Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 11:20

Վարդան Ոսկանեան. «ՀՀ-ն բաւականին լաւ յարաբերութիւններ ունի թէ՛ Բաղդադի, թէ՛ Քուրդիստանի տարածաշրջանի հետ, եւ մեր միջնորդական ջանքերը կամրապնդեն մեր դիրքերը»

ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ Քուրդիստանում նախընտրական շրջանը բաւականին պասիւ ու տարօրինակ է: Ոսկանեանը գտնում է, որ այս պահին կողմերը պատրաստ չեն բանակցել: Իրանագէտի գնահատմամբ, եթէ Հայաստանը ստանձնի միջնորդի դերն, ապա հայկական կողմը դիրքը կամրապնդի:

«alikonline.ir» - ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ Քուրդիստանում նախընտրական շրջանը բաւականին պասիւ ու տարօրինակ է: Ոսկանեանը գտնում է, որ այս պահին կողմերը պատրաստ չեն բանակցել: Իրանագէտի գնահատմամբ, եթէ Հայաստանը ստանձնի միջնորդի դերն, ապա հայկական կողմը դիրքը կամրապնդի:

 

- Պարո՛ն Ոսկանեան, Իրաքեան Քուրդիստանում նոյեմբերի 1-ին միաժամանակ տեղի կունենան ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրութիւններ։ Ի՞նչ պատկեր է հիմա Քուրդիստանում, ովքե՞ր են լինելու հիմնական մրցակից ուժերը, չէ՞ որ մի քանի օրից կը հաստատւեն նախագահի պաշտօնի համար պայքարող թեկնածուների անունները:

- Քուրդիստանում գործընթացներն ընթանում են ինչ-որ առումով տարօրինակ, որովհետեւ առայժմ նախագահի թեկնածուների մասով մեծ ակտիւութիւն չի նկատւում: Մինչեւ հիմա յայտնի է, որ թեկնածութիւն է առաջադրել ընդդիմադիր «Գոռան» շարժումը: Միւս կուսակցութիւնները, յատկապէս «Քուրդիստանի դեմոկրատական» կուսակցութիւնը, որը ներկայացնում է ինքնավար տարածաշրջանի նախագահ Մասուդ Բարզանին, դեռեւս հանդէս չի եկել նախագահի թեկնածու առաջադրւելու նախաձեռնութեամբ, նոյն կերպ է վարւել նաեւ Իրաքեան Քուրդիստանի 3-րդ քաղաքական ուժը՝ «Քրդստանի հայրենակցական միութիւն»-ը: Հաշւի առնելով, որ Քուրդիստանում շուտով ընտրութիւններ են, նման պասիւութիւնը տարակուսանքի տեղիք է տալիս: Տարածաշրջանում որոշակի զարգացումներ են գրանցւել քաղաքական նոր ուժեր ձեւաւորելով՝ մի քանի կուսակցութիւններ են գրանցւել, բայց ընդհանուր նախընտրական շրջանն աչքի չի ընկնում լուրջ ակտիւութեամբ:

 

- Անկախացման հանրաքւէից յետոյ նման պասիւութեան պատճառը ո՞րն է:

- Պասիւութիւնը կարող է պայմանաւորւած լինել մի քանի հանգամանքով՝ անկախութեան հանրաքւէից յետոյ, կարծես թէ, որոշակի ակտիւութեան սպառման գործընթաց է գնացել: Ինչպէս նաեւ ներքրդական անհամաձայնութիւններ կան: Ակնյայտ է, որ պարոն Բարզանին անձամբ յայտարարել է, որ չի առաջադրւելու նախագահի պաշտօնում, իր բարեկամները՝ նոյնպէս: Ներքին պայքար կայ հէնց բարզանիական ուժերի ներսում, միւս կողմից էլ «Քուրդիստանի հայրենակցական միութեան» կողմնակիցների միջեւ պայքար կայ: Եթէ մէկ բառով փորձենք գնահատել ներկայիս վիճակը, կը լինի տարօրինակ բառը:

 

- Իրաքը դիմել է Թուրքիային ու Իրանին՝ Իրաքեան Քուրդիստանի հետ սահմանին անցակէտերը փակելու խնդրանքով։ Աւելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել էր, որ Թուրքիան շուտով կը սկսի առաջին պատժամիջոցները կիրառել Իրաքեան Քուրդիստանի դէմ՝ փակելով երկրի հետ օդային եւ ցամաքային սահմանները: Այս յայտարարութիւնները կեանքի կը կոչւե՞ն:

