Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2017 09:00

Վրաստան է այցելել ՀՀ նախագահը

Պաշտօնական այցով երէկ՝ դեկտեմբերի 25-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը:

«alikonline.ir» - Պաշտօնական այցով երէկ՝ դեկտեմբերի 25-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: Տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:

Թբիլիսիում կայացել են երկու երկրների պաշտօնական պատւիրակութիւնների մասնակցութեամբ ընդլայնւած կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցութիւններ:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգւելաշւիլին ողջունել է բարեկամ Հայաստանի Նախագահի գլխաւորած պատւիրակութեանը Թբիլիսիում՝ ընդգծելով, թէ ուրախ է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակի տարին աւարտւում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի նշանակալի այցով, որը նոր ազդակ կը հաղորդի միջպետական յարաբերութիւնների զարգացմանը եւ երկու ժողովուրդների բարեկամութեան ամրապնդմանը:

Հայաստանի եւ Վրաստանի նախագահները երկուստեք գոհունակութեամբ են արձանագրել ընթացիկ տարում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների աճը, զբօսաշրջութեան ոլորտում նկատելի առաջընթացը, մի շարք այլ ոլորտներում եւս զարգացող համագործակցութիւնը՝ միաժամանակ նկատելով, որ փոխգործակցութեան ներուժը շատ աւելին է, եւ անհրաժեշտ է այն ամբողջութեամբ իրացնելու ուղղութեամբ երկուստեք հետեւողականորեն շարունակել աշխատանքը:

Նախագահներ Սարգսեանը եւ Մարգւելաշւիլին կարեւորել են նաեւ տարածաշրջանային անվտանգութիւնն ու խաղաղութիւնը՝ տարածաշրջանի երկրների բարեկեցութեան, տնտեսութիւնների զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովման տեսանկիւնից:

Ընդլայնւած կազմով հանդիպման ժամանակ պատւիրակութիւնների անդամները ներկայացրել են իւրաքանչիւրն իր ոլորտում համագործակցութիւնը, իրականացւող համատեղ ծրագրերի ընթացքը, ձեռքբերումներն ու խնդիրները եւ դրանց լուծման ու փոխգործակցութեան խորացման ուղղութեամբ յանձնարարութիւններ ստացել նախագահներից:

Ընդլայնւած կազմով բանակցութիւններից յետոյ տեղի է ունեցել երկու երկրների նախագահների առանձնազրոյցը, որին հետեւել է նրանց համատեղ մամլոյ ասուլիսը:

Վրաստանի նախագահ Գէորգի Մարգւելաշւիլին նշել է, որ Հայաստանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին եւ Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չեն վնասել հայ-վրացական տնտեսական համագործակցութեանը:

«Մենք ունենք տնտեսական համագործակցութեան, ապրանքաշրջանառութեան աճ: Պէտք է նկատեմ, որ նաեւ զբօսաշրջութեան ոլորտում աճ ունենք: Կարեւորում եմ պարոն Սերժ Սարգսեանի այցը, քանի որ դա եւս մէկ քայլ է երկկողմ յարաբերութիւններն աւելի խորացնելու ուղղութեամբ: Վստահ եմ, որ մենք կարող ենք աւելի խոարցնել համագործակցութիւնը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ»,- ընդգծել է Վրաստանի նախագահը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն էլ շնորհակալութիւն է յայտնել հրաւէրի եւ ջերմ ընդունելութեան համար, եւ բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական, եղբայրական յարաբերութիւնները:

«Այսօր մենք անդրադարձանք մեր ընդլայնւող առեւտրատնտեսական օրակարգին՝ առաջին հերթին կարեւորելով ընթացիկ համագործակցութեան խորացումն այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան եւ տրանսպորտը, այդ թւում նաեւ մեր երկրների տարանցիկ կարողութիւնների եւ դրանց արդիւնաւէտ օգտագործման հնարաւորութիւնների զարգացումը: Խօսեցինք զբօսաշրջութեան, տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտում նախանշւած ծրագրերի մասին՝ հաշւի առնելով առկայ մեծ ներուժը: Օրակարգում էին նաեւ համատեղ արդիւնաբերական ձեռնարկութիւնների ստեղծումը: Ես պարոն նախագահին ասեցի, որ իմ կարծիքով վրացական կողմը պէտք է օգտագործի Հայաստանի հնարաւորութիւնները  իր արտադրանքը Եւրասիական տնտեսական միութեան շուկաներում վաճառելու հարցում. ցանկացած գրանցւած ընկերութիւն Հայաստանում կարող է ուղղակի շատ օգտակար լինել այս առումով: Յատկապէս ուզում եմ շեշտել Իրանի սահմանին ստեղծւած նոր ազատ տնտեսական գօտին, որը շատ մեծ հնարաւորութիւն կը տայ նաեւ վրացական ապրանքներն ու ծառայութիւնները արտահանելու մէկ այլ վճարունակ շուկայ՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւն»,- իր խօսքում նշել է ՀՀ նախագահը:

Նշենք, որ երէկ՝ երեկոյեան ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը տիկ. Ռիտա Սարգսեանի հետ այցելել է Թբիլիսիի «Յովհաննէս Թումանեանի տուն» գիտամշակութային կենտրոն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը եւ տիկ. Ռիտա Սարգսեանը վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի եւ գիտամշակութային կենտրոնի տնօրէն Գիսանէ Յովսեփեանի ուղեկցութեամբ շրջայց են կատարել կենտրոնում, ծանօթացել վերանորոգումից յետոյ իրականացւած աշխատանքներին եւ շփւել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Գիշերն ի պատիւ պաշտօնական այցով Վրաստանում գտնւող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի եւ տիկ. Ռիտա Սարգսեանի` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգւելաշւիլիի եւ տիկ. Մակա Չիչուայի անունից տրւել է պաշտօնական ընթրիք:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։