Հա

Քաղաքական

14/12/2017

ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»

Օրերից մի օր Ադրբեջանը համակերպւելու է, որ Արցախն անկախ է: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի կարող պայքարել այն տենդենցի դէմ, որը կայ աշխարհում` ճանաչել Արցախը: Ըստ նրա` Ադրբեջանը չունի այն հնարաւորութիւնները պայքարել ամբողջի դէմ, ժողովրդավարական երկրները չեն կարող անտեսել արցախցիների անկախութեան պահանջը:

«alikonline.ir» - Օրերից մի օր Ադրբեջանը համակերպւելու է, որ Արցախն անկախ է: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի կարող պայքարել այն տենդենցի դէմ, որը կայ աշխարհում` ճանաչել Արցախը: Ըստ նրա` Ադրբեջանը չունի այն հնարաւորութիւնները պայքարել ամբողջի դէմ, ժողովրդավարական երկրները չեն կարող անտեսել արցախցիների անկախութեան պահանջը:

 

- Աւստրալիայի «Կանաչներ»-ի կուսակցութիւնը ճանաչել է Արցախի Հանրապետութիւնը: Ձեզ համար սա անակնկա՞լ էր: Ինչի՞ արդիւնք է սա:

- Վերջին շրջանում Արցախի Հանրապետութեան նկատմամբ աշխարհում վերաբերմունքն է փոխւում: Եթէ նկատել էք, բանակցային գործընթացի սկզբում խօսւում էր Արցախը Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակ տալու մասին, յետոյ խօսւում էր համատեղ պետութեան գաղափարի մասին, յետոյ խօսւում էր Արցախը Հայաստանի կազմում ներգրաււելու մասին, սակայն, վերջին շրջանում աւելի շատ խօսւում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին, այդ իրաւունքի իրացման ու այդ որոշումը յարգելու մասին: Միջազգային տարբեր ատեաններում, տարբեր երկրներում աւելի շատ ներկայումս խօսւում է, որ առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշւի առնելու սխալ է այս հարցին լուծում տալ: Բոլոր դէպքերում, տենդենց կայ, որ աշխարհը մեզ ճանաչելուն է միտւած: Դրա արտայայտութիւնն է ԱՄՆ-ի 7 նահանգների կողմից ճանաչումը, Արցախի Ազգային ժողովի հետ բարեկամական խմբերի թւի մեծացումը եւ այլն:

Նոյնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խօսում է նրա մասին, որ յորդորել է Վլադիմիր Պուտինին վերադարձնել Ադրբեջանին 5 շրջանները: Նրանք չեն խօսում նրա մասին, որ Արցախը իրենց պէտք է միացնեն, խօսում են շրջանների վերադարձի մասին: Խնդիրը նրանում է, որ ամենայն հաւանականութեամբ մեր նկատմամբ թշնամաբար տրամադրւած երկիրն էլ է հասկանում, ընդունում, որ այս ամէնն անշրջելի է եւ պթտք է ճանաչել Արցախի Հանրապետութեան գոյութեան հարցը: Այնպէս որ մեզ համար, սա անակնկալ չէր եւ կարծում եմ, որ պետութիւնների կողմից Արցախը ճանաչելու գործընթացը կը շարունակւի:

Ասեմ, որ Արցախի իշխանութիւնների, քաղաքական ուժերի կողմից այս ուղղութեամբ կատարւում է բազմաշերտ աշխատանք. մի մասը երեւում է, մի մասը` ոչ, բայց մենք ակտիւ աշխատում ենք, լայնածաւալ աշխատանք ենք կատարում, որոնք իրենց պտուղներն են տալիս: Ինչու ոչ, կը գայ այն ժամանակը, որ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ:

 

- Դուք յիշատակեցիք ԱՄՆ-ի 7 նահանգների կողմից Արցախի ճանաչման փաստը: Երբ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նոր էր ընտրւել, շատ էին խօսում այն մասին, որ գուցէ Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի քաղաքականութիւնը փոխւի: Նա տեւական ժամանակ է, ինչ նախագահ է: Ի՞նչ էք կարծում` նրա օրօք կը շարունակւի Արցախը ճանաչելու ԱՄՆ-ի նահանգների մօտեցումը:

