Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 12:10

Արցախի մասին միֆերի թոփ-հնգեակ. յայտնի զբօսաշրջիկները բացայայտել են ճշմարտութիւնը

Միջազգային մամուլում Արցախը յաճախ յիշատակւում է Ադրբեջանի հետ հակամարտութեան համատեքստում։ Այդ պատճառով Արցախի հետ կապւած ոչ այնքան ճշգրիտ պատկերացումներ են կազմւել։

«alikonline.ir» - Միջազգային մամուլում Արցախը յաճախ յիշատակւում է Ադրբեջանի հետ հակամարտութեան համատեքստում։ Այդ պատճառով Արցախի հետ կապւած ոչ այնքան ճշգրիտ պատկերացումներ են կազմւել։

Քանի որ որոշ ԶԼՄ-ները փորձում են վարկաբեկել Արցախի համբաւը, որն առանց այդ էլ տուժել է պատերազմի պատճառով, «Sputnik»Արմենիան որոշել է բացայայտել միֆերն ու սպառիչ պատասխան տալ զբօսաշրջիկների համար ամենակարեւոր հարցերին։

 

«Սահմանին անձնագրի մէջ կնիք է դրւում»

Արցախ կարելի է մտնել միայն Հայաստանի կողմից։ Արդեօ՞ք մուտքի ժամանակ անձնագրում կնիք է դրւում։  Այդ հարցը շատ զբօսաշրջիկների է յուզում։ Քանի որ այդ կնիքը ոչ միայն բարդացնում է մուտքն Ադրբեջան, այլ նաեւ կարող է մի շարք խնդիրներ առաջացնել։ Յայտնի է, որ Ադրբեջանն իր «սեւ ցուցակ»-ի մէջ է ներառում անձանց, որոնք առանց իր համաձայնութեան հատում են Արցախի սահմանը։

Ի դէպ, ի նշան բողոքի Ադրբեջանի քաղաքականութեան դէմ, այս տարւայ գարնանը Արցախ ուղեւորւեց մի շարք յայտնի լրագրողների ու բլոգերների խումբ Ռուսաստանից, Իսրայէլից, Մեծ Բրիտանիայից, Լատւիայից, Լիտւայից, Իտալիայից ու այլ երկրներից։ Նրանց շարքում էին Սերգէյ Նովիկովը, Անտոն Մերկուրովը, Սւետլանա Բոլշեւիկովան ու հանգուցեալ Անտոն Նոսիկը։

Այս հանգամանքների հետ կապւած՝ Արցախի իշխանութիւնները, որոնք զարգացնում են զբօսաշրջութիւնը, չեն պարտադրում վիզան ոչ հայ, ոչ օտարերկրեայ զբօսաշրջիկներին։

Ինչպէս «Sputnik» Արմենիայի թղթակցին յայտնեցին Արցախի զբօսաշրջութեան վարչութիւնում, երկրի իւրաքանչիւր հիւր կարող է ինքն ընտրել՝ ստանալ կնիքը անձնագրի թէ թերթիկի վրայ, որը տրւում է ըստ զբօսաշրջիկի ցանկութեան։

 

«Արցախում գտնւելն անվտանգ չէ»

Արցախի ու Ադրբեջանի միջեւ հաշտութիւնը կնքւել է 1994 թւականի մայիսի 5-ին։ Չնայած դրան, շփման գծում հրադադարի ռեժիմի խախտում յաճախ է լինում։ 2016 թւականին հարեւան երկրի կողմից իրականացւող ինտենսիւ ռազմական գործողութիւնների հետեւանքով նոյնիսկ զինւած բախումներ եղան, որոնք չորս օր տեւեցին։ Սակայն կրակոցները հնչում են բացառապէս սահմանամերձ գօտիներում։ Մնացած վայրերում ամէն ինչ շատ խաղաղ ու հանգիստ է։

Սակայն անվտանգութեան մասին աւելի լաւ է խօսել օտար, այսինքն՝ նետրալ աղբիւրների միջոցով։

Լատւիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը, որը բազմիցս եղել է Արցախում, յայտնում է, որ ճանապարհորդելն այնտեղ «բոլորովին անվտանգ է»։

«Այս տարւայ մարտին առաջին անգամ եղայ Արցախում։ Այդ վայրերն այնպիսի կախւածութիւն են առաջացնում, որ կէս տարի անց գործընկերներիս հետ վերադարձանք՝ այդ զարմանալի երկրի մասին ֆիլմ նկարահանելու․․․ Ի դէպ, պէտք է նշել, որ ճանապարհորդութիւնը դէպի Արցախ բացառապէս անվտանգ են։ Ոչ մի զբօսաշրջիկ չի տուժել։ Եթէ դուք մտածում էք, որ ինչ-որ բան գիտէք հիւրընկալութեան մասից, ապա դուք պարզապէս չէք եղել Արցախում․․․»,- նշում է բլոգերը։

Ճանապարհորդ Մարգարիտա Տուրչանինովան, որն այս տարի է Արցախ այցելել, երկրի մասին իր կարծիքը հարց-պատասխանի ձեւով է ներկայացնում․

«Արժէ արդեօ՞ք Արցախ այցելել։ Անտարակոյս, այո՛։ Գեղեցիկ բնութիւն, հիանալի մարդիկ, հարուստ պատմութիւն։

Անվտանգ է արդեօ՞ք Արցախը կանանց համար։ Անտարակոյս, այո՛։ Հասարակ ու ընկերասէր մարդիկ են։ Խնդրանքդ ոչ ոք անպատասխան չի թողնի»։

Արցախեան ճանապարհորդութեան անվտանգութեան հարցին անդրադարձել են նաեւ հեղինակաւոր ամերիկեան «The New York Times» պարբերականը։ Յօդւածներից մէկում ասւում է, որ ընդհանուր առմամբ, Արցախն անվտանգ է զբօսաշրջիկների համար։

 

«Արցախցիներն ագրեսիւ ազգ են»

Համացանցում շատ է գործածւում այն միտքը, իբր արցախցիներն ագրեսիւ են ու ոչ ընկերասէր։ Նման պնդումը երկու կողմերին էլ շահաւէտ է։ Իսկ մենք այդ հարցին բլոգեր Ստանիսլաւ Գորբունովի խօսքերով պատասխանենք.

«Ես նոր եմ վերադարձել մէկ շաբաթանոց ճանապարհորդութիւնից Հայաստանում ու Արցախում։ Տպաւորութիւնները նոր են, այդ վայրերն ինձ համար իսկական բացայայտում էին։ Բայց գիտէք, ամենից աւելի տպաւորւած եմ ոչ թէ բնական տեսարժան վայրերով, հին պատմութեամբ կամ լեռնային վանքերի զարմանալի գեղեցկութեամբ, այլ այդ տարածաշրջանի ամենակարեւոր արժէքն այնտեղի մարդիկ են։ Ես ապշած էի նրանց հիւրընկալութիւնից, բարեհամբոյրութիւնից ու անկեղծութիւնից»։

Նոյն Մարգարիտա Տուրչինովան նշում է, որ Արցախը բաց է մարդկանց համար։

«Արցախի Հանրապետութիւնը բաց է այն մարդկանց համար, որոնք յարգում են ուրիշներին, հաւատում են իրենք իրենց ու յարգալից են վերաբերւում այլ մարդկանց ու պատմութեանը»,- պատմում է նա։

 

Արցախը ․․․

Իրականում, Արցախը վերջին երկու տասնամեակների ընթացքում կայուն զարգացում է ցուցադրում ամենատարբեր ոլորտներում։

Փայտի թանկարժէք տեսակները թոյլ են տւել փայտամշակման արդիւնաբերութիւն ստեղծել։ 2010 թւականից մասնաւոր միջոցներով սկսել է զարգանալ կենսաէներգետիկ ոլորտը՝ «Կենսատեխնոլոգիա» ընկերութեան գործունեութեան շնորհիւ։ Բացի այդ, վեց-եօթ տարւայ ընթացքում երկիրը մտադիր է տարեկան 15-20 տոննա ձկնկիթ արտադրել։

