Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 14:00

Համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ. Նալբանդեանը խօսել է Բաքւի խօսքերից գործի չանցնելու, իսկ Լաւրովը՝ ԼՂ հակամարտութեան կարգաւորման բոլոր տարրերի առկայութեան մասին

Երեւանում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հանդիպումը, որին հետեւել է երկու գործընկերների համատեղ մամլոյ ասուլիսը:

«alikonline.ir» - Երեւանում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հանդիպումը, որին հետեւել է երկու գործընկերների համատեղ մամլոյ ասուլիսը:

Ինչպէս տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ մամլոյ ասուլիսի ժամանակ Էդւարդ Նալբանդեանը խօսել է Բաքւի խօսքերից գործի չանցնելու, իսկ Սերգէյ Լաւրովը՝ ԼՂ հակամարտութեան կարգաւորման բոլոր տարրերի առկայութեան մասին:

ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը նախ նշեց, որ իր ռուսաստանցի գործընկեր Սերգէյ Լաւրովի հետ յաճախ են հանդիպում, եւ այսօր էլ ուրախ է  նրան տեսնել Երեւանում։

Սերգէյ Լաւրովն էլ շեշտեց, որ հայ-ռուսական յարաբերութիւնները ներկայումս ռազմավարական համագործակցութեան բնոյթ ունեն։ Նա շեշտեց նաեւ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցութիւնը` ասելով, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ռազմական նշանակութեան ապրանք, ինչի կարիքն ունի Հայաստանը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղեան հակամարտութեանը, Լաւրովը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կը շարունակեն ձեւաւորել պայմաններ հակամարտութեան կարգաւորման համար։

Ռուս լրագրողի հարցին, որ թէ՛ Բաքւում, թէ՛ Երեւանում պնդում են, թէ պատրաստ են հարցի լուծմանը, ուրեմն ո՞րն է խնդիրը, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց, որ խնդիրը Ադրբեջանի կողմից խոսքից գործի չանցնելն է: Նալբանդեանը յիշեցրեց կազանեան բանակցութիւնները, եւս մէկ անգամ ընդգծեց, որ թւում էր, թէ հարցը վերջնականապէս լուծւում է, բայց գագաթաժողովից ընդամենը 10 օր առաջ Ադրբեջանը նամակ է ուղարկում, որից պարզ է դառնում, որ հարցի հանգուցալուծումն այս անգամ եւս ձախողւած է:

«Դրանից առաջ Սոչիում, Աստրախանում, Սանկտ Պետորբուրգում… Չեմ ուզում խորանալ, բայց համաձայնութիւն եղել է նաեւ Կազանից յետոյ, սակայն Ադրբեջանի խոսքն ու գործը իրար հետ չեն համընկնում»,- նշեց Նալբանդեանը եւ յիշեցրեց, որ Ադրբեջանի հետ որոշ հարցերի շուրջ համաձայնութիւն է ձեռք բերւել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, բայց դրանից յետոյ էլ Ադրբեջանը հրաժարւել է ստանձնած պայմանաւորւածութիւններից:

«Խնդիրն այն է, որ խօսքերը պետք է համընկնեն, չշեղւեն գործողութիւններից: Լաւ կը լինէր, եթէ խօսքերը համապատասխանէին գործերին, մանաւանդ, երբ Ժնեւում խօսւում էր այն մասին, որ պէտք էր միջոցներ ձեռնարկել լարւածութիւնը նւազեցնելու համար»,- ընդգծել է Էդւարդ Նալբանդեանը:

Սերգէյ Լաւրովն էլ համոզմունք է յայտնել, որ Ղարաբաղեան հակամարտութեան լուծման բոլոր բաղադրիչներն առկայ են: Նա ընդգծել է, որ բանակցութիւնների բոլոր բաղադրիչները ամրագրւած են փաստաթղթերում, եւ միակ բանը, որ դժւարութիւն է հարուցում, կարգաւորման բաղադրիչների փաթեթային լինելն է:

«Դժւար է փաթեթից վերցնել այդ բաղադրիչներից մէկ, երկուսը, եւ ասել՝ այ, եկէք, դրա հիման վրայ համաձայնութեան հասնենք, քանի որ մնացած հաւասարակշռող բաղադրիչները կարող են դուրս մնալ»,- նշեց Լաւրովը։

Ըստ նրա` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները դրական են գնահատել Ժնեւում իրենց հանդիպումը, եւ կարեւոր է, որ այդ դրական վերաբերմունքը նպաստի բանակցութիւններին։

Միաժամանակ, ՌԴ արտգործնախարարը նշել է. «Չափազանց լաւատեսութիւն չեմ յայտնի։ Սա բարդ խնդիր է: Ցաւով եմ նշում` բանակցութիւններն արագ չեն աւարտւի»։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։