Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2017 08:40

Մանուէլ Սարգսեան. «Արցախեան հիմնախնդրի կարգաւորման մօտեցումը պէտք է փոխւի. հարկաւոր է ջանքերն ուղղել Արցախի ճանաչման ուղղութեամբ»

Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Մանուէլ Սարգսեանի խօսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն ամենայարմարն է արցախեան հիմնախնդրի կարգաւորման համար, «աշխարհի տէր ու տիրականներն» են այնտեղ հաւաքւել:

«alikonline.ir»- Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Մանուէլ Սարգսեանի խօսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն ամենայարմարն է արցախեան հիմնախնդրի կարգաւորման համար, «աշխարհի տէր ու տիրականներն» են այնտեղ հաւաքւել: Նա «tert.am»-ի հետ զրոյցում նկատեց՝ ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ Եւրոմիութիւնը, ո՛չ առաւել եւս ԵԱՏՄ-ն հիմնախնդիրը լուծող չեն: Բացի դրանից` նա նշեց, որ ձեւաչափը փոխելն էլ լուրջ գործընթաց է եւ միանգամից դա անել հնարաւոր չէ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Հիմնախնդրի կարգաւորման մօտեցումը պէտք է փոխւի: Ժամանակին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում ընդունւեցին բանաձեւեր, յետոյ սկզբունքներ, որոնք դրւեցին կարգաւորման գործընթացի հիմքում: Այդ ժամանակւանից մինչ հիմա ոչինչ չի փոխւել, մի կարեւոր հանգամանքից բացի, որ 2007 թւականին արդէն ԵԱՀԿ Մինսկի խումբը ճանաչել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը եւ ձեւակերպել այդ մասին»,- ասաց նա:

Մանուէլ Սարգսանի նկատառմամբ՝ միջազգային հանրութիւնը կոնսենսուսի եկել է արցախեան հիմնախնդրի կարգաւորման ձեւաչափի շուրջ, սակայն այս տարիների ընթացքում Ադրբեջանն է, որ չի ընդունում առաջարկւած կարգաւորման սկզբունքները: «Ադրբեջանը չի ցանկանում, որ այդ սկզբունքների վրայ լուծւի խնդիրը: Ադրբեջանը պատերազմել է եւ կորցրել է տարածքներ, որոնք ցանկութիւն ունի ներգրաւել իր պետութեան մէջ: Առաջարկւող սկղբունքներով, սակայն, առաջարկւում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ճանաչել, սակայն ինչո՞ւ պէտք է դա անի Ադրբեջանը»,- իր տարակուսանքը յայտնեց քաղաքագէտը:

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը փորձում է տապալել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը, Մանուէլ Սարգսեանը նկատեց՝ Ադրբեջանը պարզապէս խօսում է սպառնալիքի լեզւով: «Նա փորձում էր հասկացնել, որ եթէ ԵԱՀԿ Մինսկի խումբը պարտադրի եղած սկզբունքները, ապա ինքը կը հրաժարւի այդ ձեւաչափից: Բայց Ադրբեջանն էլ շատ շուտ, յատկապէս ապրիլեան պատերազմից յետոյ հասկացել է, որ իրենք ի վիճակի չեն ինչ-որ բան անել: Ադրբեջանի միակ խնդիրը հիմա իր իրաւունքն իր ձեռքը պահելն է: Միջազգային յարաբերութիւններում տարածքները ճանաչւած են որպէս ադրբեջանական, եւ հիմա Ադրբեջանը փորձում է իր այդ իրաւունքը պահել»,- ասաց նա:

Մանուէլ Սարգսեանի խօսքով՝ Հայաստանը պէտք է փոխի իր մօտեցումը եւ ջանքերն ուղղի Արցախի ճանաչման ուղղութեամբ: «Պէտք է Արցախը ճանաչւի այլ երկրների կողմից, դիւանագիտական յարաբերութիւններ հաստատւեն երկրների միջեւ, թող Ադրբեջանն ինչքան ուզում է՝ գոռա: Մենք պէտք է անենք նոյնը, ինչ Կոսովոյի դէպքում եղաւ- ասաց նա՝ նկատելով, որ այս հարցին շատ անլուրջ է վերաբերում ՀՀ-ն ,- Հայաստանի քաղաքական ուժերը միակն են երկրագնդի վրայ, որոնք երբեք լուրջ չեն վերաբերում այս հարցին՝ համոզւած լինելով, որ իրենք հանճար են: 25 տարի է, նրանք ոչինչ չեն անում այդ ուղղութեամբ»,- ասաց նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։