Հա

Քաղաքական

18/01/2018

Ադրբեջանը յոյս ունի, որ հանդիպումների մասնակցելով՝ կարող է ժամանակ շահել․ Հ. Մելիք-Շահնազարեանը՝ Նալբանդեան-Մամեդեարով հանդիպման մասին

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանի խօսքով՝ դժւար է հաւատալ, որ այս տարի ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում փոփոխութիւններ կը լինեն: Յունւարի 18-ին Կրակովում սպասւող Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն էլ նորութիւն իր հետ չի բերի:

«alikonline.ir» - Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանի խօսքով՝ դժւար է հաւատալ, որ այս տարի ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում փոփոխութիւններ կը լինեն: Յունւարի 18-ին Կրակովում սպասւող Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն էլ նորութիւն իր հետ չի բերի:

Նա «tert.am»-ի հետ զրոյցում նկատեց՝ այս հարցում հաւատ չունի անգամ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը. փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանն է յայտարարել, որ վստահութեան խնդիր կայ, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել, չկատարել պայմանաւորւածութիւնները:

«Այս իրավիճակում խնդիր է դրւում արտգործնախարարների եւ նաեւ նախագահի առջեւ՝ սահմանում լարւածութիւնը նւազեցնել: Հանդիպումները դրան են ուղղւած, որ նպաստեն լարւածութեան յաղթահարմանը եւ դեռեւս չեն վերաբերում հակամարտութեան կարգաւորման բուն գործընթացին: Դրա մասին է վկայում նաեւ Ռուսաստանի արտգործնախարարի յայտարարութիւնը: Բոլորը խօսում են դեռեւս միայն վստահութեան վերականգման մասին, ինչը բաւականին երկարատեւ գործընթաց է եւ կարճատեւ ժամանակում արդիւնք չի տայ»,- նշեց նա:

Վերջին տարիները, ըստ քաղաքագէտի, ցոյց են տւել, որ բանակցային գործընթացում դինամիկան բացասական է եղել: «Բանակցային գործընթացը, գրեթէ տասնամեայ փաստաթղթերի քննարկումը յանգեցրեց ապրիլեան պատերազմին: Դրանից յետոյ բանակցութիւններն ընդհանրապէս դադարեցւեցին, եւ տեսնում ենք, որ հանդիպումներն էլ արդիւնք չեն տալիս, ժամանակաւոր կարճ արդիւնք են ունենում»,- նշեց նա:

Հայկական կողմը գնում է հանդիպումների՝ վստահութեան մեխանիզմներ ստեղծելու, լարւածութեան աճ թոյլ չտալու եւ բանակցային գործընթաց սկսելու համար, իսկ ադրբեջանական կողմը, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարեանի, հանդիպումներին մասնակցում է, քանի որ նկատել է, որ միջազգային հարթակներում ԼՂ հիմնահարցի ընկալումը հետզհետե աւելի հայամէտ է դառնում:

«Հայկական կողմի դիրքորոշումն աւելի հասկանալի եւ ընկալելի է դառնում միջնորդների եւ միջազգային հանրութեան համար: Ադրբեջանը միւս կողմից տեսնում է, որ բանակցութիւնների չգալով, սահմանում իրավիճակ լարելով՝ նպաստում են Հայաստանի դիրքորոշման ամրապնդմանը»,- նշեց նա՝ յաւելելով, որ Ադրբեջանը յոյս ունի, որ ժամանակ առ ժամանակ հանդիպումների մասնակցելով՝ կարող է ժամանակ շահել՝ հետագայում՝ իրավիճակի փոփոխման պարագայում, նոր քայլեր ձեռնարկելու համար:

Քաղաքագէտի խօսքով՝ Ադրբեջանը գիտակցում է, որ չի կարող ակնկալել իր ցանկութիւնների գոնէ չնչին տոկոսի բաւարարում: 

«Փորձում է ժամանակն այնպէս ձգել, որ չնչին հարւած հասցնի իր հեղինակութեանը միջազգային ատեաններում»,- նկատեց նա:

Այս տարի բարձր մակարդակով հանդիպումները, ըստ քաղաքագէտի, հաւանական չէ, որ շատ կը լինեն:

«Երեւի թէ կը լինի մէկ հանդիպում, որը կը լինի թէ յարգանքի տուրք կը լինի միջնորդներին եւ միջազգային հանրութեանը: Պէտք է նկատել, որ արցախեան հիմնախնդրի նկատմամբ միջազգային ուշադրութիւնը մեծանում է՝ հաշւի առնելով նաեւ այն, որ ՄԱԿ-ը 2018 թ. հիմնահարցը իր 12 առաջնահերթութիւնների մէջ ներառել,- ասաց նա՝ յաւելելով, որ հիմա հայկական կողմը մասնակցում է հանդիպումներին նաեւ իր դիրքորոշումն ամրապնդելու համար,- Սերժ Սարգսեանը գնաց Ժնեւի հանդիպմանը, որ բանակցային սեղանին դնի եւ որպէս քաղաքական գործօն ներկայացնի Հայաստանի կայացրած դիրքորոշումը, յայտարարի, որ բանակցութիւններում, օրինակ, տարածքների հանձման հարցում գնահատականներ են փոխւել. Հայաստանն արդէն խօսում է Արցախի անվտանգութեանը չսպառնացող տարածքների մասին, մինչդեռ նախկինում միայն Լաչինն էր դիտարկւում որպէս տարածք, որը չի յանձնւելու: Պէտք էր գնալ եւ միջնորդներին, հակառակորդին այդ մօտեցումը ներկայացնել: Հիմա եթէ Ադրբեջանի ագրեսիան նմանատիպ որոշման պատճառ դառնայ, հայկական կողմը պէտք է գնայ հանդիպումների, ներկայացնի իր մօտեցումները»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։