Հա

Քաղաքական

Կիրակի, 05 Նոյեմբերի 2017 11:50

Հայերի նկատմամբ յանցագործութիւնների անպատժելիութեան զգացումն Ադրբեջանում վերածւում է վտանգաւոր «մշակոյթի». ԻՒՆԵԱԿՕ-ում ՀՀ պատւիրակութիւն

ԻՒՆԵՍԿՕ-ի Գլխաւոր կոնֆերանսի Փարիզում ընթացող 39-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատւիրակութիւնը, օգտւելով պատասխանի իրաւունքից, հանդէս է եկել յայտարարութեամբ՝ արձագանքելով Ադրբեջանի պատւիրակութեան ելոյթին։

«alikonline.ir»- ԻՒՆԵՍԿՕ-ի Գլխաւոր կոնֆերանսի Փարիզում ընթացող 39-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատւիրակութիւնը, օգտւելով պատասխանի իրաւունքից, հանդէս է եկել յայտարարութեամբ՝ արձագանքելով Ադրբեջանի պատւիրակութեան ելոյթին։ Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից։

Յայտարարութիւնում, մասնաւորապէս, ասւած է․

«Ադրբեջանի ելոյթը հերթական փորձն է աղաւաղել իրականութիւնը եւ մոլորութեան մէջ գցել ներկաներին։

Իրական ագրեսորը հէնց Ադրբեջանն է, որը իրագործեց Բաքւի եւ Սումգայիթի հայկական բնակչութեան ջարդերը, այնուհետեւ՝ լայնածաւալ պատերազմ նախաձեռնեց Արցախի ժողովրդի դէմ՝ ի պատասխան ինքնորոշման իրաւունքի իրագործման խաղաղ կոչերի։

Ադրբեջանը շարունակում է խեղաթիւրել ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի համապատասխան բանաձեւերի դրոյթները։ Իրականում, բանաձեւերից ոչ մէկում Հայաստանը չի նշւում որպէս հակամարտող կողմ։ Միւս կողմից, առանց նախապայմանների ռազմական գործողութիւնները դադարեցնելու հիմնական պահանջը չի կատարւում հէնց Ադրբեջանի կողմից։

Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնները վարում են քրիստոնեաների, մահմեդականների եւ այլ կրօնների մշակութային ժառանգութեան պահպանութեան քաղաքականութիւն, առաց որեւէ խտրականութեան։ Արցախում վերականգնւում են նաեւ պատերազմական գործողութիւնների հետեւանքով վնասւած մի շարք մզկիթներ։

Պէտք է յստակ տարբերակում արւի ռազմական գործողութիւնների ժամանակ վնասւած կամ ոչնչացւած ժառանգութեան եւ Ադրբեջանում հայկական յուշարձանների՝ խաղաղ պայմաններում պետական մակարդակով իրականացւող միտումնաւոր ոչնչացման միջեւ։

Հայաստանում, որն Ադրբեջանը որակում է որպէս «մոնոէթնիկ» երկիր, ապրում են բազմաթիւ ազգային եւ կրօնական փոքրամասնութիւններ, որոնք ազատօրէն վայելում են իրենց լեզւական եւ մշակութային իրաւունքները, ինչպէս նաեւ ունեն ընտրւած ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովում։

Ադրբեջանի իշխանութիւնների հայատեացութեան պետական քաղաքականութիւնը, ինչի մասին շարունակաբար ահազանգում են այլատյացութեան հարցերով զբաղւող մասնագիտացւած միջազգային կառոյցները, ինչպէս նաեւ հայերի նկատմամբ կատարւած յանցագործութիւնների անպատժելիութեան զգացումը վերածւում է վտանգաւոր «մշակոյթի» ձեւաւորման։ Ադրբեջանի ղեկավարութեան կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի փառաբանումն ու հերոսացումը դրա հերթական տխուր ապացոյցն է»։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։