Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 02 Նոյեմբերի 2017 12:40

Իրանագէտ. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումն աւելացնում է Հայաստանի մանեւրի հնարաւորութիւնը»

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գոյութիւնն այլեւս իրողութիւն է։ Երկաթգծի կառուցման միջկառավարական համաձայնագիրը, որը երեք երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ստորագրւել էր դեռեւս 2007թւականի փետրւարի 7-ին, օրեր առաջ կեանքի է կոչել եւս մէկ նախագիծ, որը կրկին շրջանցում է Հայաստանը։ 

«alikonline.ir» - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գոյութիւնն այլեւս իրողութիւն է։ Երկաթգծի կառուցման միջկառավարական համաձայնագիրը, որը երեք երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ստորագրւել էր դեռեւս 2007թւականի փետրւարի 7-ին, օրեր առաջ կեանքի է կոչել եւս մէկ նախագիծ, որը կրկին շրջանցում է Հայաստանը։ Թէ ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս հանգամանքը առանց այդ էլ շրջափակման մէջ գտնւող Հայաստանի համար, «Panorama.am»-ի թղթակիցը զրուցեց իրանագէտ Վարդան Ոսկանեանի հետ։

 

- Պարոն Ոսկանեան, նախագիծը թողնո՞ւմ է որեւէ «նիշա», որտեղ Հայաստանը կարող է մանեւրել։ Այլ կերպ ասած՝ առկայ՞ է թէկուզ փոքրիկ հնարաւորութիւն, որը կարող է շահեկան վիճակ ստեղծել Հայաստանի համար։

- Չափազանց կարեւոր մի հանգամանք կայ, որն ըստ էութեան աւելացնում է մեր մանեւրի հնարաւորութիւնն Իրանի հետ յարաբերութիւնների համատեքստում։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման շուրջ Իրանից ստացւած ոչ պաշտօնական արձագանքները առնւազն այդքան էլ խանդավառ չեն։ Իրանցիները համարում են, որ այս նախագիծը միտւած է տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից դուրս թողնելու ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Իրանին, ինչպէս նաեւ Հարաւային Կովկասի տարածաշրջանում սահմանափակելու վերջինիս ներկայութիւնը՝ փոխարէնն ուժեղացնելով թուրքական գործօնի ներկայութիւնը։

Փաստօրեն, բացի Հայաստանից՝ կայ տարածաշրջանային եւս մէկ ուժ, որը ամենեւին յոյսեր չի կապում այս երկաթուղու հետ եւ շահագրգիռ է, որպէսզի տեղի ունենան այլընտրանքային գործընթացներ։ Այլընտրանքային գործընթացներ ասելով՝ պէտք է նախեւառաջ նկատի ունենալ Հայաստանի, Իրանի եւ երրորդ կողմերի ներգրաւմամբ ձեւաչափերը։ Խօսքն, անշուշտ, վերաբերում է Հիւսիս-հարաւ աւտոմայրուղու առաջնահերթութեանը։ Իրանը խնդիր ունի տրանզիտային աւտոփոխախադրումների զգալի ծաւալը Թուրքիայից տեղափոխել Հայաստան։ Այս մասին իրանցիները շատ դէպքերում բացայայտ են յայտարարում։ Միւս կարեւոր հանգամանքը Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրն է, որը ոչ միայն Հայաստանն ու Իրանը կապում է միմեանց, այլ նաեւ Իրանին հնարաւորութիւն է տալիս ամենակարճ ճանապարհով դուրս գալ սեւծովեան նավահանգիստներ, այնտեղից էլ՝ Եւրոպա։

 

- Համաձա՞յն էք այն կարծիքի հետ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումն աւելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում, քան տնտեսական։

- Կարծում եմ՝ ծրագիրն ունի բազմաթիւ բաղադրիչներ։ Այդ բաղադրիչների թւում անշուշտ կայ տնտեսականը, բայց չափազանց կարեւոր է, որ նման ծրագրերում Հայաստանին փորձում են սպառնալ եւ Հայաստանի ներսում ստեղծել բարոյալքւած մթնոլորտ։ Իսկ բարոյալքւած հասարակութիւնը վտանգներին եւ ռիսկերին դիմակայելու առումով աւելի թոյլ է։ Հետեւաբար, մեր կողմից առաջին քայլը պէտք է լինի բարոյալքման տրամադրութիւններին չտրւելը։ Բացի այդ, մեր կողմից պէտք է իրականացւեն ծրագրեր, որոնք իրենց նշանակութեամբ պակաս չեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագրից։ Ի վերջոյ մենք վերոնշեալ երկու ծրագրերով կարող ենք յաղթահարել մեր վզին փաթաթւած երկարատեւ շրջափակումը։

 

- Պարոն Ոսկանեան, տեսակէտ կայ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծն իրենով հակառուսական է։ Դուք եւ՞ս այդպէս էք կարծում։

- Միգուցէ նախագիծն ունի այդպիսի ուղղւածութիւն։ Այս առումով ակնյայտ է, որ Հարաւային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը ամենեւին չի բխում Ռուսաստանի շահերից։ Բնական է, որ ՌԴ-ն Հարաւային Կովկասն իր ազդեցութեան տիրոյթ է համարում։ Այս իմաստով ծրագիրը կարելի է գնահատել հակառուսական ուղղւածութեան։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։