Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2017 10:30

«Ժամանակ». «Մոսկովեան կանգառ եւրոպական երթից առաջ. Պուտինը սկզբունքային է»

Քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում կարծիք են յայտնում, որ Սարգսեանի մոսկովեան այցն իրականում կապւած է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի հետ, որի ստորագրումը նախատեսւում է նոյեմբերի 24-ին` Բրիւսէլում կայանալիք Արեւելեան գործընկերութեան գագաթնաժողովի շրջանակներում:

«alikonline.ir» - «Ժամանակ» թերթն իր նոյեմբերի 15-ի համարում գրում է. «Սերժ Սարգսեանը վաղն աշխատանքային այցով մեկնում է Մոսկւա: Այցի պաշտօնական առիթը Տրետեակովեան պատկերասրահում «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտօնական բացման հանդիսաւոր արարողութիւնն է, որին մասնակցելու են Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները: Սպասւում է նաեւ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսեանի հանդիպումը: «Ռազմավարական գործընկեր երկու պետութիւնների ղեկավարները բանակցութիւնների ընթացքում կը քննարկեն հայ-ռուսական յարաբերութիւնների օրակարգը եւ երկկողմ միջպետական կապերի հետագայ ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կը լինի նաեւ Եւրասիական տնտեսական միութեան շրջանակներում համագործակցութեանը եւ տարածաշրջանային արդի խնդիրներին»,- ասւած է Հայաստանի նախագահի մամուլի ծառայութեան հաղորդագրութիւնում:

Քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում կարծիք են յայտնում, որ Սարգսեանի մոսկովեան այցն իրականում կապւած է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի հետ, որի ստորագրումը նախատեսւում է նոյեմբերի 24-ին` Բրիւսէլում կայանալիք Արեւելեան գործընկերութեան գագաթնաժողովի շրջանակներում:

Իհարկէ, հեռու ենք այն պարզունակ մտքից, որ կարող է կրկնւել 2013-ի նախադէպը, երբ Մոսկւան «կացնային» տարբերակով չեղարկեց Հայաստանի եւրոինտեգրման գործընթացը` Հայաստանին պարտադրելով անդամակցութիւն Մաքսային միութեանը: Հիմա վիճակն արմատապէս տարբեր է ու դրա վկայութիւնը թերեւս այն է, որ Երեւանն ու Բրիւսէլն արդէն նախաստորագրել են փաստաթուղթը, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Մոսկւայի գիտութեան: Այսօրւայ հիմնական առանձնայատկութիւնն այն է, որ Հայաստանի ու Եւրոմիութեան միջեւ համագործակցութիւնը լոկալ դրսեւորում ունի եւ չի տեղաւորւում, այսպէս կոչւած, մեծ փաթեթի մէջ` ինչպէս 2013 թւականին էր, երբ Հայաստանը, ըստ էութեան, դարձաւ Կրեմլի հակաուկրայինական ագրեսիայի առաջին թիրախը, այլ խօսքով` ճնշելով Սերժ Սարգսեանին, Մոսկւան առաւելապէս նպատակ ունէր վախեցնել Ուկրայինայի նախագահ Վիկտոր Եանուկովիչի աչքը:

 Բացի այդ, հիմա Հայաստանը ԵԱՏՄ անդամ է ու, անկախ այն հանգամանքից, որ շրջանակային համաձայնագիրը խիստ կարեւոր է Հայաստանի համար` այն չի ենթադրում Հայաստանի ապագայ անդամակցութիւն Եւրոմիութեանը: Աւելին, Մոսկւայում թերեւս վստահ են, որ Հայաստան-Եւրոմիութիւն համաձայնագիրը բովանդակային հարթութեան վրայ Հայաստանում չի իրագործւի` այսպիսով անսասան պահելով քրէաօլիգարխիայի իշխանութիւնը, ինչը ռուսական ազդեցութեան կարեւոր երաշխիք է:

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանը չի խոչընդոտելու Հայաստան-Եւրոմիութիւն համաձայնագրի ստորագրմանն ու այս անգամ, կարծես թէ, գործընթացի հիմնական ռիսկերը պայմանաւորւած չեն ռուսական գործօնով: Սրանով հանդերձ` Պուտինի համար խիստ սկզբունքային է, որ Բրիւսէլ տանող Սերժ Սարգսեանի ճանապարհն անցնի Մոսկւայով: Պուտինի համար խիստ էական է Բրիւսէլին հասկացնել, որ Հայաստանի անգամ եւրոպական քաղաքականութիւնը, ձգտումները վերահսկւում, ուղղորդւում են Մոսկւայի կողմից:

Իհարկէ, այս համատեքստը էապէս նւազեցնում է Հայաստանի սուբեկտութիւնը` նոյնիսկ Բրիւսէլին յուշելով Հայաստանի հետ կապւած հարցերում առաջնային համարել Մոսկւայի կարծիքը: Սակայն սա է այսօրւայ իրականութիւնը եւ պատահական չէ, որ Հայաստանի իշխանութեան ներկայացուցիչները հետեւողականօրէն պնդում են, որ պէտք չէ եւրոինտեգրումը հակադրել հայ-ռուսական յարաբերութիւններին, այլ խօսքով` դիտարկել ապագաղութացման համատեքստում: Մոսկւան ամէն ինչ արել է Հայաստան-Եւրոմիութիւն համաձայնագրի քաղաքական նշանակութիւնը նսեմացնելու համար եւ, մեծ հաշւով, դա նրան յաջողւել է Հայաստանի իշխանութեան վախւորած քաղաքականութեան հետեւանքով:

Իհարկէ, Պուտին-Սարգսեան վաղւայ հանդիպման օրակարգը աւելի տարողունակ է, եթէ հաշւի առնենք, որ յաջորդում է Պուտին-Էրդողան հանդիպմանը եւ նախորդում է Սերգէյ Լաւրովի տարածաշրջանային այցին: Միւս կողմից` երէկ ռուսաստանահայ բիզնեսը յայտարարել է Հայաստանում մէկ միլիարդ դոլար ներդրում անելու պատրաստակամութեան մասին, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի բարձր իշխանութեան գիտութեան, ըստ այդմ` Պուտինն ու Սարգսեանը կը քննարկեն նաեւ հարցերի շրջանակ, որը վերաբերում է 2018-ի համատեքստին:

Այնուամենայնիւ, վաղը մեկնարկում է Սերժ Սարգսեանի եւրոպական երթը, որն անցնում է Մոսկւայով»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։