Հա

Քաղաքական

Շաբաթ, 04 Նոյեմբերի 2017 11:10

Կայծ Մինասեան. «ՀՀ-ն պէտք է օգտագործի Թեհրանում արւած՝ ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին յայտարարութիւնն Ադրբեջանի դէմ»

Ֆրանսիայի «Ռազմավարական հետազօտութիւնների կենտրոն»-ի փորձագէտ Կայծ Մինասեանի խօսքով՝ Հայաստանը պէտք է օգտագործի Թեհրանում կայացած Ռոհանի-Պուտին-Ալիեւ հանդիպումից յետոյ հնչած յայտարարութիւններն այլ հարթակում․ Ադրբեջանը համաձայնել է՝ հակամարտութիւնները պետք է լուծւեն խաղաղ ճանապարհով:

«alikonline.ir» - Ֆրանսիայի «Ռազմավարական հետազօտութիւնների կենտրոն»-ի փորձագէտ Կայծ Մինասեանի խօսքով՝ Հայաստանը պէտք է օգտագործի Թեհրանում կայացած Ռոհանի-Պուտին-Ալիեւ հանդիպումից յետոյ հնչած յայտարարութիւններն այլ հարթակում․ Ադրբեջանը համաձայնել է՝ հակամարտութիւնները պետք է լուծւեն խաղաղ ճանապարհով:

Նա, «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ ադրբեջանցիների համար բարձր գին չէր՝ խոստովանելը, որ պատրաստ են հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, քանի որ կան տնտեսական հարցեր, քանի որ իր՝ Ռուսաստանի եւ Իրանի կողքը յայտնւելը նրան հեղինակութիւն է բերում:

«Ադրբեջանը չի էլ կարող դէմ լինել Ռուսաստանի եւ Իրանի նախագահներին: Պէտք է համաձայնւէր, որ պատրաստ է հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, քանի որ Ադրբեջանի համար կարեւոր էր այդ հանդիպմանը ներկայ լինել, որովհետեւ իր դերակատարութիւնը երկու գերտէրութիւնների նախագահների մօտ մեծանում է, յատկապէս պէտք է հաշւի առնել Ադրբեջանի հետ վերջին ամիսներին տեղի ունեցածը՝ կոռուպցիոն սկանդալները, եւրոպացի չինովնիկներին կաշառելը եւ այլն»,- ասաց նա՝ նշելով, որ այդպէս Ադրբեջանը կարծես նաեւ Արեւմուտքին է պատասխանում, որ աւելի լաւ յարաբերութիւններ ունի Իրանի եւ Ռուսաստանի, քան նրանց հետ:

Միւս կողմից, ըստ Կայծ Մինասեանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուժ է ստացել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողութիւնից: Նրա խօսքով՝ փաստօրէն հիմա այդ երկաթգծի շահագործումն ու Իրանի եւ Ռուսաստանի հետ բանակցութիւնները Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարութեան շուրջ փրկեցին նրան դիւանագիտական ասպարէզում, եւ նա դարձաւ նաեւ Հարաւային Կովկասի կենտրոնը:

«Այդ խաւիարային դիւանագիտութեան սկանդալներից յետոյ դժւար է Ադրբեջանի համար ներկայանալը: Ուժ ունենալով եւ ստանալով՝ Ալիեւը շատ բան չկորցրեց, սակայն պէտք է հաշւի առնել, որ մի բան է՝ յայտարարելը, որ պատերազմ չեն ցանկանում, մէկ այլ բան է դա չանելը: Հայաստանը պէտք է այս պարագայում ճիշտ քաղաքականութիւն վարի՝ արձանագրի եւ ուսումնասիրի Թեհրանում եղած յայտարարութիւնը հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով լուծելու մասին՝ ասելով, որ այլեւս ոչ մի դիւերսիոն գործողութիւն, ոչ մի լայնամասշտաբ պատերազմ, ոչ մի նոր սադրանք չպէտք է լինի»,- նշեց նա:

Անդրադառնալով այն կարծիքներին, որ Ադրբեջանը Իրանի եւ Ռուսաստանի հետ ունեցած ձեւաչափում առանձնապէս դեր չի խաղում՝ Կայծ Մինասեանը նշեց, իրականում այդ երկիրը բոլորի հետ պատրաստ է գնալ ուղղակի զիջումների եւ ոչ թէ փոխզիջումների:

«Որովհետեւ կարիք ունի երեւալ, որպէս «լաւ աշակերտ», լաւ իշխանութիւն: Բոլոր պետութիւնների հետ յարաբերութիւններում կարող է գնալ զիջումների, բացի Հայաստանից ու հայ ժողովրդից: Իր համար հայերը կամ պէտք է վերանան, կամ էլ փախչեն: Եթէ նրանք գնան փոխզիջումների Հայաստանի առջեւ, մեծ զոհողութիւն կը լինի նրանց համար»,- ասաց նա՝ նկատելով, որ եթէ մի օր Ալիեւը յայտարարի, որ պատրաստ է խաղաղ ճանապարհով, փոխզիջումներով խնդիրը լուծել, իր համար մեծ պարտութիւն կը լինի:

