Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 13:50

Ծխացող պանթուրքիզմ. Թուրքիան Արցախում «խաղաղապահի» դեր կատարելու յուսահատ փորձ է անում

Թուրք-ադրբեջանական ռազմական երկխօսութեան նիստը արցախեան գործընթացին մասնակցելու եւս մի փորձ է, կարծում են փորձագէտները։

Թուրքիան ամէն կերպ փորձում է ցոյց տալ իր մասնակցութիւնը ղարաբաղեան հակամարտութիւնում` չնայած նրան, որ Մինսկի խմբի համանախագահները չեն պատրաստւում թոյլ տալ նրան մօտենալ այդ հարցին, «Sputnik» Արմենիային ասաց թուրքագէտ Յակոբ Չաքրեանը։

«alikonline.ir» - Թուրք-ադրբեջանական ռազմական երկխօսութեան նիստը արցախեան գործընթացին մասնակցելու եւս մի փորձ է, կարծում են փորձագէտները։

Թուրքիան ամէն կերպ փորձում է ցոյց տալ իր մասնակցութիւնը ղարաբաղեան հակամարտութիւնում` չնայած նրան, որ Մինսկի խմբի համանախագահները չեն պատրաստւում թոյլ տալ նրան մօտենալ այդ հարցին, «Sputnik» Արմենիային ասաց թուրքագէտ Յակոբ Չաքրեանը։

Բարձրագոյն մակարդակում թուրք-ադրբեջանական ռազմական երկխօսութեան նիստը տեղի կունենայ Բաքւում դեկտեմբերի 5-7-ը։ Նիստի ընթացքում պատւիրակութիւնների աշխատանքային խմբերը կը դիտարկեն երկկողմ յարաբերութիւնների ընթացիկ դրութիւնը եւ կը քննարկեն գործունէութեան ուղղութիւնները` իրենց առջեւ դրւած խնդիրների կատարման համար։

«Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը ստանձնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Թուրքիան իր հերթին հետ չմնալու կամ գոնէ նման տեսանելիութիւն պահպանելու համար նման քննարկումներ է անցկացնում», - ասաց Չաքրեանը։

Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Ռուսաստանը Թուրքիային չեն զիջի ղարաբաղեան հարցի կարգաւորման նախաձեռնութիւնը, քանի որ արցախեան հակամարտութիւնն ամենակարեւոր հարցն է։ Այն պետութիւնը, որի նախաձեռնութեամբ կը լուծւի, կը կարգաւորւի այդ հարցը, զգալիօրէն կաւելացնի իր ազդեցութիւնը տարածաշրջանում։ Հէնց այդ պատճառով համանախագահ երկրներից ոչ մէկը չի զիջի Թուրքիային։

Նրա խօսքով` նման երկխօսութիւնները պէտք են Թուրքիային նաեւ Ադրբեջանում դիրքերն ամրապնդելու համար։

«Առայժմ Թուրքիան փորձում է, բայց մինչեւ հիմա ոչ մի առաջընթացի չի հասել»,-ասաց Չաքրեանը։

Միաժամանակ Թուրքիան ձգտում է Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում ոչ այնքան Բաքւի համար, որքան հէնց իր։ Չաքրեանի խօսքով` Թուրքիայի համար գլխաւոր նպատակը Հայաստանի ուժեղացումը կանխելն է։

Թուրքագէտը նշում է, որ պանթուրքիզմի գաղափարը դեռ ողջ է. սկզբից մօտակայ տարածքներում, յետոյ` աւելի հեռաւոր։ Այդ են վկայում նաեւ պայմանները, որոնք Թուրքիան 1990-ականների սկզբին առաջադրել էր` Երեւանի հետ յարաբերութիւններ հաստատելու համար։

«1915 թւականի մասին չյիշելուց ու սփիւռքի հակաթուրքական քաղաքականութիւնը կանխելուց բացի, Հայաստանի նկատմամբ առաջադրւած նախապայմաններից մէկն էր Արցախը յանձնել Ադրբեջանի իշխանութեանը», - ասաց Չաքրեանը։

Նրա խօսքով` Թուրքիայի թերթերն այդ ժամանակ գրում էին, որ եթէ չյաջողւի հասնել դրանց կատարմանն այդ շրջանում, ապա Հայաստանի ուժեղացումից յետոյ նրանք ստիպւած կը լինեն հրաժարւել իրենց ծրագրերից։

Ռազմական փորձագէտ Հայկ Նահապետեանը «Sputnik» Արմենիային ասաց, որ սովորաբար նման հանդիպումները տեղի են ունենում փոխնախարարների մակարդակում։

Այս անգամ ադրբեջանական կողմից ներկայ է լինելու պաշտպանութեան նախարարի` անձնակազմի հարցերով տեղակալ, գեներալ-լէյտենանտ Քերիմ Վելիեւը, իսկ թուրքական կողմից` ԶՈՒ Գլխաւոր շտաբի ծրագրերի եւ սկզբունքների գլխաւոր վարչութեան պետ, գեներալ-լէյտենանտ Եաւուզ Թուրքգենջին։

«Հանդիպմանը նախորդել են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի ԱԳՆ ղեկավարների բանակցութիւնները։ Կարելի է զուգահեռ տանել. Բելառուսիայում մինչ այդ Հայաստանի մասնակցութեամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որին նախորդել է ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարների հանդիպումը», - ասաց Նահապետեանը։

Նրա խօսքով` ՀԱՊԿ գագաթնաժողովում պետութիւնների ղեկավարները քննարկել են ահաբեկչութեան, անօրինական միգրացիայի հարցերը։

«Անօրինական միգրացիայի շրջանակում Ադրբեջանը կարող է դիտարկւել որպէս տարանցիկ գօտի, որտեղից ահաբեկչական խմբաւորումները ներթափանցում են Ռուսաստան։ Դա եղել է նաեւ առաջին եւ երկրորդ չեչենական պատերազմների ժամանակ։ Այդ առումով Թուրքիան եւ Ադրբեջանը մտածելու տեղ ունեն»,- ասաց Նահապետեանը։

Նրա կարծիքով` տարածաշրջանում նկատւում է որոշակի բեւեռացում։ Մի կողմից` Հայաստանը եւ ՀԱՊԿ-ն, միւս կողմից` Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը։

Թուրք-ադրբեջանական երկխօսութիւնը կայացել է հայ-արցախեան զօրավարժութիւնների անցկացումից յետոյ, որոնց գաղափարը լայնածաւալ հակամարտութեան պայմաններում հակառակորդի խոշոր խմբաւորումը շրջապատելն ու ոչնչացնելն էր։ Միաժամանակ, նախատեսւել է, որ հայկական կողմը գնալու է յարձակման, այլ ոչ միայն հակագրոհի։

Թուրք-ադրբեջանական ռազմական երկխօսութիւնը տեղի է ունենում ամէն տարի` կա՛մ Թուրքիայում, կա՛մ Ադրբեջանում։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։