Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 04 Յունւարի 2018 09:20

Միհրան Յակոբեան. «Ադրբեջանի ղեկավարութիւնը վաղ թէ ուշ ստիպւած է լինելու հաշւի նստել Արցախի ժողովրդի որոշման հետ»

Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի վերսկսման համար դրական միտումները տեսանելի են, բայց ոչ բաւարար: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Միհրան Յակոբեանը:

«alikonline.ir» - Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի վերսկսման համար դրական միտումները տեսանելի են, բայց ոչ բաւարար: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Միհրան Յակոբեանը:

Ըստ նրա՝ 2017 թւականը յարաբերական խաղաղութեան տարի էր: «Ադրբեջանը, պահպանելով իր ապակառուցողական դիրքորոշումները բանակցային սեղանի շուրջ, ամէն դէպքում մասնակցում է դրանց, եւ կարծում եմ, որ այս տարի էլ կը շարունակի դրանց մասնակիցը լինել: Դրա վառ ապացոյցն են արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումները եւ այս տարի սպասւող հանդիպումը: Ամէն դեպքում, լուրջ պոռթկումներ, լուրջ առաջընթաց գոնէ ինձ համար տեսանելի չէ»,- ասաց Միհրան Յակոբեանը:

Պատգամաւորը նշեց, որ այն պայմանաւորւածութիւնները, որոնք ձեռք են բերւել նախարարների մակարդակով, բանակցային սեղանի շուրջ չեն իրականացւել, որովհետեւ Ադրբեջանը հրաժարւել է դրանցից:

Հարցին՝ ինչի՞ց է կախւած բանակցութիւններում առաջընթաց՝ պոռթկում, գրանցելը, Միհրան Յակոբեանը պատասխանեց. «Դա կախւած է նրանից, թէ ինչքան ուժեղ կը լինենք մենք: Որքան ուժեղ լինենք, որքան կարողանանք տնտեսական ու ռազմական մեր պոտենցիալը մեծացնել, այնքան շահեկան վիճակում կը գտնւենք: Հէնց Ադրբեջանի ղեկավարութիւնը հասկանայ, որ ռազմական ճանապարհով խնդրի կարգաւորման շանս չունի, այդ ժամանակ ստիպւած է լինելու իրական բանակցութիւնների գնալ:

Այս պահին Ադրբեջանի ղեկավարութիւնը մտածում է, որ ռազմական ճանապարհով հարցը կարգաւորելու շանս ունի, այս տարբերակը նրանց մտքում կայ: Եթէ մենք ուժեղ լինենք, որակապէս այլ պետութիւն դառնանք, Ադրբեջանի ղեկավարութիւնը կը հասկանայ, որ պատերազմի ճանապարհով խնդիրը լուծելու տարբերակ չունի, ստիպւած կը լինելի նստել բանակցութիւնների սեղանի շուրջ, սկսել առարկայական քննարկումներ»:

Միհրան Յակոբեանը շեշտեց՝ Արցախի ժողովուրդն է որոշելու եւ որոշել իր ճակատագիրը, իսկ Ադրբեջանին մնում է համակերպւել այդ որոշման հետ:

«Որ պահին դա կը լինի, որ պահին Ադրբեջանը կը համակերպւի որոշման հետ, դժւար է ասել, բայց այլ տարբերակ չկայ, քան՝ համակերպւելը: Ադրբեջանի ղեկավարութիւնը վաղ թէ ուշ ստիպւած է լինելու հաշւի նստել այդ որոշման հետ: Մեզանից է կախւած, թէ որքան շուտ է դա լինելու»,- ասաց Միհրան Յակոբեանը:

Բանակցութիւնները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքոյ, որոնց ձեւաչափը, պատգամաւորի խօսքով, Ադրբեջանի համար ընդունելի չէ, ուստի իրենք փորձում են վիժեցնել այն: Միւս կողմից էլ, ըստ Յակոբեանի, իրենք չեն կարող հրաժարւել միջազգային մանդատ ունեցող այս խմբի ֆորմատից, ինչի արդիւնքում էլ «պարզապէս բանակցում են բանակցելու համար»:

«Նրանք գալիս են բանակցութիւնների հետեւեալ սկզբունքով՝ հիմա եկել ենք խօսենք, որ տեսնենք, թէ յետոյ ինչ կը լինի: Որ պահին հասկանան, որ «յետոյ»-ն իրենց համար լաւ չի լինելու, նստելու են բանակցային սեղանի շուրջ, փորձելու են պայմանաւորւել: Ադրբեջանն, ունենալով յսկայական նաւթի պաշարներ, յոյս է ունեցել, որ ռազմական ճանապարհով իր մօտեցումները թելադրելու է, բայց Ադրբեջանի լաւագոյն տարիներն անցան: Հիմա պէտք է որոշեն՝ բանակցում են, թէ փորձում են ձգձգել բանակցութիւնները»,- ընդգծեց Միհրան Յակոբեանը:

2018 թւականը իրադարձութիւններով լի տարի կը լինի, նրա համոզմամբ, որովհետեւ Ադրբեջանում սպասւում են նախագահի ընտրուիւններ: Դրանցով պայմանաւորւած, ըստ Յակոբեանի, սրացումներ դժւար թէ լինեն: «Իրենց շահերից չի բխում սրացումների գնալ, դա կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ իշխանութիւնը պահելու տեսանկիւնից: Կարծում եմ, որ սրեցման չեն գնայ գոնէ այս տարւայ առաջին կէսում»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։