- Իրավիճակը բաւականին բարդ է: Քուրդիստանի անկախութեան հանրաքւէից յետոյ Մերձաւոր Ալրեւելքում քրդական խնդրի շուրջ ձեւաւորւել է նոր դաշինք՝Թուրքիա-Իրան-Իրաքի կենտրոնական իշխանութիւն. այս համատեքստում դաշինքի կողմերը գործում են փոխհամաձայնեցւած: Դեռեւս անցակէտերը փակւած չեն, բայց Քուրդիստանի օդային տարածքը՝ Բաղդադի կենտրոնական իշխանութեան ջանքերով, քաղաքացիական ինքնաթիռների համար փակ է: Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշումներին, ապա պէտք է նկատի ունենանք, որ այստեղ, բացի պետական շահերից կայ նաեւ անձնական շահ, քանի որ Էրդողանն անձնական շահագրգռւածութիւն ունի Քուրդիստանի հետ առեւտրի ոլորտից: Դատելով ԶԼՄ-ների որոշ հրապարակումներից՝ Քուրդիստանին վաճառւող նաւթից Էրդողանն անձնական շահ ունի, այսինքն՝ Թուրքիայում անձնական ու պետական շահի բախում կայ:

Իրանում հարցը միանշանակ է՝ դէմ են Քուրդիստանի անկախութեան ցանկացած քայլի, քանի որ համարում է, որ ի վերջոյ, դա յանգեցնելու է նրան, որ իսրայէլական շահերը պաշտպանող, հակաիրանական կազմաւորում է դառնալու: Այժմ տնտեսական հարթութեան մեջ երեւում են այդ պատժամիջոցների բացասական հետեւանքները: Իրաքի կենտրոնական իշխանութիւնը, կարծես թէ, այս պահի դրութեամբ չի գնում որեւէ զիջման, բայց զիջման չի գնում նաեւ քրդական կողմը: Սակայն դեռեւս հարցը զինւած բախման չի հասել, կողմերը դեռեւս օգտագործում են խաղաղ կարգաւորման լծակները, այդ թւում նաեւ ուժի կիրառման սպառնալիքը:

 

Եթէ խօսենք կոնկրետ պատժամիջոցների մասին, Իրանն ու Թուրքիան ի՞նչ պատժամիջոցներ կարող են կիրառել:

- Եթէ Քուրդիստանի ցամաքային անցակէտերը դէպի Իրան, Թուրքիա փակւեն, ապա լրջագոյն ազդեցութիւն կունենայ տարածաշրջանի տնտեսական իրավիճակի վրայ՝ յանգեցնելով զգալի բողոքի նաեւ հէնց Քուրդիստանի ներսում, քանի որ տնտեսական իրավիճակի բարդացումը կանդրադառնայ անմիջականօրէն այդ տարածքում ապրող մարդկանց վրայ: Բանկային համակարգի շրջանակում կիրառւող պատժամիջոցներն արդէն իսկ որոշակիօրէն ազդել են իրավիճակի վրայ: Կան նաեւ այլ մի շարք լծակներ, որոնք պաշտօնական Բաղդադը կարող է կիրառել Իրանի ու Թուրքիայի միջամտութեամբ:

 

- Բայց կեանքի կը կոչւի՞, թէ կը մնայ վախեցնելու հռետորաբանութեան շրջանակում: 

- Կարծում եմ՝ կողմերն այժմ սպասում են հէնց իրաքեան Քուրդիստանի ներսում ընթացող ընտրական գործընթացների հետագայ զարգացումներին: Բան այն է, որ ցանկացած ընտրական գործընթաց իր հետ բերում է տարբեր քաղաքական ուժերի միջեւ բեւեռացման: Առայժմ կողմերը սպասում են, թէ ինչ զարգացումներ կը լինեն Քուրդիստանի ներսում՝ ընտրութիւնների համատեքստում, որից յետոյ միայն հետագայ քայլերը պարզ կը լինեն:

 

- Հաշւի առնելով Թուրքիայի ռազմատենչ յայտարարութիւններն, այն, որ Թուրքիայում էլ քրդերը շատ են, հնարաւո՞ր է՝ Թուրքիան իր տարածքի քրդերի դէմ լուրջ ռազմական գործողութիւններ ծաւալի: Եթէ այո, ապա դա ինչպէ՞ս կանդրադառնայ ՀՀ-ի վրայ, հաշւի առնելով, որ մեզ սահմանակից է։

