Հա

Քաղաքական

16/12/2017

Մասիս Մայիլեան. «Արցախը պէտք է ուղղակիօրէն ներկայացւած լինի բանակցային գործընթացում»

Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքական օրակարգային հարցերի, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորման շուրջ տարւող բանակցային գործընթացի, Արցախ-Եւրոմիութիւն համագործակցութեան մասին «Արմէնպրես»-ը զրուցել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի հետ:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքական օրակարգային հարցերի, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորման շուրջ տարւող բանակցային գործընթացի, Արցախ-Եւրոմիութիւն համագործակցութեան մասին «Արմէնպրես»-ը զրուցել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի հետ:

 

- Պրն. Մայիլեան, որո՞նք են Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքական օրակարգային հիմնական հարցերը եւ Ձեր՝ որպէս Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նոր նախարարի առաջնահերթութիւնները՝ կապւած ոլորտում առկայ խնդիրների լուծման հետ: 

- ԱԳՆ ջանքերը դարձեալ հիմնականում ուղղւած կը լինեն Արցախի անկախութեան միջազգային ճանաչման գործընթացում առկայ դրական միտումների զարգացմանն ու ամրագրմանը եւ դրա անշրջելիութեան ապահովմանը։ Մասնաւորապէս, քայլեր կը ձեռնարկւեն ինչպէս Արցախի ճանաչման աշխարհագրութեան ընդլայնման, այնպէս էլ մեզ ճանաչած սուբիեկտների հետ երկկողմ համագործակցութեան հաստատման ուղղութիւններով։ Ապակենտրոնացւած համագործակցութեան ձեւաչափով կապերի զարգացումը թոյլ կը տայ տարբեր ծրագրեր իրականացնել մշակոյթի, կրթութեան, սպորտի, տնտեսութեան եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում։ 

Արցախի արտաքին գործերի նախարարութիւնը կը շարունակի հետեւողական աշխատանքները Արցախի կողմից իրացւած ինքնորոշման իրաւունքի փաստը որպէս ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման հիմք ճանաչելու ուղղութեամբ։

Հակամարտութեան կարգաւորման գործում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման ֆոնի վրայ յատուկ նշանակութիւն է ձեռք բերում Արցախը մեկուսացնելուն ուղղւած Ադրբեջանի փորձերին դիմագրաւումը։ Հանրապետութեան տնտեսական զարգացման եւ ներդրումների ներգրաւման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը մեր առաջնահերթութիւններից մէկն է։ Այդ խնդրի իրագործման համար Արցախի արտաքին գործերի նախարարութիւնը սերտօրէն համագործակցում է հանրապետութեան՝ տնտեսական բլոկի համար պատասխանատու նախարարութիւնների ու կառոյցների հետ։

Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագոյն ուղղութիւններից մէկն է նաեւ Հայաստան-Արցախ-սփիւռք համագործակցութեան հետագայ ընդլայնումն ու խորացումը։ Մենք բարձր ենք գնահատում սփիւռքի ներդրումը Արցախի զարգացման ու ամրապնդման եւ արտերկրում նրա շահերի պաշտպանութեան գործում, եւ, միեւնոյն ժամանակ, կարեւոր ենք համարում Արցախի մասնակցութիւնը սփիւռքում հայապահպանութեան գործին։
Արցախի արտաքին քաղաքական գործունէութեան բաղադրիչներից մէկն է միջազգային հանրութեանն արցախեան իրողութիւնների վերաբերյալ օբիեկտիւ տեղեկատւութիւն հասցնելն ու երկրի դրական իմիջի պահպանումը։ Այս հարցում առանցքային դեր ունի արտաքին գործերի նախարարութիւնը, եւ մենք այսուհետ եւս կը շարունակենք ակտիւ գործունէութիւնն այս ուղղութեամբ։

 

- Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին նախորդող եւ յաջորդող ժամանակահատւածում, սակայն, կրկին սահմանային լարւածութիւնը աճեց, եղան կրակոցներ եւ զոհեր: Հաջորդիւ, տեղի ունեցաւ համանախագահների հանդիպումը երկու երկրների արտգործնախարարների հետ: Առաջիկայում եւս ակնկալւում են հանդիպումներ: Սահմանային այս միջադէպերի համատեքստում ինչպէ՞ս կը գնահատէք նման հանդիպումների արդիւնաւէտութիւնը:

- Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳՆ ղեկավարների հանդիպումները կարեւոր են հակամարտութեան գօտում լարւածութեան թուլացման տեսանկիւնից։ Լիարժէք ձեւաչափով բանակցային գործընթացի վերականգնումը հնարաւոր է միայն կայունութեան պայմաններում։ Հետեւաբար, ներկայ փուլում առաջին պլան է մղւում խաղաղ գործընթացի անշրջելիութեան հարցը, ինչի համար անհրաժեշտ են 1994 եւ 1995 թւականների համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպէս նաեւ բանակցութիւնների ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրագործումը, որոնք վերաբերում են, մասնաւորապէս, միջադէպերի հետաքննութեան մեխանիզմների ներդրմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի ընդլայնմանը եւ նրա մոնիթորինգային կարողութիւնների աւելացմանը։

Նշւած միջոցների իրականացումը կառուցողական մթնոլորտ կստեղծի բանակցութիւնները շարունակելու համար։

 

- Բազմիցս բարձրացւել է Արցախին բանակցութիւնների սեղանի շուրջ բերելու անհրաժեշտութեան հարցը: Արդեօ՞ք Արցախի ներգրաււածութիւնը ինչ-որ հարց կը լուծէր այն պարագայում, երբ բանակցութիւնների առաջընթացը խոչընդոտող հիմնական գործօններից մէկը այն է, որ Ադրբեջանը հրաժարւում է իրականացնել նախկինում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները՝ ուղղւած կողմերի միջեւ վստահութեան ձեւաւորմանը, շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը:

- Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ բխում է հակամարտութեան կարգաւորման տրամաբանութիւնից։ Լինելով հակամարտութեան հիմնական եւ ԵԱՀԿ փաստաթղթերով ճանաչւած կողմերից մէկը՝ Արցախը պէտք է ուղղակիօրէն ներկայացւված լինի բանակցային գործընթացում։ Յիշեցնեմ, որ կարգաւորման գործընթացում հիմնական յաջողութիւնները գրանցւել են այն ժամանակահատւածում, երբ Արցախը անմիջականօրէն ներգրաււած էր բանակցութիւններին։ Մասնաւորապէս, 1994 թւականին հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը մնում է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացի միակ շօշափելի ձեռքբերումը։ Նշւած փաստաթղթին նախորդել են ԼՂՀ եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչութիւնների ղեկավարների մակարդակով ձեռք բերւած շուրջ 10 երկկողմ համաձայնագրեր՝ ռազմական գործողութիւնների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի կամ դրա երկարաձգման վերաբերեալ։

Արցախի մասնակցութեամբ բանակցութիւններից Ադրբեջանի հրաժարումը կարգաւորման գործընթացի տապալմանն ուղղւած Բաքւի քաղաքականութեան բաղադրիչներից մէկն է։ Եռակողմ բանակցութիւնների վերականգնումը կը ցուցադրի հակամարտութեան վերջնական կարգաւորմանը հասնելու հարցում ադրբեջանական ղեկավարութեան քաղաքական կամքը եւ անկեղծ շահագրգռւածութիւնը։

Արցախեան պատւիրակութեան վերադարձը բանակցային սեղանի շուրջ ոչ միայն կը վերականգնի երկխօսութեան խաթարւած ձեւաչափը, այլեւ կը բարձրացնի խաղաղ գործընթացի արդիւնաւէտութիւնը։ Բանակցութիւնների բոլոր փուլերին Արցախի լիարժէք մասնակցութիւնը կարեւոր է հակամարտող կողմերի՝ խաղաղ գործընթացի արդիւնքների համար պատասխանատւութիւնը կիսելու տեսանկիւնից։ Արցախի իշխանութիւնները շարունակում են հանդէս գալ գործընթացին լիարժէք մասնակցութեան օգտին եւ պատրաստ են դէ-իւրէ իրենց վրայ վերցնել տարածաշրջանային խաղաղութեան եւ, ընդհանրապէս, տարածաշրջանի ճակատագրի համար պատասխանատւութեան իրենց բաժինը։

 

- Կը ցանկանայի անդրադառնալ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին՝ Անկարայում։ Թուրքիայի արտգործնախարարն «Թւիթեր»-ի իր էջում գրառում էր կատարել Մինսկի գործընթացին աջակցելու վերաբերեալ։ Թուրքիան կանոնաւոր կերպով փորձեր է ձեռնարկում միջամտելու բանակցային գործընթացին։ Ինչպէ՞ս կը մեկնաբանէք սա։ Որքանո՞վ է դա իրատեսական։

