Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 01 Նոյեմբերի 2017 10:20

«Այն իրաւական ուժ չունի». Ռիչարդ Կիրակոսեանը՝ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրում հնարաւոր հակահայկական ձեւակերպումների մասին

Տարածաշրջանային հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Ռիչարդ Կիրակոսեանի խօսքով՝ Ադրբեջանը ԵՄ Արեւելեան գործընկերութեան Բրիւսէլեան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում իր ցանկալի ձեւակերպումները տեսնելու համար պատրաստ է «դրամա եւ թատրոն» խաղալ եւ կարող է անգամ սպառնալ սաբոտաժի ենթարկել գագաթնաժողովը, սակայն միեւնոյն ժամանակ նկատեց, որ այդ երկրի «դատարկախօսութիւնը» չի աշխատի. Ադրբեջանը շատ է թուլացել եւրոպական դիւանագիտական արենայում եւ երկրորդ՝ Եւրոմիութիւնն ինքնին կարիք ունի, որ գագաթնաժողովը յաջողի:

«alikonline.ir» - Տարածաշրջանային հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Ռիչարդ Կիրակոսեանի խօսքով՝ Ադրբեջանը ԵՄ Արեւելեան գործընկերութեան Բրիւսէլեան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում իր ցանկալի ձեւակերպումները տեսնելու համար պատրաստ է «դրամա եւ թատրոն» խաղալ եւ կարող է անգամ սպառնալ սաբոտաժի ենթարկել գագաթնաժողովը, սակայն միեւնոյն ժամանակ նկատեց, որ այդ երկրի «դատարկախօսութիւնը» չի աշխատի. Ադրբեջանը շատ է թուլացել եւրոպական դիւանագիտական արենայում եւ երկրորդ՝ Եւրոմիութիւնն ինքնին կարիք ունի, որ գագաթնաժողովը յաջողի: Նոյեմբերին Բրիւսէլում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի տեքստում ձեւակերպումների հետ կապւած մտահոգութիւնների շուրջ «tert.am»-ը զրուցել է Ռիչարդ Կիրակոսեանի հետ։

 

- Պարո՛ն Կիրակոսեան, հիմա, երբ Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան եւ ընդլայնման բանակցութիւնների հարցերով յանձնակատար Եոհանէս Հանը յայտարարել է, որ Հայաստանի եւ Եւրոմիութեան միջեւ համաձայնագիրը Արեւելեան գործընկերութեան գագաթնաժողովին ստորագրւելու է, մտահոգութիւնները դրա վերաբերեալ վերացել են: Հիմա արդէն կասկածներ են առաջացել գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի տեքստի հետ կապւած՝ մտավախութիւն կայ, որ հռչակագրում տեղ կը գտնեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հայկական դիրքորոշմանը վնասող ձեւակերպումներ:

Ձեր կարծիքով՝ հնարաւո՞ր է, որ Եւրոմիութիւնը հռչակագրում աջակցի տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անձեռնմխելիութեան սկզբունքները՝ ԱլԳ երկրների հակամարտութիւնների պարագայում (պէտք է հաշւի առնել, որ այդ սկզբունքները բխում են Ուկրայինայի, Մոլդովայի եւ Վրաստանի շահերից):

- Նոյեմբերի 24-ին Բրիւսէլում Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրմանը պատրաստւելիս կային մտահոգութիւններ՝ դրա յետաձգման հետ կապւած: Եւ չնայած դեռեւս կան որոշ կասկածներ, որ ՀԸԳՀ-ի ստորագրումը հնարաւոր է յետաձգւի, ուշադրութիւնը համաձայնագրից տեղափոխւել է գագաթնաժողովի հռչակագրի վրայ:

Նախեւառաջ պէտք է նկատել, որ կարեւոր չէ, թէ ինչ է կատարւելու նոյեմբերի 24-ին Բրիւսէլում՝ գագաթնաժողովին, ցանկացած յետաձգում իր ազդեցութիւնը չի ունենայ համաձայնագրի վրայ:

Հայաստանը կարողացաւ վերականգնել Եւրոպայի վստահութիւնը եւ «հազւագիւտ երկրորդ հնարաւորութիւնը», կարողացաւ նախաստորագրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 2017-ի մարտին: Իսկ նոր ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ը ներկայացնում է թարմ մեկնարկ կողմերի միջեւ յարաբերութիւնները խորացնելու համար՝ չնայած Հայաստանի կողմից Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի եւ Ասոցացման համաձայնագրի ստորագրման վիժեցմանը: Չնայած եղած դժւար եւ բարդ համատեքստին, երկուսն էլ՝ ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ Հայաստանը ցուցադրել են անհրաժեշտ քաղաքական կամք՝ նոր համապարփակ համաձայնագիրը ստորագրելու համար: Այս պարագայում պէտք է հաշւի առնել Հայաստանի պարտաւորւածութիւնները եւ սահմանափակումները որպէս Եւրասիական տնտեսական միութեան անդամ:

