Հա

Քաղաքական

26/12/2017 - 08:10

Ռ. Սաֆրաստեան. «Չի բացառւում, որ 2018-ին Ադրբեջանը լայնածաւալ ռազմական գործողութիւններ վերսկսի ՀՀ դէմ. նրանք չափազանց ռազմատենչ հռետորաբանութիւն են օգտագործում»

Ռուբէն Սաֆրաստեանը կարծում է, թէ 2017 թւականին Հարաւային Կովկասն անվտանգութեան տեսանկիւնից առաջընթաց չի ունեցել:

«alikonline.ir» - 2017 թւականին Հարաւային Կովկասն անվտանգութեան տեսանկիւնից առաջընթաց չունեցաւ: Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նման յայտարարութիւն արեց Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը՝ նկատելով, որ Արցախեան հակամարտութեան հարցում առաջընթաց չեղաւ: Նրա խոսքով՝ 2017 թւականին Արցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում  էլ նշանակալի յաջողութիւն չունեցանք, կեանքի չկոչւեցին նաեւ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները:

«Սա հիմնականում պայմանաւորւած է այն հանգամանքով, որ Ադրբեջանն անընդհատ սահմանի ամբողջ երկայնքով պրովոկացիոն գործողութիւններ է անում, որի նպատակն է  ազդել բանակցային գործընթացի վրայ՝ թոյլ չտալով, որ այն զարգանայ: Այստեղ Մինսկի  խումբն ունի անելիքներ, քանի որ 2017 թւականին չյաջողւեց իրականացնել այն պայմանաւորւածութիւնները, որ ձեռք էին բերւել: Չյաջողւեց հետաքննութեան  մեխանիզմները  կիրառել, հէնց սրանով է պայմանաւորւած, որ մեր տարածաշրջանում անվտանգութիւնն աւելի բարձր մակարդակի չյաջողւեց հասցնել»,- ասաց նա:

Ռուբէն Սաֆրաստեանը չի բացառում, որ 2018 թւականի Ադրբեջանը կարող է կրկին ռազմական գործողութիւններ վերսկսել հայկական կողմի դէմ: Նա նկատեց, որ Ադրբեջանի ղեկավարութիւնը չափազանց ռազմատենչ հռետորաբանութիւն է օգտագործում, որն, իր կարծիքով, ռէալ կը փորձի իրականացնել:

«Ռազմական գործողութիւնները երբեք չի կարելի բացառել, սակայն կը լինի դա միւս տարի,  թէ աւելի ուշ՝ դժւար է ասել: Այո՛, հնարաւորութիւն կայ, որ լինեն լայնածաւալ ռազմական գործողութիւններ»,- շարունակեց Ռուբէն Սաֆրաստեանը:

Վերջինս` որպէս այս տարւայ դրական տեղաշարժ ունեցող ոլորտ, առանձնացրեց բանակը, որտեղ, ըստ նրա, յաջողւել է բարձրացնել մարտունակութիւնը:

«Յաջողւեց բանակը սնել աւելի կատարեալ զէնքով, իմ կարծիքով, սա կարեւոր հանգամանք է՝ տարածաշրջանում ստեղծւած վիճակի համատեքստում: Սա մեզ հնարաւորութիւն է  տալիս աւելի հաստատակամ նայել 2018 թւականին, իսկ մեր ապահովութեան առաջին բաղադրիչը մեր բանակն է»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից իսլամական աշխարհը հայերի դէմ  կոնսոլիդացնելուն, Սաֆրաստյանը նշեց, որ սա իրեն չի զարմացնում, քանի որ նոր երեւոյթ չէ: Նրա դիտարկմամբ՝  նախադրեալներ չկան, որ 2018-ին նրանց կը յաջողւի դա անել:

«Ինչո՞ւ մինչեւ հիմա չի յաջողւել եւ 2018-ին պէտք է յաջողւի, միայն Պակիստանն է, որ կարող է ինչ-որ գործողութիւներ անել, բայց նման նախադրեալներ չկան: Չեմ կարծում, որ 2018 թւականին ինչ-որ սկզբունքային փոփոխութիւն կը լինի։ Այս առումով, նախադրեալ չկայ»,- նշեց Սաֆրաստեանը:

ՀՀ արտաքին քաղաքականութեան մէջ Ռուբէն Սաֆրաստեան առանձնացրեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Նրա կարծիքով՝ սա լաւ հնարաւորութիւն է աւելի բարձր մակարդակի հասցնելու մեր արտաքին քաղաքականութիւնը:

«Այն հանգամանքը, որ ԵՄ-ն գնաց ՀՀ-ի հետ նման համաձայնագիր ստորագրելու ճանապարհով, վկայում է այն մասին, որ ԵՄ քաղաքական միտքը՝ հիմնւելով պատմական փորձի վրայ, շատ լաւ հասկանում է ՀՀ-ի դերը: Իմ կարծիքով՝ սխալ են ՀՀ-ի «ե՛ւ,ե՛ւ»-ի, «կամուրջ» լինելու եւ այլ  մօտեցումները, քանի որ հայկական քաղաքակրթութեան դերը հարմոնիան է, համադաշնութիւն ստեղծելը կողմերի միջեւ: Յատկանշական է այն դերը, որը հայկական համայնքները Եւրոպայում խաղացին  միջնադարում,այսինքն՝ աւանդ բերեցին այս երկրների մշակոյթի  ու տնտեսութեան մէջ: Ի՞նչ է կամուրջը՝ մի բան, որի վրայով անցնում ես, սա մեր ինքնութիւնը չի արտայայտում: «Ե՛ւ,ե՛ւ» չկայ, չի կարող լինել, մարդը միանգամից 2 աթոռի չի կարող նստել եւ այլն, կամ կողմերի մէջ բալանս պահելը, ստացւում է հէնց մէկը ներքեւ իջնի, այն միւսի մօտ պիտի վազես, որ հաւասարութիւն լինի, իսկ այս վազւզոցը մեր ինքնութեանը  համարժէք չէ»,- ընդգծեց Ռուբէն Սաֆրաստեանը:

Թուրքագէտը, խօսելով հայ-թուրքական արձանագրութիւնների մասին, ասաց, թէ իր գնահատմամբ՝ վաղուց էր հասունացել այս արձանագրութիւններից ազատւելու պահը:

«Սա աւելի վաղ պիտի արւէր, քանի որ թուրքական կողմը որեւէ մտադրութիւն չունի ՀՀ-ի հետ միջպետական յարաբերութիւններ կարգաւորել: Ես այլ զարգացում չեմ տեսնում,  որովհետեւ Թուրքիային գործողութիւնների փոփոխութեան  համար նախանշան չեմ տեսնում: Քանի դեռ այս վիճակն է, կարծում եմ, որ  արձանագրութիւնները պէտք է չեղեալ համարւեն»,- շարունակեց  Թուրքագեէտը:

Ռուբէն Սաֆրաստեան անդրադարձաւ նաեւ 2017 թւականին աշխարհում կատարւած իրադարձութիւններին: Նրա գնահատմամբ՝ աշխարհը 2017 թւականին ընթացքում դարձաւ աւելի անվտանգ,  ինչը որոշ չափով պայմանաւորւած էր Սիրիական ճգնաժամի ռազմական գործողութիւնների դադարեցմամբ:

«Որոշ չափով սիրիական ճգնաժամը կարգաւորւեց, քանի որ  այն ռազմական հակամարտութիւնից տեղափոխւեց դիւանագիտական, բանակցային գործընթաց: Սա համամոլորակային առումով ամենակարեւոր երեւոյթն էր, որն, իմ ընկալմամբ, աւելացրեց անվտանգութեան մակարդակը:

«Սակայն աշխարհը դեռս կանգնած է մէկ այլ վտանգի առաջ՝ հիւսիսկորէական ճգնաժամը, որը 2017 թւականին չյաջողւեց կարգաւորել: Այստեղ միտումներն այնպիսին են, որ հնարաւորութիւն են տալիս ենթադրել, որ 2018 թւականին  այս ճգնաժամն աւելի թէժ  կը լինի»,- եզրափակեց Ռուբէն Սաֆրաստեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։