Հա

Քաղաքական

13/02/2018

Երեւանի պետական համալսարանում բացւեց հայ-իրանական բարեկամութեան լսարան

Երէկ՝ փետրւարի 12-ին ԵՊՀ միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետում տեղի ունեցաւ «Հայաստան-Իրան բարեկամութեան լսարանի» բացման հանդիսաւոր արարողութիւնը:

«alikonline.ir» - Երէկ՝ փետրւարի 12-ին ԵՊՀ միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետում տեղի ունեցաւ «Հայաստան-Իրան բարեկամութեան լսարանի» բացման հանդիսաւոր արարողութիւնը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Իրանի դեսպանատան պաշտօնական կայքից:

Երեւանի ԻԻՀ ռադիո-հեռուստատեսութեան լրատւական գործակալութեան թղթակցի հաղորդման համաձայն՝ միջոցառմանը ներկայ էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին, ԵՊՀ գիտական քաղաքականութեան եւ միջազգային համագործակցութեան պրոռեկտոր Գեղամ Գէորգեանը, Միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսեանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հիւրեր:

Դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին նշեց, որ լսարանի բացումը եւս մէկ անգամ վկայում է այն մասին, որ Իրանն ու Հայաստանը պատրաստակամ են երկու պետութիւնների միջեւ երկկողմանիօրէն նպաստաւոր, տրամաբանւած, փոխշահաւէտ եւ բարեկամ ժողովուրդների մակարդակին յարիր յարաբերութիւնների ընդլայնմանը:

Պրոռեկտոր Գեղամ Գէորգեանը ողջունեց հիւրերին, ի դէմս դեսպանի՝ շնորհաւորեց ԻԻՀ ժողովրդին Իսլամական յեղափոխութեան 39-րդ տարեդարձի կապակցութեամբ եւ խօսքը փոխանցեց դեկան Գեղամ Պետրոսեանին, ով հանգամանալիօրէն ներկայացրեց հայ-իրանական յարաբերութիւնների պատմութիւնն ու զարգացման փուլերը:

«Հայաստանի եւ Իրանի միջեւ դիւանագիտական, մշակութային եւ տնտեսական անքակտելի կապերը դարերի պատմութիւն ունեն: Արդէն 26 տարի է, ինչ մեր պետութիւնները համագործակցում են միջազգային տարբեր կառոյցների գործունէութեան շրջանակում՝ ի նպաստ երկու պետութիւնների զարգացմանն ու բարգաւաճմանը»,- նշեց պրոֆեսորը եւ յաւելեց, որ Միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետում բացւած լսարանը ոչ միայն նոր մղում կը հաղորդի միջազգայնագէտ ուսանողների հետաքրքրութիւնների ընդլայնմանը դէպի Իրանն ու իրանական մշակոյթը, այլեւ մեծապէս կը նպաստի հայ-իրանական բարեկամական կապերի ընդլայնմանը:

Սէյէդ Քազեմ Սաջջադին շնորհակալութիւն յայտնեց Մայր բուհի ղեկավարութեանը՝ ի դէմս ռեկտոր Արամ Սիմոնեանի եւ դեկան Գեղամ Պետրոսեանի, եւ անդրադարձաւ Իրան-Հայաստան առնչութիւնների պատմական կարեւոր իրադարձութիւններին եւ դրանց նշանակութեանը երկու երկրների միջեւ կապերի ընդլայնման ու զարգացման գործընթացում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։