Հա

Քաղաքական

29/01/2018 - 11:20

Արաբագէտ. «Թուրքիայի յաջողութիւններն ուղղակիօրէն անդրադարձ են ունենալու նաեւ մեր տարածաշրջանի վրայ, իսկ դա ապագայի սպառնալիք է»

Արաբագէտ Արմէն Պետրոսեանի խօսքով՝ դատելով թուրքական իշխանութիւնների հռետորաբանութիւնից եւ Աֆրինում գործողութիւնների նկատմամբ միջազգային հանրութեան սուր եւ կտրուկ արձագանգների բացակայութիւնից՝ կարելի է ենթադրել, որ Թուրքիան աւելի կտրուկ քայլերի է դիմելու՝ իրականացնելու համար իր առջեւ դրւած նպատակները:

«alikonline.ir» - Արաբագէտ Արմէն Պետրոսեանի խօսքով՝ դատելով թուրքական իշխանութիւնների հռետորաբանութիւնից եւ Աֆրինում գործողութիւնների նկատմամբ միջազգային հանրութեան սուր եւ կտրուկ արձագանգների բացակայութիւնից՝ կարելի է ենթադրել, որ Թուրքիան աւելի կտրուկ քայլերի է դիմելու՝ իրականացնելու համար իր առջեւ դրւած նպատակները:

«Թուրքիան կը կատարի իր առջեւ դրւած նպատակները»,- նշեց նա «tert.am»-ի հետ զրոյցում՝ յաւելելով, որ Թուրքիան իր առջեւ առաջնային նպատակ է դրել նախ՝ բացառել իր հարաւում քրդական ինքնավար միավորի ստեղծման գործընթացը, յետոյ՝ լուծել Սիրիայի հիւսիսարեւմտեան հատւածում անվտանգութեան գօտի ստեղծելու հարցը եւ նաեւ՝ այս հատւածները վերածել իր ազդեցութեան գօտու, որտեղ կը կարողանայ իր շահերից բխող գործողութիւններ իրականացնել՝ պայմանաւորւած սիրիական հակամարտութեան յետագայ ընթացքով:

Արմէն Պետրոսեանը նկատեց, որ հիմա Թուրքիային որեւէ լուրջ հակադարձում ե՛ւ ռազմական, ե՛ւ դիւանագիտական դաշտերում չի ցուցաբերւում: Նա մատնանշեց, որ 2016 թւականի ռազմական յեղաշրջման փորձից յետոյ Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը վերախմբագրւել է:

«Դա իրականացւում էր նաեւ Թուրքիայի ներսում փոփոխութիւններով: Այս գործընթացների համատեքստում, որի ուղղութիւններից մէկը քրդերի դէմ պայքարն էր, վերանայւեց նաեւ արտաքին քաղաքականութիւնը, եւ վերախմբաւորւեցին այն երկրների հետ յարաբերութիւնները, որոնց հետ Թուրքիան ունէր մրցակցային յարաբերութիւններ: Այս համատեքստում նաեւ ականատես եղանք Թուրքիայի դերակատարման ակտիւացմանը Թուրքիայի հարեւանութեամբ ընթացող մի շարք հակամարտութիւններում»,- նշեց նա։

2016-ից յետոյ, ըստ նրա՝ վերափոխւեց իրավիճակը․նկատելի էր Սիրիայի հարցում Թուրքիայի հետ տարաձայնութիւններ ունեցող Իրանի եւ Ռուսաստանի քաղաքականութեան փոփոխութիւն, արդիւնքում էլ 2016 թւականի օգոստոսին Թուրքիային արտօնւեց իրականացնել «Երկաթէ վահան» ռազմական գործողութիւնը Սիրիայում:

«Թուրքիայի ձեռքերն ազատւեցին եւ կարողացաւ փաստացի առաւել ակտիւացնել իր դերակատարութիւնը եւ լուծել իր անվտանգութեան համար կարեւոր խնդիրներ, որոնք մինչեւ 2016 թւականը բարդ էր իրականացնելը»,- ասաց նա՝ նշելով, որ Իրաքեան Քուրդստանի անկախացման գործընթացի տապալման արդիւնքում էլ աւելի է մեծանալու եւ հզօրանալու Թուրքիայի ազդեցութիւնը:

