Հա

Քաղաքական

12/02/2018

Շ. Թորոսեան. «Ալիեւի կոկորդին է մնացել հերոսական Արցախը, իսկ պատմական հողերի մասին նրա յայտարարութիւնը կապւած է նախընտրական քարոզարշաւի հետ»

«Ալիեւն այս թեմայով առաջին անգամ չէ, որ խօսում է, մի քանի անգամ բարձրաձայնել է Երեւանի եւ ընդհանրապէս Հայաստանի տարածքների մասին, ես մի կողմից խելահեղութիւն եմ համարում նման յայտարարութիւնները, որովհետեւ քիչ թէ շատ տրամաբանող մարդն իրեն թոյլ չի տայ նման արտայայտութիւններ անել, միւս կողմից դա գնահատում եմ որպէս ալեկոծ ծովում փրփուրներից կախւող մարդու վարքագիծ, ով արդէն սպառել է այն հոխորտանքների պաշարը, որ հնարաւոր է ունենալ եւ հիմա եկել է հասել մեր մայրաքաղաքին»,- ասաց Շիրակ Թորոսեանը:

«alikonline.ir» - Սա Ալիեւի հերթական անլրջութիւնն է, որը ոչ մի կերպ չի կարելի համարել, որ այն պատերազմ սկսելու մասին յայտարարութիւն է: «tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսեանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութեանը, թէ ադրբեջանցիները պէտք է աստիճանաբար մօտենան իրենց պատմական հողեր՝ Երեւան վերադառնալու վերաբերեալ իրենց ռազմավարական նպատակին: 

«Ալիեւն այս թեմայով առաջին անգամ չէ, որ խօսում է, մի քանի անգամ բարձրաձայնել է Երեւանի եւ ընդհանրապէս Հայաստանի տարածքների մասին, ես մի կողմից խելահեղութիւն եմ համարում նման յայտարարութիւնները, որովհետեւ քիչ թէ շատ տրամաբանող մարդն իրեն թոյլ չի տայ նման արտայայտութիւններ անել, միւս կողմից դա գնահատում եմ որպէս ալեկոծ ծովում փրփուրներից կախւող մարդու վարքագիծ, ով արդէն սպառել է այն հոխորտանքների պաշարը, որ հնարաւոր է ունենալ եւ հիմա եկել է հասել մեր մայրաքաղաքին»,- ասաց Թորոսեանը:

ՀՀԿ պատգամաւորը շարունակեց, Ալիեւի այս անգամւայ յայտարարութիւնը կարելի է կապել Ադրբեջանում սկսւող նախընտրական քարոզարշաւի հետ: «Քանի որ Սահմանադրութեամբ ցմահ նախագհի հնարաւորութիւն է ստացել, 4-րդ անգամ առաջադրւում է 7 տարով եւ սահմանափակում չկայ, կամ միգուցէ կնոջը կամ որդուն է նախապատրաստում որպէս հետագայ նախագահացուներ, այսինքն՝ ակնյայտ խանական կառավարման համակարգ է ստեղծել հօրից որդուն ժառանգելու սկզբունքով եւ հիմա ինչով պէտք է կերակրի իր «Նոր Ադրբեջան» կուսակցութեան համախոհներին եւ իր հանրութեանը, եթէ ոչ այդպիսի ամպագոռգոռ եւ անհիմն յայտարարութիւններով»,- ասաց նա։

Շիրակ Թորոսեանի խօսքով՝ ի վերջոյ այսօր Ալիեւի խնդիրն Արցախի Հանրապետութեան հետ է: «Ալիեւի կոկորդին է մնացել հերոսական Արցախը՝ իր բանակով, ժողովրդով, ամուր կայուն սահմաններով, եւ բանակցութիւնների սեղանին դրւած է Արցախի Հանրապետութեան եւ Ադրբեջանի միջեւ խնդիրների լուծումը, ընդորում ցանկացած առաջարկի մէջ առկայ է Արցախի ինքնորոշման իրաւունքի փաստը, անվտանգութեան հանգամանքը, Արցախը մայր հայրենիքի հետ անվտանգ կապելու, ապահովելու հարցը եւ բանակցւում են այդ խնդիրների շուրջ եւ այս իրական իրավիճակից ինքը թռնում է երազանքների եւ վիրտուալ իրականութեան մէջ»,- ասաց նա:

Թորոսեանի խօսքով, իհարկէ, երազանքը վատ բան չէ քաղաքական պետական գործչի համար, եւ նոյնիսկ անհրաժեշտ է որպէս տեսլական իր ընտրողին, հանրութեանը կերակրելու միջոց:

«Բայց այս երազանքը կարող էի բնութագրել հետեւեալ կերպ՝ հաւը երազում կորեկ է տեսնում, ու ընկնում թառից, իսկ երբ թառից ընկնում է առնւազն կամ վիզն է ոլորւում, կամ թեւն է կոտրւում, եւ խնդիրներ է ունենում հաստատ: Վստահ եմ, որ Ալիեւն այս յայտարարութիւնն արել է ներքին լսարանի համար, բայց նաեւ արտաքին լսարանին լսեցնել է տալիս մի բան, որ ինչ էլ պայմանաւորւեն, միգուցէ ինքը կը խախտի դրանք եւ վերջին պայմանաւորւածութիւնները, որ տեղի ունեցան թէկուզ Կասպրչիկի մոնիտորային խմբի աւելացման առումով, դրան ի՞նչ յաջորդեց՝ հայ սահմանապահ զինւորի սպանութիւնը դիրքերում»,- ասաց նա:

Թէ որն է այս ամէնի այլընտրանքը, Շիրակ Թորոսեանը պատասխանեց. «Սրա այլընտրանքային տարբերակը պատերազմն է, այսինքն` եթէ մենք չենք մնում բանակցային գործընթացի մէջ, բնականաբար հրաժարւում ենք Մինսկի խմբի համանախագահների միջնորդութիւնից, որի յաջորդ տրամաբանական եւ ռէալ քայլը պատերազմն է: Սա քաղաքական որոշման հարց է, մենք գնո՞ւմ ենք պատերազմի առճակատման, թէ խնդրի խաղաղ կարգաւորման վերջին յոյսից կախւում ենք: Ես վստահ եմ, որ եթէ մի օր մենք համոզւենք, որ ամէն ինչ ձախողւել է եւ Ադրբեջանը, որ այսօր թէկուզ շատուշատ ամբիոններից յայտարարում է խնդրի խաղաղ կարգաւորման անհրաժեշտութեան մասին, եթէ բացեիբաց եւ հրապարակայնօրէն հրաժարւի այդ ամէնից, միջնորդութիւնից եւ ակնյայտ ագրեսիւ վարքագիծ դրսեւորի, այդ դէպքում մեզ այլեւս ոչինչ չի մնայ, քան վնասազերծել Ադրբեջանին»,- ասաց նա: 

Ի դէպ, Շիրակ Թորոսեանը որպէս պատմաբան նշեց, թէ կարող է վստահաբար պնդել, որ դեռեւս 100 տարին չբոլորած Ադրբեջանի ամբողջ տարածքն այլ երկրների պատմական հողեր են: «Այդ թւում Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի: Այնտեղ կարող են հատւած եւ հատւած, շրջան առ շրջան ասել, թէ Ադրբեջանի որ տարածքը որ երկրի պատմական հողն է եղել, ընդորում այդպէս եղել է ողջ պատմութեան ընթացքում եւ պատահական հանգամանքների բերումով ծնւած մի երկիր այսօր խօսում է պատմական տարածքների մասին»,- ասաց նա: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։