Հա

Քաղաքական

Կիրակի, 31 Դեկտեմբերի 2017 09:00

Գոհար Իսկանդարեան. «Տնտեսական որոշ գործընթացներ եղել են, սակայն հայ-իրանական անկիւնաքարային խնդիրը մնացել է առեւտրաշրջանառութեան ծաւալների մեծացումը»

Իրանագէտ Գոհար Իսկանդարեանի խօսքով՝ հայ-իրանական յարաբերութիւններում 2017-ը բաւական յագեցած է եղել, յարաբերութիւնների զարգացման միտումներ նկատելի են եղել:

«alikonline.ir»- Իրանագէտ Գոհար Իսկանդարեանի խօսքով՝ հայ-իրանական յարաբերութիւններում 2017-ը բաւական յագեցած է եղել, յարաբերութիւնների զարգացման միտումներ նկատելի են եղել: Նա «tert.am»-ի հետ զրոյցում մատնանշեց՝ տարւայ ընթացքում եղել են բաւական շատ փոխայցելութիւններ՝ տարբեր մակարդակներով:

«Կարեւոր էր հոկտեմբերին վարչապետ Կարէն Կարապետեանի այցն Իրան, որի ժամանակ բազմաթիւ պայմանագրեր կնքւեցին, հիւրընկալեցինք Իրանի արտաքին գործերի նախարարին: Նրա այցի ժամանակ քննարկւեցին տարածաշրջանային անվտանգութեան հարցեր, այնուհետ Մեղրիում հայ-իրանական սահմանին բացւեց ազատ առեւտրի գօտին, ինչը կարեւոր քայլ էր տնտեսական յարաբերութիւնների զարգացնելու համար: Կարեւոր էր նաեւ ազատ վիզայի ռեժիմի սահմանումը»,- ասաց նա:

Գոհար Իսկանդարեանը նկատեց նաեւ՝ հայ-իրանական յարաբերութիւնները քննարկելիս պէտք չէ միայն կենտրոնանալ քաղաքական, տնտեսական ոլորտների վրայ: Այս տարի տեղի են ունեցել բաւականին շատ գիտական, մշակութային եւ կրթական միջոցառումներ:

«Դրանք երբեմն ուշադրութիւնից վրիպում են, բայց դրանք էլ են շատ կարեւոր»,- ասաց նա՝ յիշատակելով, որ շատ կարեւոր միջոցառում է Իրանի ազգային թանգարանում ցուցադրւող Հայաստանի պատմութեան թանգարանի նմուշները,- դրանք Ուրարտական ժամանակաշրջանի նիւթեր են, բացառիկ են: Դա շատ կարեւոր միջոցառում էր՝ ճանաչողական նպատակներով ներկայացնելու Հայաստանը: Այն շատ մեծ արձագանգ է ստացել Իրանում, մօտ 300 հազար այցելուներ է ունեցել: Իրանական մամուլը՝ գրեթէ բոլոր լրատւամիջոցներն անդրադարձել են ցուցադրութեանը»:

Ընդհանրապէս տարւայ ընթացքում հայկական թեմաները մեծ լուսաբանում են ստացել իրանական լրատւամիջոցներում: Ըստ Գոհար Իսկանդարեանի՝ թեմաները բազմազան էին՝ քաղաքական, մշակութային, գիտական եւ կրթական:

Իրանագէտը մատնանշեց նաեւ՝ վերջերս իրանական բիզնես պատւիրակութեան այցելութիւնը Հայաստան: Նա նկատեց, որ թւում է, որ այս տարիների ընթացքում պէտք է իրար ճանաչենք, սակայն այդպէս չէ, իսկ նման այցելութիւնները նպաստում եմ միմեանց մասին ճանաչողութեան բարձրացմանը:

«Մեր քաղաքականութիւնն էլ անընդհատ փոփոխութիւնների է ենթարկւում: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, եւրոպական արժեհամակարգի մաս ենք կազմում: Նրանք պէտք է ճանաչեն մեզ եւ հասկանան, թէ ինչպէս կարող են համագործակցել, ի վերջոյ բիզնեսը հիմնւած է ճանաչողութեան վրայ»,- ասաց նա:

Գոհար Իսկանդարեանը նաեւ ներկայացրեց, որ անցնող տարւայ ընթացքում եղել են փոխայցելութիւններ նաեւ գիտական ոլորտի ներկայացուցիչների շրջանում: «Երեւանի պետական համալսարանում գիտաժողովներ եղան երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակին նւիրւած, մեր գիտնականներն էլ հրաւիրւեցին Իրան: Այդ միջոցառումները շատ կարեւոր են, մենք բոլոր ոլորտներում պէտք է համագործակցենք միմեանց հետ՝ տնտեսագէտները միմեանց հետ պէտք է համագործակցեն, դիւանագէտները՝ միմեանց, գիտնականները՝ միմեանց՝ մատնանշելով խնդիրները եւ ներկայացնելով դրանց լուծման, համագործակցութեան ուղիները»,- ասաց նա:

Հայ-իրանական յարաբերութիւններում, ըստ Գոհար Իսկանդարեանի՝ եղել եւ 2017-ին էլ, անկիւնաքարային խնդիրը մնացել է առեւտրաշրջանառութեան ծաւալների մեծացումը: «Իրանական մօտ 80 միլիոնանոց շուկան պետք է գոնէ մի փոքր բաց լինի Հայաստանի համար: Մի փոքր բացւելու պարագայում, մենք կարող ենք շատ շահել: Բացի այդ՝ արդէն ասացի, մենք էլ իրենց համար դեռ ամբողջովին բաց եւ թափանցիկ չենք: Երբ իրենց գործարարները փորձում են ներդրումներ անել, նրանք ամբողջովին պէտք է հասկանան մեր օրէնսդրական դաշտը, պէտք է հասկանան, թէ ինչպէս կարող են իրենք ԵԱՏՄ շուկայ մտնել: Նրանք պէտք է այդ գործընթացները յաղթահարեն: Շատերն արդէն յաղթահարել են, կան հայ-իրանական համատեղ թեկուզեւ փոքր գործարաններ, որոնք աշխատում են, բայց կան նաեւ շատ այլ նախագծեր, որոնք դեռ ուսումնասիրւում են»,- ասաց նա:

Գոհար Իսկանդարեանը նաեւ յիշատակեց, որ վերջերս Հայաստանում կազմակերպւած հայ-իրանական գործարարների ֆորումի ժամանակ ե՛ւ ՀՀ վարչապետը, ե՛ւ արտգործնախարարը, եւ, նաեւ Իրանում ՀՀ դեսպանը իւրաքանչիւրն իր տեսանկիւնից իրանցիներին ներկայացրեց, որ Հայաստանում ներդրումներ անելը նրանց համար շահաւէտ է:

«Հայաստանը փոքր շուկայ ունի, եւ այդ առումով այնքան էլ հետաքրքիր չէ Իրանի համար: Այլ հարց է, որ Հայաստանն անդամակցում է մի շարք տնտեսական կառոյցների, որոնք միջոցով կարող է տնտեսական կամուրջ դառնալ, որ իրանական ապրանքները հասնեն ԵԱՏՄ եւ, նաեւ եվւրոպական շուկայ»,- նշեց նա:

Քաղաքական յարաբերութիւններում էլ, ինչպէս նախորդ տարիներին, այնպես էլ՝ 2017-ին, Հայաստանը Իրանի հետ լուրջ խնդիրներ չունեցաւ: «Յատկապէս տարածաշրջանային խնդիրների հետ կապւած Իրանն ու Հայաստանը միշտ ունեցել են միանման կարծիքներ: Եթէ որեւէ հարցի հետ կապւած տարաձայնութիւն է եղել, գոնէ պահպանել են չէզոքութիւն, երբեք իրար դեմ չեն աշխատել»,- ասաց նա:

2017 թւականը բաւականին լաւ հիմքեր է ստեղծել 2018 թւականին հայ-իրանական յարաբերութիւնները զարգացնելու համար: «Ճանաչելիութիւն է ապահովւել: Տնտեսական հարթութեան վրայ որոշակի գործընթացներ իրականացւել են, որոնք կապահովեն արդիւնքներ: Եթէ միւս տարի, դիցուք, բացւեն մի քանի նախագծեր, ես կը համարեմ, որ 2017 թւականին ցանած սերմերը տալիս են իրենց արդիւնքները»,- ասաց նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։