Ըստ արաբագէտի՝ դա ընդունում եւ հասկանում են Մերձաւոր Արեւելքի գործընթացներում ներգրաււած բոլոր երկրները: «Հաշւի առնելով ներկայիս Թուրքիայի հաւակնութիւնները, այդ երկրի ղեկավարութեան անկանխատեսելի եւ խիստ ամբիցիոզ տեսակը, սա բաւական լուրջ խնդիրներ է առաջացնելու միւս դերակատարների համար: Կարծում եմ, որ ե՛ւ Իրանում, ե՛ւ Ռուսաստանի Դաշնութիւնում այդ սցենարները դիտարկւում են: Ե՛ւ Աֆրինի գործողութիւնների շրջանակներում, ե՛ւ ընդհանրապէս սիրիական հակամարտութեան ընթացքում Թուրքիայի համար որոշակի «կարմիր գծեր» կը գծւեն, որոնք անցնելու դէպքում միջազգային արձագանգն աւելի ազդու կը լինի»,- նշեց նա:

Աֆրինի շուրջ ծաւալւող գործողութիւնները, Թուրքիայի ազդեցութեան աճը, ըստ Արմէն Պետրոսեանի, իր ազդեցութիւնը կունենայ նաեւ տարածաշրջանային այլ, նաեւ Հայաստանին վերաբերող հիմնախնդիրների կարգաւորման գործընթացների վրայ:

«Կարճաժամկէտ առումով գուցէ ձեռնտու է, որ Թուրքիան ընկղմւում է որոշակի խնդիրների մէջ, բայց այս իրավիճակն անցողիկ է, միւս կողմից՝ աւելի ամրապնդում է Թուրքիայի ազդեցութիւնը, եւ աւելի ինքնավստահ է դարձնում նրան»,- նշեց Արմէն Պետրոսեանը:

Իսկ Թուրքիայի ինքնավստահութիւնը, ըստ նրա, դրան գումարած նրա հաջանութիւնները, որեւէ լաւ բան չեն խոստանում տարածաշրջանի եւ նաև տարածաշրջանից դուրս գտնւող Թուրքիային ոչ բարեկամ երկրների համար:

«Եթէ Թուրքիայի ազդեցութեան աճ մենք տեսանք Սիրիայում, Իրաքում, ապա դրան զուգահեռաբար մենք կը տեսնենք խնդիրներ այդ երկրներում մեր համայնքների հետ կապւած: Եթէ գանք մեր տարածաշրջանը, ապա Թուրքիայի յաջողութիւնները ոգեւորիչ են «եղբայրական» Ադրբեջանի համար: Մենք նկատում ենք, որ Աֆրինի գործողութիւնների հետ կապւած բաւականին մեծ ոգեւորութիւն կայ այնտեղ: Գուցէ արհեստականօրէն ներմուծւած օրակարգ է ադրբեջանական լրատւական դաշտում՝ մեղմելու համար այն տրամադրութիւնները, որ կան այդ երկրի իշխանութիւնների նկատմամբ՝ կապւած նրա հետ, որ աջակցում է Թուրքիային այլ երկրում ռազմական գործողութիւններ իրականացնելու հարցում, այնուամենայնիւ խօսւում է, որ Թուրքիան գուցէ հակաահաբեկչական գործողութիւններ իրականացնի նաեւ Արցախում: Նաեւ այնպիսի կարծիքներ են շրջանառւում, որ Ադրբեջանը Թուրքիայից օրինակ պէտք է վերցնի եւ նման ռազմական գործողութիւններ իրականացնի Արցախում: Այս ամէնը խօսում է նրա մասին, որ Թուրքիայի յաջողութիւնները ուղղակիօրէն անդրադարձ են ունենալու նաեւ մեր տարածաշրջանում՝ այդ երկրի ազդեցութեան աճի առումով, իսկ դա ապագայի համար սպառնալիք է»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։