- Այժմ էլ թուրքական կողմը պարբերաբար, իրենց խօսքով ասած, պատժիչ գործողութիւններ է իրականացնում Թուրքիայի ներսի քրդական շարժման նկատմամբ: Թուրքիան նաեւ ներխուժում է Իրաքի հիւսիս, որտեղ գտնւում են «Քուրդիստանի բանւորական» կուսակցութեան ջոկատները: Բայց իրաքեան Քուրդիստան լայնածաւալ ռազմական ներխուժում այս պահին, կարծում եմ, որ սպասել պէտք չէ, քանի որ Թուրքիան դեռեւս չի գնայ այդ քայլին, քանի որ կան բազմաթիւ արտաքին խոչընդոտներ: Չեմ կարծում, որ Իրանը կը ցանկանայ, որ Իրաքեան Քուրդիստանում Թուրքիայի ռազմական ներկայութիւնն աւելանայ, տարածաշրջանային ու արտատարաշածրջանային ուժերն այդքան էլ շահագրգռւած չեն, որ այս տարածքում Թուրքիայի ռազմական ներկայութիւնն աւելանայ: Քուրդիստանը դեռեւս անկախութիւն չի հռչակել, քուրդ քաղաքական գործիչներն էլ յայտարարում են, որ առայժմ անկախութիւն չեն ցանկանում հռչակել, եւ այդ անկախութիւնը կը հռչակւի միայն Բաղդադի հետ խաղաղ ճանապարհով համաձայնութեան գալուց յետոյ: Ռազմական խոշոր գործողութիւն տարածարջանային երկրների կողմից, այս պահին այդքան էլ հաւանական չի թւում:

 

- Ստացւում է, որ Քուրդիստանի դէ ֆակտօ անկախացում առաջիկայ տարիներին չի լինի:

- Ակնյայտ է՝ առաջիկայում չի լինի: Մէկ-երկու տարի ժամանակի մասին անձամբ խօսում են քրդական գործիչները, բայց ես կարծում եմ, որ դա աւելի երկար գործընթաց է, իհարկէ, եթէ յաջողութեամբ պսակւի:

 

Ֆրանսիան առաջարկել է միջնորդ լինել Բաղդադի ու Էրբիլի միջեւ, իսկ հայ քաղաքագէտներից ոմանք առաջարկում են, որ Հայաստանը ստանձնի այդ դերը: Սա իրատեսակա՞ն է, ի՞նչ կը տայ ՀՀ-ին:

- Հայաստանը բաւականին լաւ յարաբերութիւններ ունի Բաղդադի կենտրոնական իշխանութեան հետ, դրական ընկալում ունի նաեւ Քուրդիստանի տարածաշրջանում: Այս իմաստով՝ հայկական միջնորդական ջանքերը կամ ջանքեր ներդնելու առաջարկը, կարծում եմ, որ մեզ որեւէ վնաս չի տայ, հակառակը՝ կարող է ամրապնդել մեր դիրքերը: Բայց մի կարեւոր հանգամանք կայ՝ քրդական կողմը դեռեւս չի պատրաստւում հրաժարւել հանրաքւէի արդիւնքներից, իսկ Բաղդադը մինչեւ բանակցութիւններ սկսելը, պահանջում է հրաժարւել: Այլ խօսքով՝ Բաղդադն ու Էրբիլն, ամէն մէկն իր պատճառաբանութեամբ, չեն պատրաստւում քննարկել Քուրդիստանի անկախութեան հարցը, ինչը գործընթացը տանում է փակուղի:

 

- Բայց արժէ՞, որ ՀՀ-ն միջամտի, հաշւի առնելով, որ հակառակ կողմում է Թուրքիան, ինչպէս նաեւ ՀՀ բարեկամ Իրանը:

- Մի կարեւոր հանգամանք կայ, այն է, որ ունենք 2 հարթութիւն՝ իրական գործողութիւնների հարթութիւն եւ քարոզչական հարթութիւն: Ակնյայտ է, որ քարոզչական հարթութիւնում առնւազն մեզ համար դիրքերի լրացուցիչ ամրապնդում կը նշանակի: Գործնական հարթութիւնում արդիւնքներ ակնկալելը մի փոքր միամտութիւն կը լինի, բայց չի կարելի ոչինչ բացառել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։