Հա

Քաղաքական

20/01/2018

Նալբանդեան-Մամեդեարով հանդիպմանը քննարկւել են հակամարտութեան գօտում լարւածութեան նւազեցման հարցերը

Յունւարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարներ Էդւարդ Նալբանդեանի եւ Էլմար Մամադեարովի հանդիպումը:

«alikonline.ir» - ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնից յայտնում են, որ յունւարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարներ Էդւարդ Նալբանդեանի եւ Էլմար Մամադեարովի հանդիպումը։ Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Այն մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայութեամբ, ապա շարունակւեց առանձնազրոյցի ձեւաչափով։

Հանդիպմանը շարունակւեցին անցեալ դեկտեմբերին կայացած քննարկումները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրագործման ուղիների շուրջ։

Նախարար Նալբանդեանը կոչ արեց Ադրբեջանի իր գործընկերոջը հետեւել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերը անշեղօրէն յարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները, վերահաստատել յանձնառութիւնը համանախագահների կողմից առաջարկւած հիմնախնդրի կարգաւորման սկզբունքերին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջ մղման համար։

Ժնեւի գագաթաժողովին նախագահների միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութեան համաձայն, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարաները եւ համանախագահները քննարկեցին հակամարտութեան գօտում լարւածութեան նւազեցման ուղղութեամբ յաւելեալ քայլերի իրականացումը եւ բանակցային գործընթացի ակտիւացման հնարաւորութիւնները։

Սկզբունքային համաձայնութիւն ձեռք բերւեց իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի կարողութիւնների ընդլայնման վերաբերեալ պայմանաւորւածութիւնը։

Հանդիպման արդիւնքում որոշւեց, որ փետրւարի առաջին կէսին եռանախագահները կայցելեն տարածաշրջան։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։