Հա

Քաղաքական

13/01/2018 - 12:00

Վահրամ Բալայեան. «Արցախում Ալիեւի ասածներին հանգիստ են վերաբերւում, արցախեան պատերազմի արդիւնքում արցախահայութիւնը լուծել է խնդիրը»

Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հենւում է ԼՂ հիմնախնդրի կարգաւորման համար առաջարկւող միայն տարածքային ամբողջականութեան սկզբունքի վրայ: «tert.am»-ի հետ զրոյցում նա նկատեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը:

«alikonline.ir» - Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հենւում է ԼՂ հիմնախնդրի կարգաւորման համար առաջարկւող միայն տարածքային ամբողջականութեան սկզբունքի վրայ: «tert.am»-ի հետ զրոյցում նա նկատեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը:

«Միջազգային հանրութիւնը նաեւ առաջարկում է հիմնախնդիրը լուծել ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքն ընդունելով: Միջազգային հանրութիւնը ցանկանում է հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանն է միայն իր տեսանկիւնից է  փորձում իրավիճակը ներկայացնել՝ անընդհատ տարածքային ամբողջականութեան մասին խօսելով»,- ասաց նա:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել էր, որ Ղարաբաղեան հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան սկզբունքի շրջանակներում։ «Ադրբեջանի արդարացի դիրքորոշումն այդ հակամարտութեան կարգաւորման հարցով հիմնւած է միջազգային իրաւունքի վրայ։ Միջազգային հանրութիւնը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպէս Ադրբեջանի անքակտելի մաս»,- այս մասին յայտարարել է նա:

Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայեանը մատնանշեց, որ Արցախը երբեք էլ Ադրբեջանի մաս չի եղել: «Ոչ մի իրաւական բան չկայ, որ Արցախը եղել է Ադրբեջանի կազմում: Մինչեւ Ադրբեջանի Սովետական Հանրապետութեան ստեղծւելը՝ 1917 թւականին Արցախում արդէն ստեղծւել էր ազգային իշխանութիւն, որը 1918 թւականի հուլիսին վերջնական տեսքի բերւեց։ Արցախը մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը պայքարեց իր անկախութեան համար, եւ պէտք է ասեմ, որ այս հարցում յաջողեց»,- ասաց նա:

Ըստ նրա՝ միջազգային հանրութեան հետ պէտք է աւելի ակտիւ աշխատել՝ իր նշած ճշմարտութիւնները հասցնելու համար: «Մենք էլ պէտք է լաւ աշխատենք, միջազգային հանրութեանը դա պէտք է ներկայացնենք: Վերջիվերջոյ  ինքնավար մարզերը որոշակի կարգավիճակ ունէին խորհրդային համակարգում,- ասաց նա՝ պնդելով, որ հէնց այս ամէնը հաշւի առնելով՝ պէտք է հասկանալ, որ Ադրբեջանի նախագահի ասածները ոչ մի իրաւական հիմք չունեն,- միջազգային հանրութիւնը բոլորովին վերջերս Հայաստանի եւ Եւրոմիութեան միջեւ համաձայնագրում ընդունել էր, որ հիմնախնդիրը պէտք է լուծւի նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրայ»:

Արցախի խորհրդարանի փոխնախագահի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նման յայտարարութիւններ է անում ոչ այնքան արտաքին, որքան ներքին լսարանի համար: «Այդ մեկնաբանութիւններն ուղղւած է Ադրբեջանի հասարակութեանը, որն ընդհանրապէս անտեղեակ է քաղաքական զարգացումներից, պարզապէս դրանք արւում են հասարակութեանը մոլորեցնելու համար»,- ասաց նա:

Վահրամ Բալայեանը յիշատակեց, որ տարածքային ամբողջականութեան սկզբունքը հիմնականում գերտէրութիւնները առաջ են բերել իրենց ազդեցութիւնը տարբեր հիմնախնդիրներում պահելու նպատակով, սակայն միեւնոյն ժամանակ նրանք ընկալում են, որ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրաւունք:

«Նրանք ընդունում են, որ ժողովուրդները, որոնք ապրում են իրենց հայրենիքում պէտք է ազատ ապրեն»,- նշեց նա:

Արցախում Ալիեւի ասածներին հանգիստ են վերաբերում: Վահրամ Բալայեանի խօսքով՝ արցախահայութիւնը  1991-1994 թւականներին արցախեան պատերազմի արդիւնքում լուծել է խնդիրը:

«Արցախն ունի իր պետականութիւնը, յարաբերութիւններ է ձեւաւորում աշխարհի տարբեր երկրների հետ՝ չնայած որ չճանաչւած չենք: Ապրիլեան իրադարձութիւններից յետոյ տարբեր երկրներից պատւիրակութիւններ ենք ընդունել: Աշխարհն արդէն փորձում է մեզ հետ խօսել, տեսնում է, որ ժողովրդավարական սկզբունքների հիման վրայ է կառավարւում եւ որը տարածաշրջանում անվտանգութեան երաշխաւորներից է. Արցախի գոյութիւնը տարածաշրջանում խաղաղութիւնը եւ կայունութիւնը պահպանող գործօն է»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։