Երկրորդ դիտարկումն այն է, որ չնայած հայաստանեան դիւանագիտութիւնը ներգրաււած է եւ պէտք է ներգրաււած լինի տեքստի կազմման հետ կապւած կառուցողական բանավէճում՝ գագաթնաժողովի հռչակագիրը իրաւական ուժ չունի, եւ նրա նշանակութիւնը սահմանափակ է:

Իմ անհանգստութեան քիչ լինելը նաեւ պայմանաւորւած է այն փաստով, որ վերջին ամիսներին Ադրբեջանի հասարակական դիրքն ու դիւանագիտական հեղինակութիւնը բաւականին թուլացել է: Այս ամիսների ընթացքում եղած լուրջ սկանդալները, Ադրբեջանի հետ կապ ունեցող կոռուպցիոն դէպքերը եւ մի շարք պատմութիւնները՝ Ադրբեջանի կողմից եւրոպացի պաշտօնեաներին կաշառելու մանրամասներով, միայն քայքայեցին Ադրբեջանի դիրքորոշումը՝ դրանով իսկ նւազեցնելով ցանկացած վտանգ ու ռիսկ Հայաստանի եւ Ղարաբաղի համար:

 

- Դուք այնուամենայնիւ կարծո՞ւմ էք, որ Ադրբեջանը փորձելու է այդ սկզբունքներն ամրագրել հռչակագրում: Արդեօք նա կը յաջողի՞ այդ հարցում:

- Սա լաւ հարց է հիմնականում մէկ պատճառով՝ Ադրբեջանն անկանխատեսելի չէ, իսկ նրա «դիւանագիտական ռազմավարութիւնը» ո՛չ դիւանագիտութիւն է, ո՛չ էլ ռազմավարութիւն: Աւելի շատ, այն մաքսիմալիստական է եւ զուրկ է տրամաբանութիւնից կամ խոհեմութիւնից, քանի որ տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան սկզբունքների հնարաւոր յաջողութիւնը բարդ մարտահրաւէր են դառնում Ադրբեջանի համար:

 

- Մենք 2015 թւականի Ռիգայի գագաթնաժողովին ունեցանք պրակտիկա, երբ Ադրբեջանը հրաժարւում էր ստորագրել ամփոփիչ հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ ձեւակերպումների պատճառով: Այս անգամ ի՞նչ կարելի է սպասել Ադրբեջանից:

- Նորից պէտք է ասեմ, որ Ադրբեջանն այնքան անկանխատեսելի է, որքան էմոցիոնալ հարցերի քննարկման դեպքում, եւ դա քչացնում է անհրաժեշտ համբերութիւնը դիւանագիտութիւնում յաջողութեան հասնելու համար: Այս պատճառներով նրանք կը փորձեն դրամա կամ թատրոն խաղալ, եւ կարող են սպառնալ սաբոտաժի ենթարկել գագաթնաժողովը, բայց այդ «դատարկախօսութիւնը» չի աշխատի շատ պարզ պատճառով՝ Ադրբեջանը շատ է թուլացել եւրոպական դիւանագիտական արենայում, եւ երկրորդ՝ որովհետեւ Եւրոմիութիւնն ինքնին կարիք ունի, որ գագաթնաժողովը յաջողի:

 

- Նկատելի է, որ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Արմէն Աշոտեանը մտահոգութիւններ ունէր Արեւելեան գործընկերութեան Բրիւսէլեան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի հետ կապւած: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պէտք է անի Հայաստանը՝ կանխելու համար Ադրբեջանի ցանկութիւնների իրականացումը: Կարծում էք՝ հիմա Հայաստանն ինչ-որ բան նախաձեռնո՞ւմ է:

- Չնայած որ ես տեղեկացւած չեմ բանակցութիւնների մանրամասներից, բայց վերեւում նշածս պատճառներով պայմանաւորւած՝ ես աւելի վստահ եմ Հայաստանի դիւանագիտական հնարաւորութիւնների վրայ, եւ ինչպէս պարոն Աշոտեանը, տեսնում եմ սպառնալիք ոչ թէ մեր սեփական դիւանագիտական կորպուսից, այլ՝ Եւրոմիութեան կասկածելի ընկերներից, ինչպէս օրինակ՝ Հունգարիայից:

Այնուամենայնիւ ակնյայտ է, որ Հայաստանն ԱլԳ գագաթնաժողովից աւելի շատ դիւանագիտական շահաբաժիններ կունենայ եւ կը կարողանայ Համապարփակ եւ ընդլայնւած շրջանակային համաձայնագրի միջոցով փրկել ու փրկարար դառնալ Եւրոմիութեան Արեւելեան գործընկերութեան համար՝ Եւրոմիութեանը հազւադէպ յաջողութիւն հաղորդելու համար, ինչպէս երեւում է Հայաստան-Եւրոմիութիւն ստրատեգիական համաձայնագրից:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։