Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017 09:10

Ստեփան Գրիգորեան. «ՀՀ-ն երբեք էլ չի հրաժարւել Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնները կեանքի կոչելու մտքից, հիմա պարզապէս տակտիկական պայքար է գնում»

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութեան վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորեանի խօսքով՝ Հայաստանը երբեք էլ չի հրաժարւել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնները կեանքի կոչելու մտքից: 

«alikonline.ir» - Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութեան վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորեանի խօսքով՝ Հայաստանը երբեք էլ չի հրաժարւել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնները կեանքի կոչելու մտքից:

Նա «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ չի կարծում, որ դրանք երբեւէ դուրս էին եկել օրակարգից:

Անդրադառնալով նրան, որ հայկական լրատւականներում քննարկւում է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւններից յետ կանգնած հայաստանեան իշխանութիւնները կրկին ակտիւացրել են դրա մասին խօսակցութիւնները՝ Ստեփան Գրիգորեանը նշեց, որ ինքը նման տպաւորութիւն չի ստանում: Իսկ նման բան հաւաստող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւններին, ըստ նրա, չպէտք է հաւատալ:

«Ալիեւը շատ բան է յայտարարում: Իր յայտարարածը ես չեմ ընդունում որպէս վերջնական ճշմարտութիւն: Բացի այդ՝ Հայաստանի ուզելով չէ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւններից յետ կանգնելը: Այդ պայմանաւորւածութիւնները ձեռք են բերւել հէնց Մինսկի խմբի նախաձեռնութեամբ, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնւել են հանդիպել: Այդ պայմանաւորւածութիւններով խօսւում է այն մասին, որ շփման գծում պէտք է վերահսկման մեխանիզմներ դնել: Մենք շատ լաւ գիտենք, որ այդ պայմանաւորւածութիւններից յետ է կանգնում Ադրբեջանը: Իսկ այն յայտարարութիւնները, որ արւում են Ադրբեջանից, մեզ համար արդէն չպէտք է հիմք լինեն: Հիմքն այն է, որ այդ պայմանաւորւածութիւնները ձեռք են բերւել երկրների արտգործնախարարների, համանախագահների ներկայութեամբ»,- ասաց նա:

Ստեփան Գրիգորեանի խօսքով՝ պաշտօնական Երեւանը երբեք էլ յետ չի կանգնի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւններից, իսկ հիմա պարզապէս տակտիկական պայքար է գնում. Բաքւում ապատեղեկատւութիւն է տարածւում, փորձում են ապակողմնորոշել իրենց հասարակութեանը:

«Պարզ է, որ իրենք յայտարարութիւններ կանեն, ուրիշները կանեն, բայց դու պէտք է քո գիծն առաջ տանես: Ես ինչքան նկատում եմ՝ մինչեւ այսօր պաշտօնական Երեւանի դիրքորոշումը շատ յստակ է՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնները պէտք է իրագործւեն»,- ասաց նա։

Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնների կեանքի կոչելը հիմնականում, ըստ քաղաքագէտի, պայմանաւորւած է Ադրբեջանի քաղաքականութիւնից:

«Նրանք ցանկանում են, որ բանակցութիւններն իրենց համար ցանկալի ձեւով ընթանան: Վերջին հանդիպումներն էլ դրա մասին են խօսում. ի վերջոյ հանդիպումներ եղան, բայց Ադրբեջանը ցանկանում է իր ձեռքը վերցնել բանակցութիւնները, իր սկզբունքով առաջ տանել։ Նախապայման է դնում, որ Հայաստանը տարածքներ նրան տայ, իսկ մեր ուզածը վստահութեան մեխանիզմների ներդրումն է, եւ բանակցութիւնների վերսկսումը: Այստեղ է, որ հակասութիւններ սրւում են»,- ասաց նա:

Հայաստանի դիրքորոշումը, Ստեփան Գրիգորեանի պնդմամբ, միջազգային հանրութեան համար ընկալելի է, սակայն հարց է առաջանում, թէ երբ պէտք է ռէալ բանակցութիւնները կը վերսկսւեն եւ կիրագործւեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնները:

Յիշատակենք, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելութեան ժամանակաւոր ղեկավար Հարրի Քամիանը կոչ է արել կողմերին իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռքբերւած պայմանաւորւածութիւնները:

«Կողմերը պայմանաւորւել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի մանդատը, որը, յուսով ենք, կարտացոլւի ԵԱՀԿ 2018 թւականի բիւջէում: ԱՄՆ նաեւ կոչ է անում կողմերին աշխատել ԵԱՀԿ հետաքննութիւնների մեխանիզմների ստեղծման առաջարկների շուրջ»,- ասել է նա:

Այս առիթով Ստեփան Գրիգորեանը դրական համարեց, որ ԵԱՀԿ-ում նորից յիշատակւում են պայմանաւորւածութիւնը: Ըստ նրա՝ դա նշանակում է, որ դրանց նկատմամբ ուշադրութիւնը չի մարում:

«Նրանք ուշադրութեամբ հետեւում են զարգացումներին: Դա պէտք է հասկանալ եւ գնահատել: ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների ներկայացուցիչների յայտարարութեան մէջ ես չեմ տեսնում շեղում Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանաւորւածութիւններից։ Ես չեմ տեսնում, որ նրանք յետ են կանգնել այդ պայմանաւորւածութիւնները կատարելու մտքից: Նշանակում է, որ մենք էլ պէտք է պնդենք դրա իրականացումը»,- ասաց նա։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։