Հա

Քաղաքական

03/01/2018

Գոգոլաշւիլի. «Եթէ Ադրբեջանն ու Թուրքիան դէմ լինեն Հայաստանի համար Հարաւային Օսիայի եւ Աբխազիայի ճանապարհների բացմանը, Վրաստանը կառաջնորդւի իր շահերով»

Ադրբեջանն ու Թուրքիան դէմ կը լինեն, որ Հայաստանի համար դէպի Ռուսաստան արտահանումներ իրականացնելու համար ճանապարհ բացւի Հարաւային Օսիայով եւ Աբխազիայով, որն, ըստ էութեան, կը դառնայ այլընտրանք Վերին Լարսին: Ասաց Թբիլիսիի «Եւրոպական ուսումնասիրութիւնների կենտրոնի» ղեկավար, քաղաքագէտ Կախա Գոգոլաշւիլին:

«alikonline.ir» - Ադրբեջանն ու Թուրքիան դէմ կը լինեն, որ Հայաստանի համար դէպի Ռուսաստան արտահանումներ իրականացնելու համար ճանապարհ բացւի Հարաւային Օսիայով եւ Աբխազիայով, որն, ըստ էութեան, կը դառնայ այլընտրանք Վերին Լարսին: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Թբիլիսիի «Եւրոպական ուսումնասիրութիւնների կենտրոնի» ղեկավար, քաղաքագէտ Կախա Գոգոլաշւիլին:

«Դա Վրաստանի ինքնիշխանութեան հարցն է, դա Վրաստանի իրաւունքն է՝ բացել այս ճանապարհը: Եթէ Թուրքիան ու Ադրբեջանը դէմ լինեն այդ որոշմանն ու արտայայտեն իրենց դժգոհութիւնը, Վրաստանը կը շարունակի առաջնորդւել իր շահերով՝ որպէս ինքնիշխան երկիր»,- ասաց Կախա Գոգոլաշւիլին:

Յիշեցնենք, որ Վրաստանի իշխանութիւնները յայտարարել էին, որ ֆորս-մաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտւել դէպի Ռուսաստան Հարաւային Օսիայով եւ Աբխազիայով անցնող ճանապարհով:

Այս ճանապարհները բացելու համար, նրա խօսքով, առաջին հերթին հարկաւոր է կարգաւորել ռուս-վրացական հակամարտութիւնը: Գոգոլաշւիլին նշեց, որ այդ ճանապարհները պարբերաբար սպառնալիք են Վրաստանի անվտանգութեանը, որովհետեւ եթէ այն բացւի, յայտնի չէ, թէ ինչպէս իրեն կը պահի Ռուսաստանը:

«Եթէ Ռուսաստանը դուրս բերի իր զօրքերը այդ տարածքներից, հաւանաբար, Վրաստանը կողմ կը լինի Հարաւային Օսիայի եւ Աբխազիայի տարանցիկ ճանապարհների բացմանը: Բայց Ռուսաստանը դրան չի գնայ: ՌԴ-ին ձեռնտու է այդտեղ ունենալ ռազմական բազաներ, իրենց ձեռնտու է, որ այնտեղ տանկեր կանգնած լինեն, պատերազմեն հարեւան պետութեան հետ, քան տնտեսական շահի հետեւից ընկնեն»,- ասաց վրացի փորձագէտը:

Կախա Գոգոլաշւիլին նշեց, որ իրավիճակը փակուղային է:

Նա ասաց, որ մշտապէս այս ճանապարհը բաց պահել հնարաւոր չի լինի. Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի ճանապարհը կարող է բացւել ծայրայեղ պայմաններում, երբ օրինակ Լարսը փակ լինի:

«Քանի դեռ ռուս-վրացական հակամարտութեան կարգաւորման գործընթացում առաջընթաց չկայ, դժւար է որոշակի հարցերում համաձայնութեան գալ, կան դետալներ, ինչպես օրինակ` բեռնափոխադրումների անվտանգութեան ապահովումը, մաքսակէտերի տեղադրումը, մարդկանց տեղաշարժը, որոնք շրջանցել հնարաւոր չի լինի, դրանք պէտք է համաձայնեցնել»,- ասաց Կ. Գոգոլաշւիլին:

Քաղաքագէտի խօսքով՝ դժւար է պատկերացնել, որ մօտ ապագայում հարաւային Օսիայի ու Աբխազիայի ճանապարհը կը բացւի, որովհետեւ Վրաստանի ու Ռուսաստանի յարաբերութիւնները չեն մերձեցել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։