Հա

Քաղաքական

05/02/2018

Ռուս վերլուծաբան. «Թուրքիան թաղեց ցիւրիխեան արձանագրութիւնները, Հայաստանը ռիսկի չի դիմում՝ դրանք առոչինչ յայտարարելով»

Թուրքիան փաստացի զոհաբերեց հայ-թուրքական ցիւրիխեան արձանագրութիւններն Ադրբեջանի հետ յարաբերութիւնների պատճառով:

«alikonline.ir» - Թուրքիան փաստացի զոհաբերեց հայ-թուրքական ցիւրիխեան արձանագրութիւններն Ադրբեջանի հետ յարաբերութիւնների պատճառով: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:

Նա նշեց, որ այդ արձանագրութիւնները Թուրքական քաղաքականութեան հետեւանքով ձախողման մատնւեցին: «Թուրքիան, ըստ էութեան, թաղեց այդ արձանագրութիւնները, ուստի Հայաստանի որոշումը՝ առոչինչ յայտարարել դրանք, տրամաբանական է, դա իրերն իրենց անուններով կոչելու յորդոր է»,- ասաց վերլուծաբանը:

Յիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրութիւններն առոչինչ են յայտարարւելու Հայաստանի կողմից մինչեւ 2018-ի գարուն: Հայաստանը յետ է կանչելու իր ստորագրութիւնն այդ արձանագրութիւններից: Աւելի վաղ, Սերժ Սարգսեանը յետ էր կանչել այս արձանագրութիւնները խորհրդարանից՝ նշելով, որ ժամանակն է «գրողի ծոցն» ուղարկել դրանք:

Մոդեստ Կոլերովի խօսքով՝ Հայաստանի որոշումը չի փոխում հայ-թուրքական ներկայիս յարաբերութիւնները, այն աւելի վատ չի անդրադառնայ յարաբերութիւնների վրայ, որոնք գոյութիւն չունեն:

«Այդ արձանագրութիւնների իրականացման ընթացքը սառեցւեց Թուրքիայի կողմից: Թուրքիայի համար դրանք որեւէ իմաստ չունէին ու չունեն»,- շեշտեց վերլուծաբանը:

Կոլերովը նկատեց, որ ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրումից յետոյ Թուրքիան բազմիցս ներկայացրել է նախապայմաններ, փորձել է ընդլայնել այն՝ ներառել հարցեր, որոնք չեն եղել փաստաթղթում: Վերլուծաբանն ասաց, որ Թուրքիան այդպիսով անօրինաբար փորձել է փոխել բանակցութիւնների ընթացքը:

Բացի այդ, նրա խօսքով՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը եղել է ԱՄՆ միջնորդութեամբ, բայց փոխւել են Միացեալ Նահանգների իշխանութիւնները, փոխւել է նաեւ նրանց վերաբերմունքն այս գործըթնացին:

«Հայ-թուրքական արձանագրութիւնները ստորագրվել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական ճնշման արդիւնքում: Ներկայումս ԱՄՆ-ում այլ իշխանութիւններ են, Քլինթոնը արմատական ընդդիմութիւն է իրեն համարում գործող նախագահ Դոնալդ Թրամփին: Իսկ ցիւրիխեան արձանագրութիւնները Քլինթոնի իշխանութեան տարիների ժառանգութիւն է եւ, ըստ այդմ, հին ու նոր վարչակարգերի համար այս գործընթացը տարակարծութիւնների հարթակ է: Ես չեմ կարծում, որ Թրամփը Քլինթոնի նախաձեռնութիւնները պաշտպանելու ջատագովներից է»,- նշեց Մոդեստ Կոլերովը:

Վերլուծաբանը նշեց, որ Հայաստանը ռիսկի չի դիմում այս արձանագրութիւնները առոչինչ յայտարարելով: «Եթէ ԱՄՆ-ն ցանկանայ պահպանել այս արձանագրութիւնները, ապա կունենայ առիթ յայտարարել դրա մասին»:

Նա նաեւ նկատեց, որ այն ժամանակ, երբ հայ-թուրքական յարաբերութիւնների մերձեցման գործընթացը նոր էր սկսւել, ԱՄՆ-ն լաւ յարաբերութիւններ ունէր Թուրքիայի հետ, բայց ներկայումս այդ յարաբերութիւնները լարւած են ու ԱՄՆ-ն չունի ռեսուրսներ, լծակներ՝ ճնշելու Թուրքիային:

Հարցին՝ ի՞նչ դեր կարող է ունենալ Ռուսաստանը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում, Կոլերովը պատասխանեց, որ Ռուսաստանը պաշտօնական տեսանկիւնից կարող է ափսոսանք յայտնել, որ ցիւրիխեան արձանագրութիւններն առոչինչ են յայտարարւում, որովհետեւ ՌԴ ԱԳ նախարարը ներկայ էր դրանց ստորագրման ժամանակ, բայց դրանք գոյութիւն չունեն, չեն գործում, ուստի աւելին ՌԴ-ն անել չի կարող:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։