Հա

Քաղաքական

25/01/2018 - 08:20

Սերժ Սարգսեանը՝ Ադրբեջանի պատւիրակութեան ղեկավարին. «Դուք առաւելագոյնն էք ուզում, դուք անհնարինն էք ուզում»

Բանակցային գործընթացում դուք առաւելագոյնն էք ուզում, դուք անհնարինն էք ուզում, դուք ուզում էք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ: ԵԽԽՎ-ում նման յայտարարութիւն արեց ՀՀ նախագահն՝ ի պատասխան Ադրբեջանի պատւիրակութեան ղեկավարի հարցի:

«alikonline.ir» - Բանակցային գործընթացում դուք առաւելագոյնն էք ուզում, դուք անհնարինն էք ուզում, դուք ուզում էք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ: ԵԽԽՎ-ում նման յայտարարութիւն արեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը՝ ի պատասխան Ադրբեջանի պատւիրակութեան ղեկավար Սամեդ Սէյիդովի բոցաշունչ հարցի, որն աւելի շատ ելոյթ էր յիշեցրեց: Յայտնում է «yerkir.am»-ը:

Սէյիդովը, ինչպէս եւ սպասւում էր, հերթական անգամ ներկայացրեց Խոջալուի դէպքերի ադրբեջանական տարբերակը: Նա արտայայտւած վրդովմունքով հետաքրքրւեց, թէ ինչո՞ւ Սարգսեանը չի անդրադառնում այդ դէպքերին, նրանց որակմամբ՝ ցեղասպանութեանը: Ադրբեջանցին փորձեց բարձրացնել նաեւ Արցախեան հարցը՝ 7 տարածքների «օկուպացման» մասին ադրբեջանական մշտական «երգը երգելով»:

«Այսքանից յետոյ Դուք դեռ փորձում էք մոլորութեան մէջ գցել միջազգային հանրութեանը»,- յուզաթաթախ ձայնով Սարգսեանին դիմեց նա:

Նախագահ Սարգսեանը նախ, դիմելով Սէյիդովին, կոչ-յորդոր հնչեցրեց` մի քիչ հանդարտւել եւ իր խօսքերը չխեղաթիւրել:

«Ես այս ամբիոնից չյայտարարեցի, որ ես եղել եմ Արցախեան պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիւ չեմ ունեցել, ես մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին: Թէ ինչո՞ւ չյիշատակեցի Խոջալուի դէպքերը, որը դուք ցեղասպանութիւն էք համարում, շատ պարզ պատճառով, որովհետեւ այդ ցաւալի իրադարձութիւններից յետոյ Այազ Մութալիբովը շատ տեղեկացւած ձեւով շարադրել է փաստեր, ցոյց տւել, թէ ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Ցեղասպանութիւնը լաւ բան չէ, ցեղասպանութիւն տանելը պատիւ չէ: Գիտէ՞ք, մի միտում կայ Ադրբեջանում՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը: Ձեզ ինչո՞ւ է պէտք մի բան անւանել ցեղասպանութիւն, որը չի եղել»,- նշեց Սարգսեանը:

ՀՀ նախագահը յստակ յայտարարեց, որ չկայ միջազգային կառոյցների կողմից  ընդունւած որեւէ որոշում, որը ՀՀ-ի կողմից մերժւում է: «Դուք փորձեցիք յիշատակել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւերը: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ երբ ընկղմւում էք մի թեմայի մէջ, ընկղմւէք ու ուսումնասիրէք: ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը երբեք չի անդրադարձել ԼՂ խնդրին. 1993 թւականին ընդունել է 4 բանաձեւ ռազմական գործողութիւնների դադարեցման մասին, եւ ամէն բանաձեւից յետոյ Ադրբեջանը յստակ յայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողութիւնները: Այդ 4 բանաձեւում ՀՀ-ի միակ յանձնառութիւնը եղել է օգտագործել իր ազդեցութիւնը ռազմական գործողութիւնները դադարեցնելու համար, եւ, ի պատիի ՀՀ-ի այն ժամանակիայ իշխանութիւնների, մենք կատարել ենք այդ պարտաւորութիւնը: Այսօր բանակցային գործընթացում դուք առաւելագոյնն էք ուզում, դուք անհնարինն էք ուզում, դուք ուզում էք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ»,- խօսքը եզրափակել է Սերժ Սարգսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։