Հա

Քաղաքական

24/01/2018 - 15:20

Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականեանն ամփոփել է 2017 թւականը

Յունւարի 24-ին Արցախի Հանրապետութեան բանակի տեղեկատւական կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ պաշտպանութեան նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լէյտենանտ Լեւոն Մնացականեանի՝ 2017 թւականի բանակային տարւայ արդիւնքների ամփոփմանը նւիրւած մամուլի ասուլիսը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետութիւնից ժամանած մի խումբ լրագրողներ եւ Արցախում հաւատարմագրւած զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչները:

«alikonline.ir» - Յունւարի 24-ին Արցախի Հանրապետութեան բանակի տեղեկատւական կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ պաշտպանութեան նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լէյտենանտ Լեւոն Մնացականեանի՝ 2017 թւականի բանակային տարւայ արդիւնքների ամփոփմանը նւիրւած մամուլի ասուլիսը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետութիւնից ժամանած մի խումբ լրագրողներ եւ Արցախում հաւատարմագրւած զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչները: Տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ ԱՀ ՊՆ մամուլի ծառայութեանը յղումով:

Ասուլիսի մեկնարկում ԱՀ ՊԲ հրամանատարը հանդէս է եկել ներածական խօսքով՝ սկզբում ներկայացնելով հաշւետու ժամանակահատւածում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողութիւնները, մասնաւորապէս կանգ առնելով փետրւարի 24-ի լոյս 25-ի գիշերը ՊԲ արեւելեան եւ հարաւ-արեւելեան ուղղութիւններով ձեռնարկւած դիւերսիոն ներթափանցման փորձերի վրայ, ինչի արդիւնքում հակառակորդը չէզոք գօտում թողնելով 5 յատուկ ջոկատայինի դիակ եւ տարհանելով 3 վիրաւոր, յետ է շպրտւել ելման դիրքեր: Այնուհետեւ Լ. Մնացականեանն անդրադարձել է հակառակորդի անցկացրած զօրավարժութիւններին, առաջնագծում վերջինիս իրականացրած կահաւորական աշխատանքներին ու զէնքի եւ զինտեխնիկայի գնումներին: Ներկայացնելով 2017 թւականին պաշտպանութեան բանակում կատարւած աշխատանքները՝ Արցախի Հանրապետութեան ռազմական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ ադրբեջանական զինուժի ոչ մի գործողութիւն աննկատ չի մնացել եւ բանակը ձեռնարկել է համարժէք քայլեր, որոնք այսուհետ եւս թոյլ կը տան ապահովել մեր ժողովրդի խաղաղ կենսագործունէութիւնը: Նախորդ տարւայ ընթացքում բանակում կատարւած աշխատանքներից Լեւոն Մնացականեանն առանձնացրել է դիրքապահների համար առաւել անվտանգ ծառայութեան պայմանների ստեղծումը, մարտական հերթապահութիւնում ընդգրկւած զինծառայողների պատրաստութեան մակարդակի բարձրացումը, զինւորական կարգապահութեան բարձրացման ուղղութեամբ տարւած աշխատանքները, հրետանային եւ հակաօդային պաշտպանութեան համակարգերի կատարելագործումը, շտաբների փոխգործակցութեան եւ ներդաշնակման ուղղութեամբ կատարւած քայլերը, բանակում բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղութեամբ տարւած աշխատանքները, նորագոյն տեխնոլոգիաների ներդնումը, նոր դիրքերի կահաւորումը, դիտարկման համակարգերի կատարելագործումը, ճանապարհային ցանցի զարգացումը, տեխնիկական եւ թիկունքային ապահովութեան բարձրացման հարցերը:

Ամփոփելով տարին՝ բանակի հրամանատարը նշել է, որ պաշտպանութեան բանակին յաջողւել է պահպանել խաղաղութիւնը եւ Արցախի ժողովրդի անվտանգութիւնը՝ վստահեցնելով, որ ՊԲ-ը ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգութիւն եւ պատւով կատարել իր առջեւ դրւած մարտական խնդիրը:

Հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաբնոյթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մօտ ապագայում պատերազմի վերսկսման հաւանականութեանը, բանակի նիւթատեխնիկական ապահովմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելաւմանը, «Պատիւ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի ներդրմանը եւ այլն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։