 

«Արցախում բացակայում են զբօսաշրջութեան ոլորտի ենթակառուցւածքները»

Զբօսաշրջութեանն առանձնայատուկ ուշադրութիւն են դարձնում․բացւում են հիւրանոցներ ու ռեստորաններ, վերականգնւում են վանքերը։ Ինչպէս մի անգամ նշեց յայտնի բլոգեր Սերգէյ Նովիկովը, որոշ ժամանակ առաջ դատարկ Դադիվանքում տասնեակ ուխտագնացները սովորական են դարձել։

Վերջին տասնամեակի ընթացքում օտարերկրեայ զբօսաշրջիկների թիւը չորս անգամ աւելացել է՝ 2016 թւականին հասնելով 15 հազարի, իսկ 2017 թւականի առաջին կիսամեակում արձանագրւել է օտարերկրեայ զբօսաշրջիկների 46% աճ՝ անցած տարւայ համեմատ։

Յայտնի բլոգեր Անտոն Նոսիկը Արցախի մայրաքաղաքի մասին գրել է․«Ես Ստեփանակերտն աւելի շատ եմ հաւանել, քան Երեւանն ու Թբիլիսին․ամէն ինչ այնքան գեղեցիկ է, խնամւած, չես ասի, որ քաղաքն այդպիսի մեկուսացման մէջ է զարգանում»։ 

Արցախում հիւրանոցային ու ռեստորանային գործի զարգացւածութեան մասին իմանալու համար բաւական է «Google»-ին «հարցնել»։ Հաւատացէք, ընտրութիւնն, իսկապէս, մեծ կը լինի։ Իհարկէ, այնտեղ հինգաստղանի հիւրանոցներ չկան, սակայն կան բազում հաստատութիւններ, որոնք ծառայութիւնների լայն շրջան են առաջարկում։

Ապրելու պայմանների հարմարաւետութեան մասին Տուրչինովան գրում է․«Ես հինգաստղանի հարմարաւէտութիւն եմ սիրում, ու ինձ համար այնտեղ շատ, շատ հարմարաւէտ էր։ Ոչ, մենք հինգաստղանի հիւրանոցներում չէին ապրում, բայց ամենուր մաքուր էր, համեղ ու մի տեսակ բարի։ Ընդհանրապէս, Հայաստանում ու Արցախում մաքուր էր։ Ես չեմ սիրում, երբ կեղտոտ է լինում»։

Պաշտօնական տւեալների համաձայն՝ այսօր երկրում գրեթէ յիսուն հիւրանոցային հաստատութիւն կայ ու մի քանի տասնեակ զբօսաշրջային վայր։ Բացի այդ՝ իշխանութիւններն աշխատում են զբօսաշրջային ապրանքի զանազանման ուղղութեամբ՝ հիւրերին առաջարկելով ոչ միայն ճանաչողական արշաւներ, այլ նաեւ տարբեր ժամանցային միջոցառումներ։

Այդ համատեքստում շատ տեղին է «Politrus» փորձագիտական-վերլուծական կայքի հրապարակումից մի հատւած․«Արցախի անւանում են Կովկասեան Շւէյցարիա։ Լեռնային ռելիեֆն անկրկնելի ու զարմանալի բնութիւն է կանխորոշում․ զառիթափ  անտառոտ լեռնաշղթաներ՝ խորը ձորերով ու լեռնային աղմկոտ գէտերի կիրճերով, ալպիական մարգագէտիններ, առեղծւածային քարայրներ ու քարանձաւներ, գեղատեսիլ լճեր։ Ու լեռներ՝ անկրկնելի, ֆանտաստիկ, դիւթիչ, անվերջ ու զանազան․․․ Արցախում էքսկուրսիոն երթուղիների համար հիանալի հնարաւորութիւններ կան՝ դա հին տարածաշրջան է՝ հարուստ մշակութային ժառանգութեամբ, որտեղ մեծ քանակութեամբ ճարտարապետական, հնագիտական ու պատմական տեսարժան վայրեր են կենտրոնացած»։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։