Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 10:50

Գրիգորի Տրոֆիմչուկ. «ԼՂ հիմնախնդիրը հանգուցալուծման փուլում է, իսկ դա կարող է լինել նաեւ պատերազմական տարբերակով»

Քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ թէ՛ ապրիլեան պատերազմից առաջ, թէ՛ պատերազմից յետոյ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային փուլում որեւէ բան չփոխւեց, առաջընթաց չգրանցւեց, դրա համար էլ Սարգսեան-Ալիեւ հանդիպումը չի ունենայ արմատական արդիւնքներ:

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը կարգաւորման փուլ է մտել, որը կարող է տեղի ունենալ անգամ պատերազմի ճանապարհով: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց միջազգայնագէտ, անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտների փորձագէտ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խօսելով Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:

«Այդ հանդիպումը կարելի է անւանել հանդիպում աշնանային ծառի տակ: Այդ լուսանկարը, որտեղ նախագահները սեղանի շուրջ նստած են աշնանային ծառի կողքին, այդ հանդիպման յիշւող պահն է: Ղարաբաղեան հակամարտութեան շուրջ նախագահների կամ արտաքին գործերի նախարարների միջեւ հարիւրաւոր հանդիպումներ են եղել, որոնք դժւար է միմեանցից տարբերել, բայց ժնեւեան հանդիպումը վստահաբար կառանձնանայ ու կը յիշւի աշնանային ծառի հաշւին»,- ասաց Գրիգորի Տրոֆիմչուկը:

Քաղաքական վերլուծաբանն ասաց, որ թէ՛ ապրիլեան պատերազմից առաջ, թէ՛ պատերազմից յետոյ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային փուլում որեւէ բան չփոխւեց, առաջընթաց չգրանցւեց, դրա համար էլ Սարգսեան-Ալիեւ հանդիպումը չի ունենայ արմատական արդիւնքներ:

«Կարեւոր է, որ հանդիպմանն առաջին անգամ մասնակցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նոր համանախագահը: Կարծում եմ`երկխօսութիւնը արդիւնք չի տայ: Արդիւնքների կարելի է սպասել միայն այն ժամանակ, երբ շփման գծում դադարի հրադադարի ռեժիմի խախտումը»,- ասաց Գրիգորի Տրոֆիմչուկը:

Հարցին՝ նախագահների հանդիպումը չի՞ յանգեցնի նրան, որ բանակցութիւնների վերսկսման մասին երկխօսութիւն ծաւալւի, վերլուծաբանը պատասխանեց, որ ակտիւ բանակցային գործընթաց լինել չի կարող: Ըստ նրա՝ դա որոշակի առումով կախւած կը լինի ԱՄՆ-ի ակտիւութիւնից:

«Մենք չգիտենք, թէ ինչի է ընդունակ ՄԽ-ի ամերիկացի նոր համանախագահը, բայց մենք տեսել ենք, թէ ինչի են ընդունակ ԱՄՆ-ի պետդեպի ներկայացուցիչները, օրինակ, Ուկրայինայի պարագայում։ Լսել ենք, թէ ինչ շեշտակի յայտարարութիւններ են նրանք արել: ԼՂ հակամարտութիւնը կարող է կարգաւորւել միայն սենսացիայի հետեւանքով: Այստեղ խօսքը կարող է լինել անգամ բացասական երանգներով սենսացիայի մասին: Բայց այս անգամ սենսացիա չեղաւ: Եթէ ՀՀ նախագահը չմասնակցէր այս հանդիպմանն, ասէր, որ Վիեննայում ձեռքբերւած պայմանաւորւածութիւնները չեն կատարւել, մենք չենք հանդիպելու, դա կը լինէր սենսացիա: Հիմա, եթէ Ադրբեջանի նախագահը հրաժարւի յաջորդ հանդիպումներից, ասի, որ դրանք ոչինչ չեն տալիս, ոչ մի արդիւնք չունեն, ապա դա կը լինի սենսացիա ու հակամարտութեան կարգաւորմանը թափ կը հաղորդւի»,- ասաց նա:

Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ ղարաբաղեան հակամարտութիւնը հանգուցալուծման փուլում է, իսկ հանգուցալուծումը կարող է լինել նաեւ ոչ դրական տարբերակով:

Հարցին՝ նկատի ունի, որ կոնֆլիկտը կարող է լուծւել պատերազմի կամ ռազմական գործողութիւնների արդիւնքո՞ւմ, ռուսաստանցի վերլուծաբանը դրական պատասխան տւեց՝ ասելով. «Այո, պատերազմը բացառւած չէ ապրիլեան պատերազմից յետոյ, երբ այդքան զոհեր եղան: Շփման գծում տեղի ունեցողը պատերազմի շարունակութիւն է: Եթէ հազարաւոր զոհեր չկան, չի նշանակում, որ պատերազմ չէ: Մենք պէտք է ուշադրութիւն դարձնենք ամէն զոհին, որովհետեւ դրանք ամէն օր են լինում, ամէն օր կողմերը կորուստներ են ունենում»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։