Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 13:40

«The Calvert Journal». «Հայաստանի մոդեռնիստական գլուխգործոցը»

Հեղինակաւոր «The Calvert Journal» ամսագիրը, որը մասնագիտացած է Արեւելեան Եւրոպայի, Ռուսաստանի եւ Միջին Ասիայի մշակութային եւ պատմական ժառանգութեան նմուշների լուսաբանման մէջ, իր հերթական յօդւածում անդրադարձել է Սեւանի գրողների միութեան տանը, շէնքի պատմութեանը, ներկայիս վիճակին ու ճակատագրին։ 

«alikonline.ir» - Հեղինակաւոր «The Calvert Journal» ամսագիրը, որը մասնագիտացած է Արեւելեան Եւրոպայի, Ռուսաստանի եւ Միջին Ասիայի մշակութային եւ պատմական ժառանգութեան նմուշների լուսաբանման մէջ, իր հերթական յօդւածում անդրադարձել է Սեւանի գրողների միութեան տանը, շէնքի պատմութեանը, ներկայիս վիճակին ու ճակատագրին։ Գրում է «panorama.am»-ը:

Հեղինակ Օուէն Հաթերլէյը նախ վկայակոչում է մեծանուն ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի եւ նրա տինկնոջ յուշերը շինութեան եւ դրա շուրջ ներդաշնակ բնութեան գեղեցկութեան մասին։ Յիշատակւում է Վասիլի Գրոսմանի ու ֆրանսիացի գրող Սիմոնա դը Բովուարի աւելի ուշ արւած նոթերն ու տպաւորութիւնները։

Նշւում է, թէ վայրը, որտեղ ներկայումս գտնւում է գրողների հանգստեան տունը, ժամանակին եղել է կղզի` շրջապատւած Սեւանայ լճի ջրերով, այնուհետ ջրային զանգւածի սակաւութեան պատճառով, վերածւել է թերակղզու։ Թերակղզու բլրի վրայ է տեղակայւած 19-րդ դարի վանք` կառուցւած նոյն ժայռաքարերից, որոնցով շրջապատւած է տարածքը։ Չնայած բարդ տեղանքին, 1932 թւականին ճարտարապետներ Գէորգ Քոչարն ու Միքայէլ Մազմանեանը որոշում են նախագծել գրողների հանգստի տունը, տեղանքին համահունչ լուծումներ հաղորդելով շինութեանը։

Շէնքը կառուցւած է խորհրդային մոդեռնիզմի ոճով եւ ժամանակին արժանացել է խորհրդային աւանգարդ ճարտարապետական դպրոցի ներկայացուցիչների դիմադրութեանը, ովքեր հեղինակներին մեղադրում են ընդունւած ճարտարապետական նորմերն աղաւաղելու մէջ։

1937 թւականին, երբ գրողների հանգստեան տունն արդէն ընդունում էր իր առաջին հիւրերին, Քոչարն ու Մազմանեանը ձերբակալւում ու աքսորւում են Նորիլսկ, որտեղից վերադառնում են միայն 15 տարի անց, Ստալինի մահից յետոյ։

Հեղինակը շարունակում է, թէ գրողների շինութեան պատմութեան յաջորդ շրջափուլը սկսւում է 60-ականներին, երբ Քոչարը աքսորից վերադառնալուն պէս սկսում է շէնքի նոր մասնաշէնքի նախագծումը։ Ուշ աւանգարդի լեզւամտածողութեամբ նախագծւած այս հատւածը համալրում է շէնքը եւս մէկ տեռասայով` ճաշարանային շինութեամբ, որի շրջանաձեւ հատւածը կառուցւում է մէկ սեան վրայ, ներդաշնակօրէն փոխկապակցւելով թէ՛ հին շինութեանը, թէ միջավայրի հետ։ Բազմելով ափի ժայռաբեկորներին ու կախւելով լճի վրայ, մասնաշէնքը հիանալի տեսարան է բացում դէպի Սեւանա լիճ։

60-ականներից սկսած, շինութիւնը դառնում է Խրիւշովեան դարաշրջանի մոդեռնիզիմի խորհրդանիշ, լուսանկարները տիրաժաւորւում են ողջ միութեան կազմով, ընդգծելու յատկապէս այն հանգամանքը, որ դրա հեղինակները ստալինեան ռեպրեսիաների զոհեր են եղել, ովքեր աքսորից վերադառնալուց յետոյ աւարտին են հասցրել շինութիւնը։

Նշւում է, թէ շինութիւնը մինչ օրս պատկանում է գրողների միութեանը, սակայն գտնւում է ոչ բարւոք վիճակում, խամրած է, յատկապէս, մերձակայքում նորակառոյց հանգստեան տների ֆոնին։ Այնուհանդերձ, այն շարունակում է մինչեւ օրս գերել զբօսաշրջիներին։

«Այն մնում է սովետական յաջողւած ուտոպիստական նախագծերից մէկը, շքեղ չէ, սակայն իր ճարտարապետական լուծումներով, շրջակայ միջավայրին ներդաշնակութեամբ եւ դրանից բացւող տեսարանով դրախտային տեսք է ստանում»,- գրում է յօդւածագիրը։

Պարբերականը վերջում անդրադառնում է «Getty»-ի հիմնադրամի (Getty Foundation) շինութեան վերաբերեալ մեթոդական եւ գիտական վերլուծութեան իրականցնելու նախաձեռնութեանը, որը ղեկավարւելու է արւեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբէն Արեւշատեանի կողմից։

Պարբերականի հետ զրոյցում ճարտարապետ Սարհատ Պետրոսեանը նշել է, թէ շինութեան արդիականացումը պէտք է արդարացւած լինի ու միտւած լինի երկարաժամկէտ շահագործմանը, որպէսզի հետագայում այն կրկին մոռացութեան չմատնւի։ Շինութեան կենտրոնում նախատեսւած է կոնֆերանս դահլիճ եւ ռեստորան։

«Մինչ այս ծրագիրը կիրագործւի, այցելէք Սեւան, կը տեսնէք իւրօինակ մի երեւոյթ` էժան հիւրատուն, բազմած բլրին ու Սեւանայ լճին նայող, ներսում` ժամանակակից պատկերասրահ, սովետական ողբերգութեան ու ձեռքբերումների մի գործող թանգարան»,- եզրափակում է հեղինակը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։