Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017 10:00

Արցախի անկախացման գործնթացն իրաւական առումով շատ աւելի անխոցելի է․ փորձագէտի խօսքով՝ սխալ է արցախեան անկախութեան գործընթացը համեմատել Կատալոնիայի հետ

«Հայեացք» վերլուծական կենտրոնի փորձագէտ, քաղաքագէտ Նարեկ Մինասեանի նկատառմամբ՝ վերջին շրջանում տարածւած է Կատալոնիայի անկախութեան եւ Լեռնային Ղարաբաղի կարգաւորման գործընթացների միջեւ զուգահեռներ տանելու միտումը, ինչը, ըստ նրա, նպատակայարմար եւ ճիշտ չէ:

«alikonline.ir» - «Հայեացք» վերլուծական կենտրոնի փորձագէտ, քաղաքագէտ Նարեկ Մինասեանի նկատառմամբ՝ վերջին շրջանում տարածւած է Կատալոնիայի անկախութեան եւ Լեռնային Ղարաբաղի կարգաւորման գործընթացների միջեւ զուգահեռներ տանելու միտումը, ինչը, ըստ նրա, նպատակայարմար եւ ճիշտ չէ:

Նա «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ, իհարկէ, ժամանակակից աշխարհում ցանկացած ինքնորոշման գործընթաց դիտարկւում է մի հարթութեան մէջ, սակայն նման բան անելը ե՛ւ տեսականօրէն, ե՛ւ պրակտիկ առումով սխալ է:

«Նոյն Արցախի անկախութիւնը դնել Կատալոնիայի անկախութեան հետ կամ Մերձդնեսպրի, կամ Հարաւային Օսեթիայի, Աբազիայի անկախացման հետ, ըստ էութեան սխալ է, որովհետեւ իւրաքանչիւր գործընթաց ունի ե՛ւ իր պատմական հենքը, ե՛ւ գործընթացի իւրայատկութիւնները: Բոլոր թւարկւած գործընթացներից, նաեւ Կոսովոյի հետ եթէ համեմատենք, Արցախի անկախացման գործնթացը իրաւական առումով շատ աւելի անխոցելի է,- ասաց նա:

Յիշեցնենք, որ Իսպանիայի դատարանը քննում է Կատալոնիայի պաշտօնանկ արւած առաջնորդ Կառլէս Պոչդեմոնին ձերբակալելու հարցը: Արեւմտեան լրատւամիջոցների հաղորդմամբ՝ դատարանը կարող է անկախութեան ձգտող առաջնորդին կալանաւորելու միջազգային օրդեր հրապարակել: Հայաստանեան փորձագիտական դաշտում կան մտահոգութիւններ, որ Իսպանիայում տեղի ունեցողը կարող է իր ազդեցութիւնն ունենալ նաեւ Արցախի հիմնահարցի կարգաւորման գործընթացի վրայ:

Շատերի կարծիքով՝ այն կարող է նաեւ ազդել ԱլԳ գագաթնաժողովի ամփոփոիչ հռչակագրի տեքստի վրայ՝ հակամարտութիւնների վերաբերեալ ձեւակերպումների հարցում: Ադրբեջանը  յատկապէս աշխատում է, որ Իսպանիայի իրադարձութիւնների ֆոնին այս օրերին տեղի է ունենալու տարածքային ամբողջականութեան սկզբունքի կողմնակիցների աննախադէպ կոնսոլիդացիա: 

Նարեկ Մինասեանի խօսքով՝ պէտք է յստակ տարբերակել՝ Արցախի անկախութեան գործընթացը, ի տարբերութիւն այլ հակամարտութիւնների, տեղի էր ունենում այն ընթացքում, երբ կար ֆիզիկական անվտանգութեան խնդիր:

«Տւեալ դէպքում, ինքնորոշումն այլընտրանք չուներ: Կատալոնիայի հանրաքւէի դէպքում քաղաքական մոտիւացիաները շատ տարբեր են»,- նկատեց նա:

Դիտարկմանը՝ արդեօք Եւրոմիութեան երկրներում տարբերակում արւո՞ւմ է հիմնախնդիրների միջեւ, Նարեկ Մինասեանը պատասխանեց,  որ իրականում այնտեղ ղարաբաղեան հիմնախնդրի մասին իրազեկւածութեան մակարդակն այնքան էլ բարձր չէ: «Սովորաբար տարբեր անկախացման գործընթացներ, ինքնորոշման շարժումներ դիտարկում են նույն հարթութեան մէջ, ինչը շատ սխալ է, եւ մենք բաւականին շատ անելիքներ ունենք, որպէսզի ներկայացնենք, որ դրանք տարբեր հարթութիւններում գտնւող գործընթացներ են»,- ասաց նա:

Որպէս օրինակ նա նշեց, որ ի դէմս Ադրբեջանի` շատ շահագրգիռ ուժեր  փորձում են շահարկել Կատալոնիայում տեղի ունեցողը տարբեր միջազգային կառոյցներում: «Մասնաւորապէս ԱլԳ շրջանակներում փորձում են նույնացնել Մոլդովայի, Ուկրայինայի, Վրաստանի հակամարտութիւնները ղարաբաղեան հակամարտութեան հետ, եւ փորձում են ամրագրել տարածքային ամբողջականութեան վերաբերեալ կէտի  դերակատարումը՝ դա կը լինի փաստաթղթերի, հռչակագրերի, թէ այլ տեսքով»:

Նարեկ Մինասեանը նկատեց, որ  մենք պէտք է մեր աշխատանքի շնորհիւ այնպէս անենք, որ ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերաբերեալ թիւր կարծիքներ չձեւաւորւեն:

Հարցին, թէ իր տպաւորութիւնն ինչպիսին է՝ արդեօ՞ք իրականում Կատալոնիայի գործընթացն ազդեցութիւն կունենայ ԱլԳ գագաթնաժողովում փաստաթղթեր ընդունելիս, Նարեկ Մինասեանը պատասխանեց, որ իհարկէ, այն Եւրոպայի այլ գործընթացների վրայ, իր կնիքը թողնելու է, սակայն հաշւի առնելով, որ Իսպանիայի ճնշման հետեւանքով աւելի է բացւում «պանդորայի արկղը», կատալոնական գործընթացներում դեռեւս նոր զարգացումները են սպասւում, դեռ ենթադրութիւններ անելը վաղ է։

Նարեկ Մինասեանի խօսով՝ ինքը վստահ է, որ հայկական կողմն աշխատում է նաեւ ԱլԳ-ում կազմւող ամփոփոիչ հռչակագրում հակամարտութիւններին վերաբերող այլ միջազգային սկզբունքների ամրագրման ուղղութեամբ:

«Յուսով եմ, որ այդ աշխատանքներն իրենց արդիւնքը կը տան, հակառակ դէպքում, համաժողովի «success story»-ին («Յաջողութեան պատմութիւն») չի լինի»,- նշեց նա:

Նա նաեւ նկատեց, որ իրականում ԱլԳ գաագթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը իրաւական ուժ էլ չունի: «Անգամ եթէ հայկական կողմի ջանքերը յաջողութիւն չարձանագրեն, կայ չստորագրելու տարբերակը: Հետեւաբար ասելը, որ պէտք է բոյկոտել, չգնալ, սխալ է»,- ասաց նա:

Փորձագէտի խօսքով՝ ընդհանուր առմամբ էլ կատլոնական գործընթացները չեն ազդի ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վրայ: Նա նկատեց, որ հիմնախնդիրը կարգաւորելու համար ընտրւած է իւրայատուկ ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Գոնէ այդ ֆորմատում հայկական լաբբին կարողացել է հասցնել համանախագահող երկրներին, որ ղարաբաղեան հակամարտութիւնը նմանութիւն չունի այլ հակամարտութիւնների հետ: Միջնորդ երկրները հասկացել են, որ ղարաբաղեան հակամարտութիւնը չունի նմանութիւն այլ հակամարտութիւնների հետ»,- ասաց նա: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։