Հա

Քաղաքական

Շաբաթ, 04 Նոյեմբերի 2017 09:10

Իրանն ու Հայաստանը քննարկում են խորհրդարանական յարաբերութիւնների ընդլայնման հնարաւորութիւնները

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ի նախագահ Արա Բաբլոյեանն ընդունել է ՀՀ –ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին:

«alikonline.ir» - Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ի նախագահ Արա Բաբլոյեանն ընդունել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին: Տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի պաշտօնական կայքը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւնների, յատկապէս՝ խորհրդրանական յարաբերութիւնների ընդլայնման հնարաւորութիւններն ու հեռանկարները:

Արա Բաբլոյեանը կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկայ դարաւոր բարեկամութիւնը: Նա կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունէութիւնը եւ նշել, որ բարեկամական խմբերը պէտք է ակտիւ աշխատեն, ինչով կը նպաստեն խորհրդարանների յարաբերութիւնների սերտացմանը: ՀՀ ԱԺ նախագահի խօսքով՝ անհրաժեշտ է մշակել աշխատաոճ եւ առաջնորդւել դրանով՝ թիրախում պահելով առաջնահերթութիւնները: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներին եւ դրանց յաջորդող գործընթացներին՝ Արա Բաբլոյեանը նշել է. «Ինչպէս գիտէք Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի, որով աւելանում են խորհրդարանի լիազօրութիւնները եւ վերահսկողական գործառոյթները: Կարծում եմ, որ խորհրդարանը կարող է նպաստել Հայաստան-Իրան առեւտրատնտեսական կապերի զարգացմանը՝ ձեռնարկելով որոշակի գործնական քայլեր: Ինչպէս նաեւ խորհրդարանական վերահսկողութեան շրջանակներում կառավարութիւնից պահանջել համագործակցութեան վերաբերեալ յատուկ տեղեկութիւննր»:

ՀՀ ԱԺ նախագահի խօսքով՝ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ՝ Իրանի եւ ԵԱՏՄ, Իրանի եւ Եւրոպայի միջեւ, հետեւաբար երկուստեք պէտք է ուղղորդել շահագրգիռ կողմերին Հայաստանով Իրան հասնելու համար:

Արա Բաբլոյեանը պատրաստակամութիւն է յայտնել՝ աջակցելու Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ համագործակցութեանն ուղղւած նախաձեռնութիւններին բոլոր հնարաւոր ոլորտներում:

Դեսպան Սաջջադին, շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար, Արա Բաբլոյեանին է փոխանցել դոկտ. Ալի Լարիջանիի ողջոյնները եւ Իրան այցելելու հրաւէրը, որը սիրով ընդունւել է:

Դեսպանը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր պաշտօնավարման տարիների ընթացքում կատարւած աշխատանքը, ՀՀ օրէնսդիր եւ գործադիր մարմինների հետ համագործակցութեան հիմնական ուղղութիւնները:

Սէյէդ Քազեմ Սաջջադին կարեւորել է երկու երկրների միջեւ առկայ բարձր մակարդակի փոխայցերը՝ նշելով, որ  դրանք երկու երկրների ղեկավարների քաղաքական կայացած երկխօսութեան եւ ժողովուրդների միջեւ յարաբերութիւններն առաւել սերտացնելու վառ ապացոյցն են: Դեսպանը նշել է, որ Իրանի խորհրդարանը մեծ տեղ է տալիս բոլոր երկրների, այդ թւում՝ Հայաստանի հետ առեւտրա-տնտեսական կապերի զարգացմանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։