Հա

Քաղաքական

30/12/2017

Դաւիթ Բաբայեան. «Ալի Հասանովն այս անգամ զուսպ, պարկեշտ գտնւեց եւ չյայտարարեց, որ պատրաստ են նաեւ Երեւանին ինքնավարութիւն տալ»

Ադրբեջանում մի դէպքում յայտարարում են, որ պատրաստ են Արցախին լայն ինքնավարութիւն տալ, միւս դէպքում էլ ասում են, որ հայերը եկւոր են, իրաւունք չունեն Արցախում ապրել, Երեւանն էլ է իրենցը: Պարզապէս Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը այս անգամ շատ զուսպ, պարկեշտ գտնւեց եւ չյայտարարեց, որ պատրաստ են նաեւ Երեւանին ինքնավարութիւն տալ: Այստեղ որոշակի դրական զարգացումներ տեսնում ենք: «Tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանում մի դէպքում յայտարարում են, որ պատրաստ են Արցախին լայն ինքնավարութիւն տալ, միւս դէպքում էլ ասում են, որ հայերը եկւոր են, իրաւունք չունեն Արցախում ապրել, Երեւանն էլ է իրենցը: Պարզապէս Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը այս անգամ շատ զուսպ, պարկեշտ գտնւեց եւ չյայտարարեց, որ պատրաստ են նաեւ Երեւանին ինքնավարութիւն տալ: Այստեղ որոշակի դրական զարգացումներ տեսնում ենք: «Tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը:

«Մենք բոլորս Արցախում ցնցւել ենք այս յայտարարութիւնից: Հասանովի յայտարարութեան նման նոր տարւայ նւէր Արցախին, ժողովրդին որեւէ մէկը չի արել: Մենք այնքան ենք ուրախացել, որ Ադրբեջանը պատրաստ է մեզ, վերջապէս, ինքնավարութիւն տրամադրել, մեր անվտանգութիւնը, արժանապատւութիւնը, իրաւունքները պաշտպանել: Պէտք է շնորհակալութիւն յայտնենք Ալի Հասանովին, որ այնպիսի յայտարարութիւն է արել: Միգուցէ նա նաեւ շատ լաւ Ձմեռ պապ կը լինէր այդպիսի յայտարարութիւն անելով»,- նշեց Դաւիթ Բաբայեանը:

Ինչպէս երէկ յայտնել էին ադրբեջանական լրատւամիջոցները, Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը յայտարարել էր, թէ Ադրբեջանը պատրաստ է Արցախին լայն ինքնավարութիւն տալ՝ Ադրբեջանի կազմում, լիարժէք երաշխաւորել այնտեղ բնակւող հայ բնակչութեան քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրաւունքները՝ համաձայն Ադրբեջանի օրէնսդրութեան եւ միջազգային իրաւունքների:

Արցախի նախագահի մամուլի քարտուղարի խօսքով՝ նման յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ Ադրբեջանում ներքին արժեհամակարգը շատ վատ վիճակում է՝ շատ բարձր տեմպերով դեգրադացիա է գնում: Ըստ նրա՝ այս յայտարարութիւնը միջազգային հանրութեան հանդեպ անյարգալից վերաբերմունք է եւ սեփական ժողովրդի հանդէպ ատելութիւն:

«Նման յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, քան հակամարտութեան շարունակականութեան ապահովում, եւ շարունակելով այդ հակամարտութիւնը, Ադրբեջանը սեփական ժողովրդի տառապանքների, նոր զոհերի շարունակութիւնն է ապահովում: Այս յայտարարութիւնն առաջին հերթին ուղղւած է Ադրբեջանի ժողովրդի դէմ: Եթէ Ալի Հասանովը եւ մնացածները իրօք մտածէեին Ադրբեջանի մասին, ոչ թէ իրենց շահերի, նրանք վաղուց արդէն ճանաչած կը լինէին Արցախի անկախութիւնը, ինչքան էլ դա դժւար լինէր: Եւ սա կը փրկէր հազարաւոր, եթէ ոչ տասնեակ հազարաւոր ադրբեջանցիների կեանք»,- ասաց նա:

Դաւիթ Բաբայեանի համար անհասկանալի է, թէ ինչու են Ադրբեջանում մի կողմից յայտարարում Արցախին լայն ինքնավարութիւն տալու մասին, իսկ որոշ ժամանակ առաջ բարձրացնում են հայ սպայ Գուրգէն Մարգարեանին քնած վիճակում կացնահարած Ռամիլ Սաֆարովի կոչումը:

«Ադրբեջանում տարւայ ընթացքում 100 կամ 300 հոգու գնդապետի կոչում են տալիս, բայց ոչ մի անգամ չեն բարձրաձայնում: Իսկ երկու շաբաթ առաջ Սաֆարովին գնդապետի կոչում տւեցին եւ յատուկ դա բարձրաձայնեցին՝ ցոյց տալու համար, որ այդ կացնային ցեղասպան քաղաքականութիւնը շարունակելու են: Երկու շաբաթ յետոյ նման յայտարարութիւն են անում, սա իրօք նշանակում է, որ այնտեղ լուրջ դեգրադացիա է»,- նկատեց Դաւիթ Բաբայեանը:

Նրա կարծիքով՝ միայն Ադրբեջանի քաղաքական վերնախաւը չի համակերպւում Արցախի անկախութեան հետ, իսկ հասարակ ժողովուրդը հակառակ կարծիքին է. «Ժողովրդի կարծիքը շատ լաւ երեւաց ապրիլեան պատերազմի ժամանակ, երբ 300 հազարից աւելի Ադրբեջանի քաղաքացիներ Արցախի սահմանամերձ շրջաններից անմիջապէս լքեցին տարածքը: Այսինքն՝ նրանք պատրաստ չեն եւ չեն ուզում Ալիեւի կլանի համար զոհւել»:

Հարցին, թէ Արցախում, բացի լրատւամիջոցներին մեկնաբանութիւն տալուց, պատրաստւո՞ւմ են պաշտօնական պատասխան տալ Ադրբեջանի փոխվարչապետի յայտարարութեանը, Դաւիթ Բաբայեանը պատասխանեց. «Անիմաստ է, այստեղ ի՞նչ պաշտօնական յատուկ յայտարարութիւն անես: Միայն կարող է առողջապահութեան նախարարութիւնը յայտարարութիւնով հանդէս գալ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։