Հա

Քաղաքական

03/02/2018

Էդւարդ Նալբանդեան. «Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացն անշրջելի է»

ՀՀ ԱԳ նախարարի կարծիքով՝ Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացն անշրջելի է: Պարզ է, որ շուրջ մէկ դար շարունակւող ժխտողական քաղաքականութիւնը ձախողւել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է մնում կարծրատիպերից:

«alikonline.ir» - ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը փետրւարի 2-ին անդրադարձել է «Ազատութիւն» ռադիոկայանի այն հարցին, թէ ինչպէս է վերաբերում նախարարը Թուրքիայի արտգործնախարարի այն յայտարարութեանը, թէ Ֆրանսիայի նախագահի վերջին ելոյթում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ հնչեցւած դրոյթները պոպուլիզմ են: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Նալբանդեանը պատասխանել է.

«Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացն անշրջելի է: Պարզ է, որ շուրջ մէկ դար շարունակւող ժխտողական քաղաքականութիւնը ձախողւել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է մնում կարծրատիպերից:

Անկարան չի խորշում աղաւաղել ոչ միայն պատմական փաստերը, այլեւ ներկայ իրողութիւնները՝ այդ թւում խեղաթիւրելով Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վճիռները:

Ցեղասպանագէտների միջազգային ասոցիացիայի կողմից Թուրքիայի վարչապետին ուղղւած բաց նամակում իրաւացիօրէն նշւում է, որ Հայոց Ցեղասպանութիւնը լայնօրէն վաւերագրւած է Միացեալ Նահանգների եւ այլ երկրների, ներառեալ պատերազմական ժամանակաշրջանում Օսմանեան Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Աւստրօ-Հունգարիայի հազարաւոր պաշտօնական փաստաթղթերում, ականատես դիւանագէտների, միսիոներների, ցեղասպանութիւնը վերապրածների վկայութիւններում, տասնամեակների բազմաթիւ պատմագիտական եւ իրաւական ուսումնասիրութիւններում, անգամ Օսմանեան ռազմական տրիբունալի արխիւներում:

Արժանայիշատակ է, որ ի թիւս շատ այլ երկրների Գերմանիան եւ Աւստրիան ոչ միայն ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը, այլ նաեւ ընդունել են պատասխանատւութեան իրենց բաժինը՝ որպէս այդ ժամանակաշրջանում Թուրքիայի դաշնակիցներ:

Միջազգային հանրութեան կողմից բազմիցս է շեշտւել, որ Ցեղասպանութեան ժխտողականութիւնը պարարտ հող է ստեղծում մարդկութեան դէմ յանցագործութիւնների կրկնութեան համար: Հայոց Ցեղասպանութեան ճանաչողներին «պոպուլիստ» անւանելու փոխարէն, Անկարան պէտք է հրաժարւի իր ժխտողական քաղաքականութեան վտանգաւոր պոպուլիզմից, քաջութիւն ցուցաբերի սեփական անցեալին առերեսւելու համար»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։