Հա

Քաղաքական

14/02/2018 - 09:00

ԱՄՆ հետախուզութիւն. «Ղարաբաղի շուրջ լարւածութիւնը կարող է լայնածաւալ ռազմական հակամարտութեան վերածւել»

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարւածութիւնը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնածաւալ ռազմական հակամարտութեան վերածւել, որը կարող է ներգրաւել Ռուսաստանին իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար:

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղի շուրջ լարւածութիւնը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնածաւալ ռազմական հակամարտութեան վերածւել, որը կարող է ներգրաւել Ռուսաստանին իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար: Այս մասին, ըստ «news.am»-ի՝ ասւում է Միացեալ Նահանգների ազգային հետախուզութեան տնօրէն Դենիէլ Քոութսի կողմից հրապարակւած «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկոյցում:

Փաստաթուղթը ներկայացնում է 2018-ին ԱՄՆ ազգային անվտանգութեան սպառնալիքների գնահատականը:

Մասնաւորապէս Ղարաբաղին նւիրւած հատւածում նշւում է, որ «երկու կողմերի՝ փոխզիջմանը գնալու ցանկութեան բացակայութիւնը, այլ կողմերից ճնշման աւելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը եւ 2018-ին Հայաստանի կողմից նոր ռուսական զէնքի ձեռքբերումը կարող են լայնածաւալ ռազմական գործողութիւնների յանգեցնել»:

Զեկոյցում նշւում է, որ Կրեմլը կը ձգտի աջակցել եւ հնարաւորինս ընդլայնել բոլոր նախկին խորհրդային երկրների տարածքում իր ազդեցութիւնը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր յաջորդ հնարաւոր նախագահական ժամկէտի ընթացքում հիմնւելու է ագրեսիւ եւ օպորտունիստական արտաքին քաղաքականութեան վրայ` Ռուսաստանի սահմաններից դուրս արդիւնքների հասնելու համար: Նա նաեւ կը դիմի աւելի աւտորիտար մարտավարութեանը, որպէսզի վերահսկի իր իշխանութեան մարտահրաւէրները»,- նշւում է փաստաթղթում:

ԱՄՆ հետախուզութեան ղեկավարի խօսքով՝ Վրաստանի արեւմտեան ինտեգրացումը ձախողելու ՌԴ փորձերը Թբիլիսիում անկայուն իրավիճակի հիմնական աղբիւրները կը մնան: Ռուսաստանը կը փորձի նաեւ կանխել Բելառուսիայի եւ Արեւմուտքի յարաբերութիւններում հնարաւոր ջերմացումը:

Ինչ վերաբերում է Ուկրայինային, հետախուզութեան ղեկավարը կարծում է, որ երկիրը դեռեւս ներքաղաքական անկարգութիւնների վտանգի տակ է, որը Ռուսաստանը կարող է օգտագործել Կիեւի արեւմտամետ կողմնորոշումը ձախողելու համար:

«Մինչ այդ եւրոպական եւ եւրոպական ազգային կառավարութիւնները պայքարելու են անվտանգութեան խնդիրների լուծման վերաբերեալ մի շարք միասնական մօտեցումներ մշակելու համար, այդ թւում, ծայրամասերում անկայունութեան, տարածաշրջանում անհամաչափ միգրացիայի, ահաբեկչական սպառնալիքների եւ ռուսական արշաւների ազդեցութեան աւելացման դէմ, որոնք վնասում են Արեւմուտքի միասնականութեանը»,- նշւում է զեկոյցում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։