- Չպէտք է ժխտենք, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն ժողովրդավարական երկրներ են, որոնք ձգտում են դէպի ժողովրդավարական նորմերով, միջազգային իրաւունքի հիման վրայ տարւող քաղաքականութեան, եւ ես կարծում եմ, որ այո, դա հնարաւոր է: ԱՄՆ-ն չի կարող անտեսել մի բուռ ժողովրդի, քրիստոնէադաւան ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Ժողովուրդն ուզում է անկախ ապրել, աշխարհից միայն սա է պահանջում եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան ակունքներով կանգնած երկրները չեն կարող սա անտեսել: Ինձ մօտ այնպիսի տպաւորութիւն է, որ ԱՄՆ-ն դրական դիրքորոշում ունի մեր նկատմամբ: Իհարկէ, նրանց դիրքորոշումը կարող է պահի տակ փոխւել իրենց շահերից ելնելով, քաղաքական զարգաացումներից ելնելով, բայց խնդիրը նրանում է, որ ԱՄՆ-ն ՀՀ-ից յետոյ այն միակ երկիրն է, որը Արցախին դրամաշնորհ է տալիս` զարգացման համար: Ապրիլեան իրադարձութիւններից յետոյ, օրինակ, ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ արեցին, որ պէտք է սանձել ագրեսորին` Ադրբեջանին: Իրենք իրենց ելոյթներով են նաեւ օգնում են մեզ: Նրանք տեսնում են, որ Արցախի ղեկավարութիւնը, ժողովուրդը կարող են համագործակցել ժողովրդավարական միւս երկրների հետ` չսպառնալով նրանց անվտանգութեանը: Կարծում եմ, որ մենք շահեկան դիրքերում ենք:

 

- Դուք ասացիք, որ աշխարհը որդեգրել է, ըստ էութեան, Արցախը ճանաչելու տենդենցը: Ձեր կարծիքով` սա չի զայրացնի՞ Ադրբեջանին, Ղարաբաղի անվտանգութեան ապահովման տեսանկիւնից չե՞ն ստեղծւի նոր սպառնալիքներ:

- Հակառակը: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը, համակերպւի, թէ ոչ Արցախի կարգավիճակի հետ, այն երկիրը չէ, որ ունենայ ամբողջ աշխարհի դէմ կռւելու հնարաւորութիւններ: Ադրբեջանը չի կարող հաշւի չնստել գերտէրութիւնների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի հետ: Ադրբեջանին զսպող ամենամեծ հանգամանքը հայկական գործօնն է: Մենք, որքան էլ քննադատենք, ասենք, որ մեր բանակում խնդիրներ կան, մեր բանակն Ադրբեջանին զսպող ամենամեծ հանգամանքն է` յատկապէս վերջին շրջանի բարեփոխումներից յետոյ: Մեր զարգացումը դժւար է արգելակել, որովհետեւ ժողովուրդն ունի տրամադրւածութիւն` պահել երկիրը, փայփայել, պաշտպանել: Ժողովուրդն այս տարիներին մեծ դժւարութիւններ յաղթահարեց ու հիմա պատրաստ է ամէն ինչին:

 

- Դուք կարծում էք, որ Ալիեւը կարդալով, հերթական նահանգը կամ պետութիւնը, որը ճանաչել է Արցախը, չի՞ զայրանալու եւ ոչինչ չի ձեռնարկելո՞ւ: 

- Ադրբեջանը հաշւարկներ է անում` սկսել ռազմական գործողութիւններ, թէ ոչ: Եթէ նրանք սկսեն ռազմական գործողութիւններ, գուցէ կորցնեն մէկ կամ երկու շրջան: Նրանք այս ամէնը գիտակցում են: Եթէ պատերազմելու ուժ ունենային, անպայման կը դրսեւորէին: Մեր 18 տարեկան տղաների դէմ ապրիլեան քառօրեյա պատերազմի ժամանակ նրանք ընկրկեցին: Պատերազմ սկսելուց առաջ նրանք հաշւի կառնեն նաեւ Թուրքիայի գործօնը` կը հասկանան, թէ որքանով է այդ պահին դա Թուրքիային ձեռնտու: Այնպէս որ սա Ադրբեջանի ուզենալ-չուզենալու հարցը չէ: Նրանք որոշում կը կայացնեն աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով:

 

- Դուք կարծում էք, որ օրերից մի օր Ադրբեջանը հաշտւելո՞ւ է այս իրողութեան հետ:

- Ժամանակն է ամէն ինչի սպեղանին: Ժամանակները փոխւում են, իրավիճակները փոխւում են, իրենց ժողովուրդը ժամանակի ընթացքում հասկանում է, որ Արցախը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ: Իրենք լաւ գիտեն, որ այդ տարածքները հայկական են, պատկանում են հայերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։