Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 11:10

Վ. Ոսկանեան. «Իրանական լրատւամիջոցներում հայկական տեսակէտը ներկայացնելն ազդակ է, որ Իրանն արցախեան հիմնախնդրի վերաբերեալ ունի արդարացի դիրքորոշում»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով՝ իրանական լրատւամիջոցները վերջին շրջանում շատ են անդրադառնում Հայաստանին, ներկայացնում այստեղի բարձրաստիճան այրերի եւ նաեւ փորձագէտների տեսակէտները: Այս համատեքստում նա յիշատակեց ԻՌՆԱ ինֆորմացիոն գործակալութեան հարցազրոյցները ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի հետ: 

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով՝ իրանական լրատւամիջոցները վերջին շրջանում շատ են անդրադառնում Հայաստանին, ներկայացնում այստեղի բարձրաստիճան այրերի եւ նաեւ փորձագէտների տեսակէտները: Այս համատեքստում նա յիշատակեց ԻՌՆԱ ինֆորմացիոն գործակալութեան հարցազրոյցները ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի հետ: Նա նկատեց, որ վերջերս իրանական յայտնի, լայն լսարան ունեցող եւ նախագահ Հասան Ռոուհանիի քաղաքական թիմի տեսակէտները ներկայացնող «Շարղ» օրաթերթում հրապարակւած Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլեանի հարցազրոյցն էլ լրացնում է այդ շարքը: Գրում է «tert.am»-ը:

«Ակնյայտ է, որ դա իրանական կողմի վերաբերմունքի ցուցիչ է. իրանցիները ոչինչ հէնց այնպէս չեն անում: Սա ազդակ էր՝ուղղւած թէ՛ հայկական, թէ՛ ադրբեջանական կողմին, որ Իրանն իր դիրքորոշումներում արցախեան հիմնախնդրի վերաբերեալ ունի արդարացի դիրքորոշում»,- նկատեց նա:

Նշենք, որ իրանագէտ Արմէն Իսրայէլեանը ֆէյսբուքյան իր էջում գրառում էր կատարել իրանական լրատւամիջոցներում Արցախի մասին եղած վերջին անդրադարձների վերաբերեալ՝ նկատելով՝ «արցախեան շաբաթ է եղել». «Անցած օրերին Արցախը բաւականին հետաքրքիր մեկնաբանութեամբ էր ներկայացւած պարսկերէն հեղինակաւոր օրաթերթերում, որոնցից մէկն անդրադարձել էր Արցախի տարածքում գտնւող շիայական պատմամշակութային յուշարձաններին եւ Արցախի կառավարութեան կողմից դրանց բարեկարգման ուղղութեամբ տարւող աշխատանքներին»,- գրել է նա:

Յետոյ ուշադրութիւն է հրաւիրել «Շարղ» օրաթերթում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլեանի հարցազրոյցի վրա: «Արցախի սահմաններից դուրս մենք այլ տարածքներ չունենք, ինչ որ ունենք դրանք ամբողջութեամբ Արցախի մաս են կազմում, իհարկէ, որոշ շրջաններ կան, որոնք ներկայումս գտնւում են Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ, օրինակ՝ Շահումեանի շրջանը, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մի մասը, այսինքն՝ Արցախի Հանրապետութեան տարածքի շուրջ 15 տոկոսը: Արցախի սահմանադրութեամբ սահմանւած լիազօրութիւնները վերաբերում են ողջ երկրին, այսինքն՝ մայրաքաղաք Ստեփանակերտում կամ Արաքսի ափին գտնւող բնակավայրում նոյն օրէնքներն են գործում»,- իրանական օրաթերթից հատւած էր ներկայացրել Արմէն Իսրայէլեանը:

Վարդան Ոսկանեանի դիտարկմամբ՝ իրանական մամուլում հայկական թեմաների հետ կապւած ակտիւացման համար մենք պարտական ենք այն բաւական երկար ժամանակ տարւող քաղաքականութեանը, համաձայն որի, մի կողմից ՀՀ գիտական-հասարակական կառոյցները, միւս կողմից՝ իրանահայ համայնքը սերտ համագործակցութեան են հասել՝ հայաստանեան շահերը, տեսակէտները իրանական լրատւամիջոցներում ներկայացնելու հարցում:

«Մենք Իրանում ունենք բազմաթիւ բարեկամներ, որոնք ազդեցիկ դիրքեր ունեն ոչ միայն քաղաքական համակարգում, այլ նաեւ՝ լրատւական տիրոյթում, և ակնյայտ է, որ առնւազն խելամիտ չի լինի, եթէ մենք չօգտագործէինք այդ խողովակները, եւ այս առումով ակնյայտ է, որ նաեւ Իրանի եւ Հայաստանի շահերն են շատ խնդիրների շուրջ համընկնում»,- ասաց նա:

Իրանագէտը նկատեց, որ ակնյայտ է, որ Իրանի եւ Հայաստանի շահերը համընկնում են նաեւ ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորման գործընթացի համատեքստում: «Իրանի արտգործնարարի Երեւանում արած յայտարարութիւնն առ այն, որ Հայաստանը կողմ է խաղաղութեան եւ կայունութեան պահպանմանը, ինչը անուղղակի ակնարկ էր, որ ադրբեջանական կողմն է խաթարում խաղաղութիւնը եւ վտանգ է ներկայացնում այդ կայունութեան համար, ազդակներ են: Իրանի դիւանագիտական մակարդակով շատ չեզոք են եւ բալանսաւորւած, սա, իրոք օգուտ մեզ է, բայց կայ նաեւ չերեւացող իրանական դիրքորոշում, որի համաձայն, ներկայիս ստատով քւօն՝ Արցախի ներկայիս սահմանները պահելը բխում է նաեւ Իրանի շահերից»,- ասաց նա:

Վարդան Ոսկանեանն իր ասածը պարզաբանեց․նախագահ Ռոուհանիի քաղաքական թիմի տեսակէտները ներկայացնող լրատւամիջոցն Արցախի արտգործնախարարի դիտարկումները, թէ Արցախի սահմաններից դուրս մենք այլ տարածքներ չունենք, ինչ որ ունենք դրանք ամբողջութեամբ Արցախի մաս են կազմում, ներկայացրել են:

«Կարող ենք նման ձեւակերպել, որ Իրանը սատարում է Արցախի դիրքորոշմանը տարածքների հարցում: Անշուշտ, իրանցիները երբեք նման ձեւակերպումներ չեն անի, բայց իրականութեան մէջ դա այդպէս է»,- ասաց նա:

Արցախի վերաբերեալ իրանական կողմի «անուղղակի ազդակները», ըստ Վարդան Ոսկանեանի, միայն հայկական եւ ադրբեջանական կողմի համար չեն, նա նկատեց, որ Իրանը բազմաշերտ հասարակական կառուցւածք ունեցող երկիր է․ «Գաղտնիք չէ, որ Իրանում կան նաեւ որոշակի հակահայկական ուժեր, դրանք գտնւում են, լուսանցքում եւ լուրջ ազդեցութիւն չունեն քաղաքական որոշումներ կայացնողների վրայ։ Այնուամենայնիւ Իրանում կայ հայամէտ բաւականին լուրջ զանգւած, իսկ հայամէտ լինելը բխում է Իրանի շահերից, մեր շահերն այս տարածաշրջանում գրեթէ լիովին համընկնում են, անգամ ղարաբաղեան հիմնահարցի հետ կապւած հայկական եւ իրանական կողմերի մօտեցումը նոյնն է»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։