Հա

Քաղաքական

25/12/2017 - 13:20

Արցախից դուք կը վերադառնաք այլ մարդ դարձած. «TravelBlog.lv»-ն հրապարակել է Արցախի մասին ֆիլմի թրէյլերը

Մերձբալթեան երկրներից մի շարք բլոգերների կողմից ստեղծւած «TravelBlog.lv» նախագծի անդամները ճանապարհորդել են Արցախ, ինչի արդիւնքում ստեղծւել է այդ ճանապարհորդութեան մասին պատմող յատուկ ֆիլմ, որի թրէյլերն արդէն հրապարակւել է համացանցում:

«alikonline.ir» - Մերձբալթեան երկրներից մի շարք բլոգերների կողմից ստեղծւած «TravelBlog.lv» նախագծի անդամները ճանապարհորդել են Արցախ, ինչի արդիւնքում ստեղծւել է այդ ճանապարհորդութեան մասին պատմող յատուկ ֆիլմ, որի թրէյլերն արդէն հրապարակւել է համացանցում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Արցախի տեսարժան վայրերի գրաւիչ կադրերով յագեցած, տեղի հինաւուրց վանքերի, հարուստ խոհանոցի, տեղացիների աւանդոյթների, կեանքի պայմանների եւ առօրեայի մասին պատմող կարճ հոլովակը ներկայացնելիս նախագծի հիմնադիր Ալեքսանդր Ալիմովը պատմել է, որ այդ ճանապարհորդութեան իրականացման գլխաւոր դրդապատճառ է հանդիսացել բլոգեր Ալեքսանդր Լապշինի Արցախ ուղեւորութիւնն ու դրա հետեւանքով Բաքւի բանտ ընկնելը:

Եթէ ձեզ Լեռնային Ղարաբաղ գնալու հնարաւորութիւն ընձեռւի՝ ոչ մի վայրկեան չվարանեք: Հաւատացէ՛ք ինձ՝ դուք կը վերադառնաք այլ մարդ դարձած»,- գրել է Ալիմովը:

Նա նաեւ խորհուրդ է տւել Արցախ այցելողներին օգտագործել «#lovekarabakh» հեշթեգը եւ աւելացրել, որ յաջորդ ֆիլմը կը լինի Հայաստանի մասին:

Նշենք, որ ֆիլմի ամբողջական տարբերակը համացանցում կը յայտնւի 2018 թւականի յունւարի 10-ին:

Յիշեցնենք, որ Ռուսաստանի, Իսրայէլի եւ Ուկրայինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալւել էր Մինսկում 2016 թւականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, եւ արտայանձնւել Բաքւին 2017 թւականի փետրւարի 7-ին՝ 2011 թւականի ապրիլին, 2012 թւականի հոկտեմբերին եւ 2016 թւականի յունիսին Արցախ այցելելու, ինչպէս նաեւ Ադրբեջանի քաղաքականութիւնը քննադատելու համար: Սեպտեմբերի 14-ին Լապշինը լքել էր Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայէլ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։