Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 09:50

Էդւարդ Շարմազանով. «Արցախ այցելած բոլոր մարդիկ հասկացել են, որ Արցախի պայքարը ոչ թէ Ադրբեջանի դէմ է, այլ յանուն ազատութեան եւ անկախութեան»

Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների Ազգային ժողովների միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը յայտարարեց, որ Արցախեան խնդիրն առնչութիւն չունի ո՛չ կատալոնական, ո՛չ Ղրիմի, ոչ էլ Հարաւային Օսիայի խնդիրների հետ: 

«alikonline.ir» - Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների Ազգային ժողովների միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը յայտարարեց, որ Արցախեան խնդիրն առնչութիւն չունի ո՛չ կատալոնական, ո՛չ Ղրիմի, ոչ էլ Հարաւային Օսիայի խնդիրների հետ: Գրում է «tert.am»-ը:

«Սա լրիւ այլ խնդիր է: Հայկական կողմը պէտք է կարողանայ բոլոր հարթակներում հասկացնել, որ Արցախի Հանրապետութիւնը ԽՍՀՄ-ից անջատւել է նոյն այն օրէնսդրական նորմերով, ինչ 15 միութենական Հանրապետութիւնները: Եթէ ոմանք կարծում են, որ Արցախի անկախութիւնն օրինական չէ, ուրեմն օրինական չէ նաեւ ո՛չ Լատւիայի, ո՛չ Լիտւայի, ո՛չ Էստոնիայի անկախութիւնները: Ինչո՞ւ եմ այս երեք երկրների օրինակը բերում, որովհետեւ նախ նրանք ԵՄ անդամներ են եւ յետոյ նրանք ԽՍՀՄ-ից անօրինական են անջատւել»,- ասաց ՀՀ ԱԺ փոխխօսնակը:

Էդւարդ Շարմազանովը նշեց, որ Արցախը համարւում է տարածաշրջանային ժողովրդավարութեան օազիսներից մէկը եւ դրա լաւագոյն ցուցիչն է Արցախում անցկացւած սահմանադրական բարեփոխումները, այլընտրանքային ընտրութիւնների առկայութիւնը, ՏԻՄ-երի կայացւածութիւնը եւ ակտիւ քաղհասարակութեան առկայութիւնը:

«Արցախի եւ Ադրբեջանի քաղաքական, արժէքային իրավիճակները լրիւ անհամեմատելի են: Եթէ Ադրբեջանում գնում են դէպի խորը տոտալիտարիզմ, ապա Արցախում գնում են դէպի ժողովրդավարութիւն: Մենք պէտք է աշխատանք տանենք, որպէսզի հնարաւորինս շատ արտասահմանցի գործընկերներ այցելեն Արցախ: Բոլոր այն գործընկերները, որ այցելել են Արցախ եւ հանդիպել արցախցի ժողովրդի, քաղաքական ուժերի հետ, հիացած վերադարձել են իրենց երկրներ: Մարդիկ հասկացել են, որ Արցախում կայ 150 հազար ազատութեան մարտիկ»,- ասաց ՀՀ ԱԺ փոխխօսնակը եւ յաւելեց, թէ այդ մարդիկ հասկացել են, որ Արցախի պայքարը ոչ թէ Ադրբեջանի դէմ է, այլ յանուն ազատութեան եւ անկախութեան:

«Մենք բոլորս մի բռունցք ենք, եւ Արցախի հարցն այն հարցն է, որտեղ ՀՀ ազգային ժողովում կուսակցական պատկանելութիւնն առաջնային չէ: Մեր բոլոր կուսակցական գործընկերները՝ անկախ իրենց կուսակցական պատկանելութիւնից, Արցախի հարցում ունեն նման դիրքորոշում: Արցախի անկախութեանն այլընտրանք չկայ, դուխով, հաւեսով, միասին»,- ելոյթը եզրափակեց Էդւարդ Շարմազանովը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։