵԱՆԻ
«iravunk.am»

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։