- Բանակցութիւններում միջնորդութիւնը հնարաւոր է, եթէ պոտենցիալ միջնորդը անկողմնակալ եւ չէզոք վերաբերմունք ունի հակամարտութեան բոլոր կողմերի հանդէպ, եւ կողմերը համաձայն են ընդունել նրա միջնորդական ծառայութիւնները։ Այդ իսկ պատճառով միջնորդի դեր ստանձնելու Անկարայի փորձերը բացարձակապէս անհեռանկարային են: Յայտնի է, որ Թուրքիան կողմնակալ դիրքորոշում է որդեգրել եւ լիովին աջակցում է հակամարտութեան կողմերից մէկին՝ Ադրբեջանին։ Թուրքիան գրեթէ միակ երկիրն է, որը 2016 թւականին հրապարակայնօրէն պաշտպանել է Արցախի դէմ Ադրբեջանի ապրիլեան ագրեսիան, այն դէպքում, երբ, կարելի է ասել, ողջ աշխարհը եւ հեղինակաւոր միջազգային կառոյցները հանդէս են եկել ռազմական գործողութիւնների շուտափոյթ դադարեցման օգտին։

Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում միջնորդական գործունէութեան իրականացման համար միջազգային մանդատ ունեցող միակ համաձայնեցւած ձեւաչափը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութիւնը՝ յանձինս ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի։

 

- Արցախում անկախութեան տարիներին մեծացել ու կայացել է մի սերունդ, որն իրացրել է ինքնորոշման իր իրաւունքն ու ձգտում է ապրել անկախ երկրում: Այս պարագայում ինչպէ՞ս էք տեսնում հակամարտութեան կարգաւորումը, ո՞ր սկզբունքները պէտք է լինեն գերակայող եւ ո՞ր հիմնարար իրաւունքները պէտք է դրւած լինեն հակամարտութեան կարգաւորման հիմքում:

- Կարծում ենք, որ հակամարտութեան տեւական կարգաւորումը հնարաւոր է, եթէ կողմերը եւ միջազգային միջնորդները որպէս կարգաւորման հիմք ընդունեն Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրաւունքի իրացման արդիւնքները։ 

26 տարի առաջ՝ դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել Արցախի անկախութեան հանրաքւէն, որի ընթացքում Արցախի ժողովուրդը որոշել է իր զարգացման ուղին։ Անկախ պետութիւնում ապրելու ընտրութիւնը կրկնակի անգամ հաստատւել է 2006 եւ 2016 թւականների հանրաքւէների ժամանակ։ Արցախի անկախութիւնն անշրջելի իրողութիւն է եւ բացառիկ արժէք, որը սակարկման ենթակայ չէ։

 

- Բրիւսէլում Եւրոմիութիւն-Արցախ համագործակցութեան թեմայով կազմակերպւած քննարկումներից մէկի ժամանակ յայտարարել էիք, որ ԵՄ-Արցախ համագործակցութիւնը կայունացնող դեր կը խաղայ եւ կը դառնայ կարեւոր ներդրում՝ Հարաւային Կովկասում տեւական խաղաղութեան հաստատման գործում: Ի՞նչ է արւում այդ համագործակցութիւնը խթանելու ուղղութեամբ:

- Համագործակցութիւնը ենթադրում է միմեանց ընդառաջ քայլեր։ Մենք բազմիցս յայտնել ենք մեր պատրաստակամութիւնը ԵՄ հետ փոխգործակցութեան հարցում։ Նախագահական պատւիրակութեան՝ Բրիւսէլ կատարած այցի շրջանակներում նախանշւել են մի շարք ոլորտներ, որոնցում Արցախի եւ ԵՄ միջեւ համագործակցութիւնը կարող է առաւելագոյնս ապաքաղաքականացւած լինել։ Այդպիսի ոլորտների թւում են, մասնաւորապէս, քաղաքացիական հասարակութեան ինստիտուտների եւ անկախ լրագրութեան զարգացումը, Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի հետ համագործակցութիւնը, օժանդակութիւնը դատական համակարգի, առողջապահութեան եւ կրթութեան ոլորտների կատարելագործմանը։ Համագործակցութեան մէկ այլ հեռանկարային ուղղութիւն կարող է լինել աջակցութիւնը տեղական ինքնակառավարման բնագաւառում բարեփոխումների անցկացմանը։ Իրականում, Արցախի հետ ԵՄ համագործակցութիւնը կը նպաստի մեր տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդմանը։ Այն կը դառնայ առճակատումն ու մեկուսացումը որպէս հակամարտութիւնների կարգաւորման հիմք օգտագործելու անթոյլատրելիութեան ազդանշան, քանի որ դրանք պարունակում են ողջ տարածաշրջանի ապակայունացման վտանգ։ Բացի այդ, նման համագործակցութիւնը կօգնի յաղթահարել այն զգացումը, որ քաղաքական հաշւարկներն ու նկատառումները սկսել են գերիշխել ժողովրդավարական արժէքների եւ մարդու իրաւունքներ խթանման գաղափարի նկատմամբ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։