Հա

Քաղաքական

15/02/2018 - 10:10

Վարդան Ոսկանեան. «Հայաստանին ուղղակի անհնար է դուրս թողնել տարածաշրջանային գործընթացներից, որովհետեւ այդ գործընթացների մասնակիցը նաեւ Իրանն է»

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյէդ Քազեմ Սաջջադին յայտարարել է, որ Իրանը պատրաստ է յարմար գներով գազ վաճառել Հայաստանին։ Իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Յարութիւնեանի խօսքով՝ իրանական կողմն է ասել, որ իրենք աւելի մրցունակ գին այս պահին չեն կարող առաջարկել, եւ, որ Հայաստանը չունի գազի աւելի մրցունակ գին, քան Ռուսաստանից տրւող գինն է:

«alikonline.ir» - ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյէդ Քազեմ Սաջջադին յայտարարել է, որ Իրանը պատրաստ է յարմար գներով գազ վաճառել Հայաստանին։ Իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Յարութիւնեանի խօսքով՝ իրանական կողմն է ասել, որ իրենք աւելի մրցունակ գին այս պահին չեն կարող առաջարկել, եւ, որ Հայաստանը չունի գազի աւելի մրցունակ գին, քան Ռուսաստանից տրւող գինն է:

«168.am»-ը ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանից հետաքրքրւեց, թէ ինչո՞ւ է իրանական կողմը մի բան ասում, հայկական կողմը՝ այլ։

 

- Պարոն Ոսկանեան, այդ յայտարարարութիւնները, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են հակասում միմեանց, ո՞րն է խնդիրը։

- Այստեղ հակասութիւն, ըստ էութեան, մենք չունենք։ Ակնյայտ է, որ Հայաստանը բանակցում է նաեւ իրանական գազի շուրջ, եւ այդ բանակցութիւնները վերաբերում են մի քանի գործարքների։ Խօսքը թէ՛ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց հայ-իրանական գործակցութեան մասին է, թէ՛ սուափային գազի, մասնաւորապէս՝ թուրքմենական գազի, թէ՛ նաեւ Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ որոշակի ձեւաչափ ստեղծելու մասին է, եւ այս բանակցութիւնները, ըստ էութեան, դրական են։ Նաեւ հասարակական տրամադրութիւններում ֆոն ապահովելու իմաստով են դրական։

Այլ խնդիր է, թէ կոնկրետ բանակցութիւններում ինչպիսի մանրամասնութիւններ են քննարկւում։ Կարծում եմ՝ համապատասխան անձինք, որոնք վարում են այդ բանակցութիւնները, մանրամասներին շատ աւելի լաւ տեղեակ կը լինեն. խօսքը գործարքի շահաւէտութեան մասին է։ Բայց, ամէն դէպքում, չափազանց կարեւոր է, որ այս ոլորտում Հայաստանն, ունենալով գործընկերային յարաբերութիւններ ՌԴ-ի հետ, նաեւ գործընկերային յարաբերութիւններ է փորձում հաստատել Իրանի հետ։

Այդ յարաբերութիւնները պէտք չէ հակադրել, դրանք կարող են փոխլրացնել մէկը միւսին, եւ այս իմաստով, եթէ մենք կարողանանք ձեւաւորել բոլոր կողմերի համար ձեռնտու ձեւաչափեր, ապա ակնյայտ է, որ Հայաստանը շահող դուրս կը գայ։ Հայաստանի թէ՛ տնտեսական, թէ՛ քաղաքական գործունէութիւնը միտւած է ոչ թէ շահերի հակասութիւնների վրայ խաղալուն, այլ այդ շահերը համադրելուն, եւ սա խելամիտ քաղաքական եւ տնտեսական ուղեգիծ է։ Անշուշտ, որպէս առաջնային նպատակ դիտարկելով ՀՀ շահերը։

 

- Իսկ Ռուսաստանը թոյլ կը տա՞յ, որ Հայաստանն Իրանից գազ ներկրի՝ հաշւի առնելով «Գազպրոմ»-ի մենաշնորհային դիրքը Հայաստանում։

- Կարծում եմ՝ մենք պէտք է հարցի ձեւակերպումը փոխենք. Ռուսաստանը թոյլ կը տայ այս անել, այն անել, դա նաեւ խրտնեցնում է մեր հնարաւոր գործընկերներին։ Մեզանում ստեղծւում է նման տեղեկատւական ֆոն, եւ այդ դէպքում մեր շատ գործընկերների մօտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ չբանակցել ՌԴ-ի հետ, այլ բանակցել հայկական կողմի հետ։ Հետեւաբար՝ մենք պէտք է նաեւ այս տիրոյթում ձեւակերպումները չափազանց ճշգրիտ եւ զգուշաւոր տանք։ Երբեւիցէ պէտք չէ կիրառել թոյլ տալ բառը. ՀՀ-ն անկախ պետութիւն է, եւ որեւէ մէկի թոյլատւութեանը չի սպասում։ Այդ թոյլատւութեան մասին խօսելը շատ դէպքերում ուղղակի խրտնեցնում է մեր հնարաւոր գործընկերներին։

