Հա

Քաղաքական

27/12/2017

Է. Շարմազանով. «Չճանաչելով արցախցիների ինքնորոշման իրաւունքը՝ հարցականի տակ է դրւում ԽՍՀՄ-ի մի շարք պետութիւնների անջատումը, որոնք ԵՄ անդամ են»

Չճանաչելով Արցախը, հարցականի տակ դնելով արցախցիների ինքնորոշման իրաւունքը՝ հարցականի տակ է դրւում ԽՍՀՄ մի շարք պետութիւնների անջատումը, որոնք ներկայում ԵՄ անդամ են:

«alikonline.ir» - Չճանաչելով Արցախը, հարցականի տակ դնելով արցախցիների ինքնորոշման իրաւունքը՝ հարցականի տակ է դրւում ԽՍՀՄ մի շարք պետութիւնների անջատումը, որոնք ներկայում ԵՄ անդամ են: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը:  

«Բանակցութիւններն ինչի՞ն են նւիրւած, բա Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափն ինչի՞ն է նւիրւած: ՄԽ հիմքը հետեւեալն է՝ հասնել Արցախի միջազգային ճանաչմանը: Մեր նպատակը Արցախի ժողովրդի կողմից իր վերջնական ճակատագրի որոշումն է, որը պէտք է ճանաչւի միջազգային հանրութեան կողմից: Սա է խնդիրը: Բանակցութիւնների թեման սա է»,- ասաց Շարմազանովը:

Նա շեշտեց, որ Ադրբեջանը երբեք Արցախի մաս չի կազմել: «Մէկ անգամ չէ, որ մենք նշել ենք, որ եթէ ցանկանում ենք արդիւնաւէտ լուծել Արցախի հիմնախնդիրը, պէտք է վերացնենք ոչ թէ հետեւանքները, որի մասին խօսում է Ադրբեջանը՝ նոյն տարածքներ, փախստականներ, հազար ու մի մանր… այլ վերացնենք պատճառները: Իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, մինչ օրս չի գիտակցում, որ Արցախի ժողովուրդն ունի անկախ ապրելու նոյնպիսի իրաւունք, ինչպիսին Ադրբեջանի, Հայաստանի եւ նախկին ԽՍՀՄ երկրների ժողովուրդները»,- ասաց նա։

Շարմազանովը շեշտեց՝ Արցախի քաղաքացիներն անկախացել են ոչ թէ Ադրբեջանից, այլ՝ Խորհրդային Միութիւնից:

«Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, անկախ Ադրբեջանի մասը չի կազմել, Արցախը ԽՍՀՄ-ից անջատւել է մինչ միութեան փլուզումը: Անջատւել է նոյն իրաւական հիմքերի վրայ, ինչպիսին ԵՄ անդամ ներկայիս 3 պետութիւնները, որոնք եղել են ԽՍՀՄ անդամներ»,- մանրամասնեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Էդւարդ Շարմազանովն ասաց, որ Լատւիան, Լիտւան, Էստոնիան, Հայաստանը, Վրաստանը ԽՍՀՄ-ից անջատւել են նոյն իրաւական հիմքով, որ հիմքով որ անջատւել է Արցախը: «Էդ ո՞նց եղաւ, որ մի տեղ ադաթ է, մի տեղ՝ չէ»,- յաւելեց նա:

Շարմազանովը նշեց, որ օրերս ինքը այցելել էր Լատւիա, որտեղ ելոյթ է ունեցել եւ խօսել այդ մասին: «Հայաստան-Եւրոմիութիւն համաձայնագրով, որտեղ կայ Ղարաբաղեան հակամարտութեան մասին դրոյթ, յստակ գրւած է, որ ընդունւում են միջազգային 3 սկզբունքները՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականութիւն, ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի իրացում: Յուսով ենք, որ եւրոպական մեր գործընկերները հնարաւորինս շուտ կը վաւերացնեն այն, ինչից յետոյ այդ դրոյթները կունենան օրէնքի ուժ, ԵՄ անդամ-երկրները օրէնքի ուժով կընդունեն, որ այդ 3 սկզբունքներից շեղւել չի կարելի»,- ասաց խորհրդարանի փոխխօսնակը:

Ըստ նրա՝ Հայաստանում կարծում են, որ թէ աշխարհն անգիր գիտի՝ Ղարաբաղը որտեղ է, որտեղ են Հայաստանն ու Ադրբեջանը, բայց դա այդպէս չէ: Ուստի նա կարեւորեց տեղեկատւութեան հասանելիութիւնը:

Խօսելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի՝ Վրաստան կատարած այցի մասին, Էդւարդ Շարմազանովն ասաց, որ ինքը մասնակցել է այցին եւ հպարտութիւն է ապրել:

«Հայաստանի նախագահը տարածաշրջանում անվտանգութեան ապահովման լիդեր է, որն ամէն ինչ անում է ռեգիոնալ անվտանգութեան ապահովման, կայունութեան համար: Սա հպարտութիւն պէտք է ներշնչի պետական մտածելակերպ ունեցող իւրաքանչիւր մարդու»,- նշեց նա:

Հարցին՝ արդեօք քննարկւե՞լ է Հայաստանից Ռուսաստան Աբխազիայով եւ Հարաւային Օսիայով բեռներ փոխադրելու հնարաւորութիւնը, նա նշեց. «Այն, ինչ պաշտօնապէս տրւել է, բաւարարւէք այդքանով: Ամէն ինչ նորմալ գնում է»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։