Ֆրանսահայ փորձագէտի խօսքով, իհարկէ, ադրբեջանցիները ցանկանում են Հայաստանը մեկուսացնել, բայց նրա խօսքով, ո՛չ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով, ո՛չ էլ Իրան-Ադրբեջան երկաթգիծը կառուցելով իրենց նպատակին չեն հասնի:

Կայծ Մինասեանը Եւրոմիութեան հետ Հայաստանի կողմից «Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան շրջանակային համաձայնագրի» ստորագրումն այդ մեկուսացումից դուրս գալու քայլ համարեց:

«Եթէ Հայաստանը նաեւ համաձայնագիր ստորագրի Իրանի եւ Թուրքմենստանի հետ, եթէ իր յարաբերութիւնները խորացնի Իրանի հետ, ինչպէս ասաց վարչապետ Կարէն Կարապետեանը, Ադրբեջանի ցանկութիւնը չի իրականանայ: Պէտք է սպասենք»,- ասաց նա:

Նրա խօսքով՝ իհարկէ Ադրբեջանն աւելի մեծ երկիր է՝ ավւելի մեծ հնարաւորութիւններով եւ անկախութեամբ, քան Հայաստանը, բայց նրանց ցանկութիւնը չի իրականանայ:

Որպէսզի Հայաստանը չմեկուսանայ եւ մասնակից դառնայ տարածաշրջանային գործընթացներին, ըստ Կայծ Մինասեանի, ՀՀ իշխանութիւնները պէտք է զարգանան, պետութիւնը մաքուր լինի, որ աւելի «աշխոյժ տնտեսութիւն» ունենայ, որը կը ծառայի ժողովրդի ազգային շահերին եւ ոչ թէ իշխանութիւնների եւ օլիգարխների սեփական շահերին:

«Օլիգարխները պէտք է հասկանան, որ կարեւորը պետութիւնն է, ոչ թէ սեփական շահը: Եթէ ժողովուրդ չլինի երկրում, ինչպէ՞ս են իրենց ապրանքները ներքին շուկայի համար վաճառելու: Դա պէտք է յստակ լինի իշխանութիւնների համար»,- ասաց նա՝ նշելով, որ բոլոր ժամանակների ՀՀ իշխանութիւնները վարել են ոչ խելամիտ քաղաքականութիւն՝ Լեւոն Տէր-Պետրոսեանից մինչւ Սերժ Սարգսեան:

«Իսկ թէ արդեօք այսօրւայ իշխանութիւնները կարո՞ղ են աւելի խելամիտ լինել» հարցին ի պատասխան նա նշեց, որ վարչապետ Կարէն Կարապետեանն ինչ-որ առումով յոյս ներշնչում է, կարծես թէ գիտի, թէ ինչ եւ ինչպէս անել:

«Նա աւելի լաւ գիտի, թէ իբրեւ լաւ մենեջեր՝ ինչպէս աշխատել միջազգային եւ տնտեսական համակարգերի հետ: Սերժ Սարգսեանը հին ժամանակի հետ է կապւած, իր ժամանակաշրջանը վերջացած է՝ չնայած նրան, որ շատ լաւ շախմատիստ է: Նկատելի է, որ մրցակցութիւն կայ իշխանութեան մէջ: Մի կողմում Սերժ Սարգսեանն է՝ ներկայացնում է կառավարութեան կերակրող աշխարհը, բայց այսօր աշխարհը պատկանում է տնտեսական ոլորտին: Եւ միւս կողմում Կարէն Կարապետեանն է, որը մենեջեր է, որն ասում է, թէ ինչպէս պէտք է աշխատել եւ ինչ անել: Նա անուղղակի դժգոհում է Սերժ Սարգսեանից եւ իր վարչակազմից՝ արդէն մէկ տարի է ասելով, թէ ինչպէս պէտք է աշխատել, մտածել, մօտենալ խնդիրներին: Չնայած ասում են՝ Կարէն Կարապետեանը ռուսամէտ է, «Գազպրոմ»-ից է եկել, սակայն լաւ ռուսամէտ լինելը դեռ չի նշանակում, որ չի կարող լաւ աշխատել: Նա կարող ուժ է եւ գիտի, թէ ինչպէս աշխատել: Կարեւոր է, թէ ինչպեէս է Կարէն Կարապետեանը վարւում արտերկրում քաղաքական ղեկավարների հետ: Արեւմուտքը նրան աւելի լաւ է ճանաչում»,- ասաց նա:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։