Հա

Քաղաքական

24/01/2018 - 12:40

Սերժ Սարգսեանը կարեւորել է ֆրանսիացի խորհրդարանականների այցերն Արցախ

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յունւարի 23-ի երեկոյեան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետութեան Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամութեան խմբի նախագահ Ժակ Մարիլոսեանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամութեան խմբի նախագահ Ժիլբէր-Լիւկ Դըւինազի եւ այդ պատգամաւորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսեանը եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամութեան խմբի նախագահ Ժակ Մարիլոսեանը հանդէս են եկել ելոյթներով:

«alikonline.ir» - Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յունւարի 23-ի երեկոյեան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետութեան Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամութեան խմբի նախագահ Ժակ Մարիլոսեանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամութեան խմբի նախագահ Ժիլբէր-Լիւկ Դըւինազի եւ այդ պատգամաւորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսեանը եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամութեան խմբի նախագահ Ժակ Մարիլոսեանը հանդէս են եկել ելոյթներով: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից:

Իր ելոյթում ՀՀ նախագահը յատուկ անդրադարձել է ԼՂ հակամարտութեանը՝ նշելով, որ հակամարտութեան խաղաղ կարգաւորումը չունի այլընտրանք: Այդ գործընթացում նա կարեւորել է Ֆրանսիայի դերակատարութիւնը, յատուկ ընդգծելով ֆրանսիացի պատգամաւորների ճանաչողական այցերն Արցախ:

«Մենք համոզւած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորումն այլընտրանք չունի: Այս մասին ես յայտարարել եմ հնարաւոր բոլոր բարձր ամբիոններից եւ այժմ էլ վերահաստատում եմ մեր այս յանձնառութիւնը: Եւ իհարկէ, այս առումով մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամ եւ վստահելի գործընկեր Ֆրանսիայի՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերն ուղղւած հիմնահարցի խաղաղ բանակցային կարգաւորմանը: Միաժամանակ, բոլորը պէտք է շատ յստակ գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրաւունքների խնդիր է: Եւ այն կարող է լուծւել միայն մարդու հիմնարար եւ անօտարելի իրաւունքներից մէկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Ադրբեջանը պէտք է ճանաչի եւ յարգի Արցախի ժողովրդի կողմից սեփական ապագան ինքնուրոյն որոշելու իրաւունքը, իսկ արցախահայութեան անվտանգութիւնը պէտք է երաշխաւորւած լինի բոլոր հնարաւոր միջազգային եւ ներքին մեխանիզմներով: Եւ այս առումով նոյնպէս ի դէմս ձեզ շատ կարեւոր է Ֆրանսիայի ձայնը, քանզի Ֆրանսիան խաղաղութեան ջատագով է, իսկ մարդու իրաւունքների պաշտպանութիւնն ու խթանումը մշտապէս Ֆրանսիայի առաջնահերթութիւնն է եղել: 

Եւ այս համատեքստում մեծապէս կարեւորում եմ նաեւ ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, սեփական աչքերով տեսածի փոխանցումը Ֆրանսիայի հանրութեանը, ինչը հսկայական, ուղղակի անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգաւորմանը: Եւ հետեւելով ձեր օրինակին՝ արդէն իսկ բազմաթիւ երկրների օրէնսդիրներ են այցելում ԼՂ, ինչն, անշուշտ, տալիս է իր դրական արդիւնքները: Մեր բարեկամ պետութիւնների նմանօրինակ ջանքերի շնորհիւ՝ Արցախի ժողովուրդը փոքր, բայց հաստատուն քայլերով յաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը»,- ասել է ՀՀ նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։