Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2017 10:40

Յետ պահել Արցախը պատերազմից. արժէ արդեօ՞ք մոսկովեան բանակցութիւններից առաջընթաց սպասել

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին քաղաքականութեան եւ արտասահմանեան տարածաշրջանագիտութեան ամբիոնի դոցենտ Սերգէյ Մարկեդոնովը համոզւած է, որ եթէ Ռուսաստանը համակարգի բանակցային գործընթացը, Երեւանն ու Բաքուն, վերջիվերջոյ, պէտք է փոխզիջումների գնան։

«alikonline.ir» - Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին քաղաքականութեան եւ արտասահմանեան տարածաշրջանագիտութեան ամբիոնի դոցենտ Սերգէյ Մարկեդոնովը համոզւած է, որ եթէ Ռուսաստանը համակարգի բանակցային գործընթացը, Երեւանն ու Բաքուն, վերջիվերջոյ, պէտք է փոխզիջումների գնան։ Գրում է «Sputnik» Արմենիան։

Ստորեւ ներկայացնում ենք ռուս փորձագէտի տեսակէտը.

Մոսկւան ընդունում է արցախեան կարգաւորման բանակցութիւնների հերթական ռաունդը։ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպումներ կանցկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ընդամենը մէկ ամիս առաջ Ժնեւում հակամարտութեան լուծման հեռանկարները քննարկում էին Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիեւը։ Կարելի է արդեօ՞ք խօսել խաղաղ գործընթացի ինտենսիֆիկացման մասին ու արժի արդեօ՞ք մոսկովեան բանակցութիւններից որեւէ կտրուկ որոշումներ ակնկալել։

 

Առաջընթաց դեռ չի երեւում

Այդ հարցի պատասխանը կախւած է այն բանից, ինչ ակնկալիքներ մենք ունենք առաջիկայ հանդիպումներից։ Պէտք է հաշւի առնել, որ միայն այս տարւայ ընթացքում արցախեան կարգաւորումը բազմաթիւ բանակցային ռաունդների թեմա էր։ Անվտանգութեան Միւնխէնի համաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցկացրեցին սկզբից առանձին, յետոյ համատեղ հանդիպումներ Էդւարդ Նալբանդեանի ու Էլմար Մամեդեարովի հետ։

Մարտին ու հոկտեմբերին միջնորդ պատգամաւորները երկու ուղեւորութիւն են կատարել դէպի մեր տարածաշրջան։ Մայիսին Մոսկւայում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցութիւններ են կայացել։

Կողմերն առաջւայ պէս մաքսիմալիստական դիրքորոշում ունեն։ Բաքւի համար ներկայ ստատուս-քւոն անընդունելի է։

Հայաստանին, առաջին հայեացքից, ներկայ իրավիճակը ձեռնտու է։ Արցախն Ադրբեջանի իրաւասութիւնից դուրս է, իսկ նրան կից եօթ տարածաշրջաններն ապահովում են յարաբերական անվտանգութիւնը, սակայն նման իրավիճակը քաղաքական օրինականացում չի ստացել։

Ինչեւիցէ, ոչ ոք փոխզիջումների գնալու պատրաստակամութիւն չի ցուցադրում։

 

Բանակցութիւնները շքեղութիւն չեն

Այդ համատեքստում դիտորդները պէտք է չխաբւեն Սերժ Սարգսեանի ու Էդւարդ Նալբանդեանի՝ վերջերս արած յայտարարութիւններին արցախեան կարգաւորումների «ցաւոտ որոշումների շուրջ»։ Հայ առաջնորդներն իրենց կողմից հնարաւոր զիջումներն անմիջականօրէն կապում են Երեւանին ընդառաջ արւող ադրբեջանական կողմի պատասխան քայլերի հետ։

Անցած տարւայ քառօրեայ պատերազմը շատ վերլուծաբաններ դիտարկում են որպէս խոչընդոտ` խաղաղ կարգաւորման ճանապարհին։

Բանակցային գործընթացն անընդհատ չէ։ Այն մշտապէս բախւում է ռազմական սրացումների։ Արդիւնքում ամէն անգամ խաղաղ գործընթացը փրկել է պէտք։

