Հա

Քաղաքական

16/01/2018

Ստանիսլաւ Տարասովն առաջիկայում արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրում չի կանխատեսում

Ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը թէպէտ ղարաբաղեան հակամարտութեան շուրջ տարւող բանակցային գործընթացում առարկայական փոփոխութիւններ չի տեսնում, այնուամենայնիւ, 2017 թւականը դրական է համարում այնքանով, որ տեղի չունեցաւ հակամարտութեան սրում եւ չկրկնւեց 2016 թւականի ապրիլը: Նրա խօսքով՝ 2017 թւականին բանակցային գործընթացը բաւականին դժւարութեամբ էր առաջ գնում. այն, ինչ հարկաւոր է կողմերին այս փուլում, բանակցային նոր ձեւաչափն է:

«alikonline.ir» - Ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը թէպէտ ղարաբաղեան հակամարտութեան շուրջ տարւող բանակցային գործընթացում առարկայական փոփոխութիւններ չի տեսնում, այնուամենայնիւ, 2017 թւականը դրական է համարում այնքանով, որ տեղի չունեցաւ հակամարտութեան սրում եւ չկրկնւեց 2016 թւականի ապրիլը: Նրա խօսքով՝ 2017 թւականին բանակցային գործընթացը բաւականին դժւարութեամբ էր առաջ գնում. այն, ինչ հարկաւոր է կողմերին այս փուլում, բանակցային նոր ձեւաչափն է:

«Այո, այս ընթացքում  առաջ քաշւեցին մի շարք նոր պայմաններ, որոշակի փոխզիջումային տարբերակներ, սակայն, ամէն դէպքում, այն բուն առարկան, որի մասին խօսւում է բանակցութիւնների ժամանակ, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրականացումն է»,- «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտը՝ ինչպէս նախկինում, այժմ եւս ընդգծելով, որ ցանկալի է Ստեփանակերտի ներգրաււածութիւնը բանակցային գործընթացին:

«Անգամ եթէ այդ պայմանաւորւածութիւնների իրականացման վերաբերեալ համաձայնագիր ստորագրւի, միեւնոյնն է, դրանք իրականացնել հնարաւոր չի լինի առանց Ստեփանակերտի ներգրաււածութեան թէ՛ տեխնիկական, թէ՛ այլ մակարդակներով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հանդիսանում են միջնորդներ, դիւանագիտութիւն են իրականացնում Բաքւի եւ Երեւանի միջեւ եւ լինում են նաեւ Ստեփանակերտում,  այսինքն՝ եթէ դիւանագիտական լեզւից անցում կատարէք սովորականի, դա նշանակում է, որ նրանք փաստացիօրէն ճանաչում են Ստեփանակերտը որպէս հակամարտութեան կողմ, եւ պէտք է նրա հետ եւս բանակցութիւններ վարել»,- նշեց նա:

Քաղաքագէտի դիտարկմամբ՝ Ադրբեջանում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրութիւնների հետ կապւած՝ նախագահ Իլհամ Ալիեւը ցանկանում է պահպանել բանակցողի դիրքերը եւ կարմիր գիծը չանցնել: Այդ իսկ պատճառով, Ստանիսլաւ Տարասովն առաջիկայում իրավիճակի լուրջ սրում չի կանխատեսում:

«Ադրբեջանում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացներն այդքան էլ հեշտ չեն: Արեւմուտքը այդքան էլ լաւ չի նայում «յաւերժ ղեկավարի» գաղափարին, քանի որ այն ցանկանում է տեսնել յստակ ժողովրդավար գործընթաց»,- ասաց Ստանիսլաւ Տարասովը՝ եւս մէկ անգամ յիշեցնելով, որ բանակցութիւնները պէտք է վարել համեմատաբար կայուն իրավիճակում:

«Չի կարելի բանակցութիւններ վարել եւ միաժամանակ կրակ բացել. դա նորմալ չէ»,-եզրափակեց քաղաքագէտը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։