Հա

Քաղաքական

25/01/2018

Սերժ Սարգսեան. «Թուրքիան չպէտք է ուժի դիրքերից խօսի Հայաստանի հետ»

Այո, Թուրքիան հզօր պետութիւն է, Թուրքիան հսկայական պոտենցիալ ունի, եւ Հայաստանի պոտենցիալը չի կարելի համեմատւել Թուրքիայինի հետ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պէտք է խօսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի. ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը՝ ի պատասխան հայ-թուրքական արձանագրութիւնների մասին հարց հնչեցրած ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատւիրակութեան անդամին: 

«alikonline.ir» - Այո, Թուրքիան հզօր պետութիւն է, Թուրքիան հսկայական պոտենցիալ ունի, եւ Հայաստանի պոտենցիալը չի կարելի համեմատւել Թուրքիայինի հետ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պէտք է խօսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի. ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը՝ ի պատասխան հայ-թուրքական արձանագրութիւնների մասին հարց հնչեցրած ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատւիրակութեան անդամին: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Մենք լաւ չենք հասկանում թուրքական կողմի պահանջը՝ որեւէ քայլ կատարել: 2008 թւականին իմ ընտրւելուց յետոյ ես նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցութիւնների հրապարակայնացում, եւ արդիւնքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահի եւ իմ միջեւ: Բանակցութիւններն ինտենսիւ շարունակւեցին, եւ մենք Շւէյցարիայում, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամների ու արտաքին գործերի նախարարների մասնակցութեամբ, ստորագրեցինք երկու փաստաթուղթ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւններ հաստատելու մասին: Մինչ բանակցութիւնները եւ հէնց բանակցութիւնների արդիւնք հանդիսացող այդ փաստաթղթերում շատ յստակ ամրագրւած է, որ այդ յարաբերութիւնները պէտք է հաստատւեն առանց նախապայմանների: Բայց, ցաւօք, արձանագրութիւնները ստորագրելուց յետոյ, մինչ օրս էլ, թուրքական կողմը մշտապէս փորձում է նախապայմաններ առաջադրել: Մենք միջազգային պրակտիկայում այդպիսի օրինակի չենք հանդիպել: Բոլոր պայմանները բանակցւում են մինչեւ փաստաթուղթ ստորագրելը, իսկ փաստաթուղթ ստորագրելուց յետոյ էլեմենտար բարոյականութիւնը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները: Մենք հիմա՝ արդէն ինը տարի անց, նորից թուրքական կողմից լսում ենք ինչ-որ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտութիւն: Արդեօ՞ք երկրների միջեւ յարաբերութիւն հաստատելը պէտք է ուղեկցւի ինչ-որ ժեստերով, ինչ-որ զիջումներով: Փաստաթղթում շատ յստակ ամրագրւած է` հաստատել յարաբերութիւններ, այնուհետեւ անդրադառնալ երկու երկրների միջեւ եղած բոլոր կնճռոտ հարցերին: Իսկ թուրքական կողմը, կրկնում եմ, նախապայմաններ է առաջադրում: Մենք երբեք որեւէ նախապայման չենք կարող ընդունել: Այո, Թուրքիան հզօր պետութիւն է, Թուրքիան հսկայական պոտենցիալ ունի, եւ Հայաստանի պոտենցիալը չի կարելի համեմատել Թուրքիայինի հետ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պէտք է խօսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի: Եթէ այդպէս լինի, ապա Թուրքիայից շատ աւելի հզօր երկրներ կան՝ բնակչութեան եւ տնտեսական առումով, այդ հզօր երկրներն էլ պէտք է Թուրքիայի հետ խօսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզւով: Կարծում եմ, որ թուրքական իշխանութիւններն ու թուրք ժողովուրդը այդպիսի մօտեցում երբեք չեն ընդունի: Այդպէս էլ մենք չենք ընդունում այդպիսի մօտեցումներ:

Անկախ նրանից, որ այդ արձանագրութիւնները Հայաստանի կողմից մօտ ժամանակներս՝ մինչեւ գարուն, առոչինչ են յայտարարւելու, որովհետեւ անիմաստ են դրանք, կարծում եմ՝ ճիշտ կը լինի, որ թուրքական կողմը տարածաշրջանում այս փխրուն կայունութիւնը պահպանելու համար հրաժարւի իր կողմնակալ դիրքորոշումից եւ միանշանակ Ադրբեջանին սատարելու քաղաքականութիւնից: Ուզում եմ ձեզ յիշեցնել, որ 2016 թւականի ռազմական գործողութիւնների ժամանակ Թուրքիան աշխարհի միակ պետութիւնն էր, որ սատարեց այդ ռազմական գործողութիւններին, եւ նախագահի ու վարչապետի մակարդակով 4 օրում 5 յայտարարութիւն ընդունւեց՝ ի պաշտպանութիւն Ադրբեջանի: Այդպիսի պարագաներում ի՞նչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել: Մեր ժողովրդի համար վիրաւորական կը լինի՝ յարաբերութիւններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների»,- նշեց Սարգսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։