Այդ առումով Ժնեւի գագաթնաժողովը բացառութիւն չէր։ Դրա անցկացման ժամանակ Արցախում գոնէ մի շաբաթ լռութիւն չեղաւ։ Հակառակը, շփման գծում ակտիւութիւն էր նկատւում։ Հետեւաբար, յաճախակի բանակցութիւնները շքեղութիւն չեն։ Դրանք փորձեր են Արցախը յետ պահելու դէպի պատերազմ գնալուց։

 

Ռուսաստանի առանձնայատուկ դերը

Պէտք է նշել Մոսկւայի առանձնայատուկ դերը խաղաղ գործընթացի հարցում։ Թէեւ արցախեան կարգաւորումը Ռուսաստանի համար կարեւորութեան աստիճանով չի կարելի համեմատել այնպիսի արտաքին քաղաքական հարցերի հետ, ինչպիսիք են յարաբերութիւնները ԱՄՆ-ի, Եւրոմիութեան, Չինաստանի, հետ, հակամարտութիւնը Սիրիայում կամ Ուկրայինան, տւեալ թեման չի վերանում ռուսական ԱԳՆ–ի եւ միջազգային ասպարէզում ռուսական ուղղւածութեան մշակմամբ զբաղւող այլ կառոյցների ուշադրութիւնից։

Այդպիսի հետաքրքրութեան պատճառներն ակնյայտ են. գործողութիւնների անընդհատ եւ աստիճանական ծաւալումը Անդրկովկասում Ռուսաստանի համար բազմաթիւ խնդիրներ կը ստեղծի։

Հարկաւոր է մի քանի խօսք ասել նաեւ Թուրքիայի դիրքորոշման վերաբերեալ։ Անկարան Բաքւի ռազմավարական դաշնակիցն է ու Երեւանի աշխարհաքաղաքական հակառակորդը, ՆԱՏՕ-ի անդամ է, որը, միաժամանակ, ձգտում է պրագմատիկ յարաբերութիւններ պահպանել Մոսկւայի հետ։ Այնպէս է ստացւել, որ արցախեան հարցով բանակցութիւնները տեղի կունենան Վլադիմիր Պուտինի ու Ռեջեբ Էրդողանի՝ Սոչիում հանդիպման, ինչպէս ասում են, «տաք հետքերով»։

Այդ իրադարձութիւնից երկու շաբաթ առաջ Թուրքիայի նախագահը, խօսելով Ռուսաստանի նախագահի առաջիկայ հանդիպման մասին, ընդգծում է արցախեան կարգաւորման հարցում Ռուսաստանի մեծ հնարաւորութիւնները, միւս կողմից էլ ակնարկում էր, որ թուրքական ռեսուրսը կարող է նշանակալի լինել անդրկովկասեան տարածաշրջանի անվտանգութեան կոնֆիգուրացիայի համար։ Այդ ամէնը սուր վէճերի առիթ է դարձել, ու լուրեր են յայտնւել Մոսկւայի եւ Անկարայի միջեւ «մեծ աշխարհաքաղաքական գործարքի» մասին։ Մինչդեռ, Պուտինի ու Էրդողանի բանակցութիւնների ընթացքում առաջի պլան են դուրսն եկել Մերձաւոր Արեւելքի ու երկկողմանի տնտեսական յարաբերութիւններիր խնդիրները։

Չի կարելի անտեսել Թուրքիայի գործօնը։ Ինչքան աւելի կայունանայ իրավիճակն Արցախում (թէեւ տւեալ համատեքստում կայունութիւնը յարաբերական է), այնքան աւելի քիչ Անկարան կը գայթակղւի Կովկասի այդ կէտում սեփական խաղը վարելու գաղափարով։

Այդպիսով, արցախեան կարգաւորման նոր՝ նոյեմբերեան ռաունդը նշանակում է, որ Ռուսաստանը խաղաղ գործընթացում առանձնայատուկ, արտօնեալ կարգավիճակ կունենայ, բայց դա չպէտք է չափազանց բարեգութ մթնոլորտ ստեղծի կամ նոր, շատ մեծ ակնկալիքների տեղիք տայ։ Մոսկւան կարող է օգնել կողմերին, սուր սիւժեների քննարկման պայմաններ ստեղծել, բայց բովանդակային, ոչ թէ իմիտացիոն առումով։ Ոչ Ռուսաստանը, ոչ էլ որեւէ այլ երկիր չի ազատի Երեւանն ու Բաքուն բարդ, ու չի բացառւում՝ ցաւոտ փոխզիջումների որոնումից։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։