Հա

Քաղաքական

10/01/2018 - 12:40

Հայաստանը ձեռք կը բերի՞ «SU-30» կործանիչներ. տարածաշրջանային անվտանգութեան փորձագէտի վերլուծութիւնը

«The Central Asia-Caucasus Institute»-ի (CACI) կայքում տարածաշրջանային անվտանգութեան փորձագէտը փորձել է ենթադրել, թէ ինչ ռազմական տեխնիկայ ձեռք կը բերի Հայաստանը Ռուսաստանի կողմից տրամադրւող նոր ռազմական վարկի շրջանակում:

«alikonline.ir» - «The Central Asia-Caucasus Institute»-ի (CACI) կայքում տարածաշրջանային անվտանգութեան փորձագէտը փորձել է ենթադրել, թէ ինչ ռազմական տեխնիկայ ձեռք կը բերի Հայաստանը Ռուսաստանի կողմից տրամադրւող նոր ռազմական վարկի շրջանակում: Գրում է «tert.am»-ը:

Էդւարդ Աբրահամեանը յիշեցնում է, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն վաւերացրել է հայ-ռուսական 100 միլիոն դոլարի «պետական արտահանման վարկը»: Հոկտեմբերի 24-ին ստորագրւած համաձայնագիրը թոյլ կը տայ Երեւանին Ռուսաստանի արտադրած զինատեսակներ ձեռք բերել «Ընդհանուր պաշտպանութեան ոլորտի զարգացման ծրագիրն» իրականացնելու համար:

Սա Մոսկւայի կողմից տրամադրւած երկրորդ ծրագրային ռազմական վարկն է Հայաստանին՝ 2015 թւականին համաձայնեցրած 200 միլիոն դոլարի վարկից յետոյ:

Ռուսաստանի նոր վարկը նախատեսւած է Երեւանին թոյլ տալ շարունակել 2011 թւականից ի վեր իրականացւող ռազմական տեխնիկայի հետեւողական գնումները՝ փորձելով թոյլ չտալ Ադրբեջանին ռազմատեխնիկական գերակայութիւն հաստատել:

Հայաստանն աշխատում է հնացած սարքաւորումներից իր կախւածութիւնը վերացնելու ուղղութեամբ: Անկախութիւնից ի վեր Ռուսաստանի օգնութիւնն առանցքային է եղել ցամաքային ուժերի հին համակարգերի  պահպանութեան համար՝ մշտապէս տրամադրելով անհրաժեշտ պահեստամասեր եւ տեխնիկական աջակցութիւն, ինչպէս նաեւ վերապատրաստելով տեխնիկներին: Այժմ ռազմատեխնիկայի համար տրամադրւող վարկերը թոյլ կը տան Հայաստանին վերափոխել հնացած սարքաւորումները, եւ հետեւաբար՝ դրանք Հայաստանի պաշտպանութեան քաղաքականութեան առաջնահերթութիւն են համարւում:

Նոյեմբերի 15-17-ին 2018 թւականի պետական բիւջէի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահ Կորիւն Նահապետեանը որոշ մանրամասներ է բացայայտել առաջիկայում ակնկալւող սարքաւորումների ձեռքբերման առաջնահերթութիւնների վերաբերեալ:

Ինչ վերաբերում է առաջիկայ գնումներին՝ Նահապետեանն ընդգծել է ՀՀ զինւած ուժերը համապատասխան շարժական հրետանիով, հակաօդային պաշտպանութեան միջոցներով եւ աւիացիոն ռեսուրսներով զինելու անհրաժեշտութիւնը: Նրա խօսքերը տեղիք են տւել ենթադրութիւնների, որ Հայաստանը ձգտում է ձեռք բերել «SU-30SM» կործանիչները: Այս մարտական ինքնաթիռների ձեռքբերման մասին դեռեւս առաջարկել էր պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը, բայց այդ հարցը սառեցւել էր 2016 թւականի ապրիլեան դէպքերի պատճառով:

Փորձագէտի կարծիքով, սակայն, մարտական ուղղաթիռների ձեռքբերումն, այնուամենայնիւ, առաջիկայ տարիներին աւելի իրատեսական է՝ հաշւի առնելով, որ «SU-30SM» ինքնաթիռների գործառնական նպատակայարմարութիւնը կասկածելի է Հայաստանի երկնքում:

Պաշտպանութեան նախարարութեան խօսնակ Արծրուն Յովհաննիսեանն ընդգծել է, որ առանցքային խնդիրը Հայաստանի զինւած ուժերը պատշաճ կերպով վերազինելն է միջոցներով, որոնք տալիս են մեծ ճշգրտութեան հնարաւորութիւն: Փորձագէտը եզրակացնում է, որ Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը կենտրոնացած է աւելի շատ որակի, քան քանակի վրայ, եւ կը ձգտի ձեռք բերել համեմատաբար ժամանակակից սպառազինութիւն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։