Ակնյայտ է, որ Ռուսաստանն ունի շահեր, եւ այդ շահերը որոշ դէպքերում բաւական զգայուն են։ Հաշւի չնստել այդ շահերի հետ՝ կոպտագոյն սխալ կը լինի, բայց առաջնորդւել միայն այդ շահերով էլ՝ կրկին կոպտագոյն սխալ կը լինի։ Ամենաընդունելի տարբերակը տարբեր կողմերի շահերի համադրումն է, որն էլ Հայաստանը պէտք է իրականացնի, եւ միայն այդ ուղով ընթանալու պարագայում է, որ մենք կը կարողանանք գրանցել լրջագոյն յաջողութիւններ։

 

- Իրանի դեսպանը խօսել է նաեւ հաղորդակցութեան ուղիների մասին։ Նա մասնաւորապէս խօսել է երկաթգծի եւ «Հիւսիս-հարաւ» մայրուղու շինարարութեան մասին՝ նշելով, որ պէտք է համատեղ ներդրումներ իրականացնել այս ուղղութիւններում։ «Դուք առաջ եկէք, մենք էլ քայլ կանենք»,- ասել է դեսպանը։ Դեսպանի այս յայտարարութիւնն ինչպէ՞ս կը մեկնաբանէք։

- Կարծում եմ՝ կարեւոր ուղերձ է, որը մէկ անգամ եւս վերահաստատում է Իրանի դիրքորոշումը՝ Հայաստանը՝ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող կարեւորագոյն տրանսպորտային միջանցք դիտարկելու առումով։ Շատ յատկանշական է, որ Հայաստանի եւ Բուլղարիայի նախագահների շփումների ընթացքում այդ խնդիրը քննարկւել է։ Խօսքը վերաբերում է մուլտիմոդալ փոխադրումների փորձնական գործարկւած համակարգի մասին, որը ենթադրում է բազմակողմ գործակցութիւն՝ Բալկանեան երկրներ-Բուլղարիա-Յունաստան-Վրաստան-Հայաստան եւ Իրան, եւ որը կարող է չափազանց շահաւէտ եւ արդիւնաւէտ լինել բոլոր կողմերի համար էլ։

Հետեւաբար, մի կողմից իրանական ձգտումը՝ Հայաստանի վրայով իրականացնել որոշակի բեռնափոխադրումներ, միւս կողմից էլ՝ բալկանեան իմ նշած երկրների ցանկութիւնը, Հայաստանի կամքը եւ Վրաստանի պատրաստակամութիւնը կարող են շատ նպաստաւոր միջավայր ստեղծել նման գործակցութեան ձեւաւորման համար։ Գործակցութիւն, որն ունի ոչ միայն տնտեսական ուղղւածութիւն, ոչ միայն կարող է տնտեսական առումով շահաւէտ լինել, այլեւ ակնյայտ է, որ չափազանց շահաւէտ եւ օգտակար կարող է լինել աշխարհաքաղաքական իմաստով։

Դա հնարաւորութիւն կընձեռի մեզ՝ յաղթահարել թուրք-ադրբեջանական շրջափակումը՝ առկայ հնարաւորութիւնների օգտագործման միջոցով։ Իսկ եթէ սրան գումարենք էլ «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու շինարարութիւնը եւ Հայաստան-Իրան երկաթգիծը, որը պէտք է մշտապէս պահել օրակարգում, փորձել գտնել ֆինանսական աղբիւրներ դրա կառուցման համար, ապա կարծում եմ՝ Հայաստանը կը լուծի իր համար կենսական նշանակութիւն ունեցող շրջափակման խնդիրը՝ ձեռնունայն թողնելով թուրք-ադրբեջանական դաշինքին։

 

- Մարտ ամսին նախատեսւում է գործարկել Իրան-Ադրբեջան երկաթուղու մի հատւածը, դա ինչպէ՞ս կարող է ազդել Հայաստան-Իրան՝ դեռեւս թղթի վրայ մնացած երկաթուղու ծրագրի վրայ։

- Մենք պէտք է յստակեցնենք երկու կարեւորագոյն ուղղութիւն. իրանցիները երկաթգծի այդ փոքրիկ հատիածը, որը, ըստ էութեան, միացնում է ադրբեջանական Աստարան իրանական Աստարայի հետ, եւ դրանից յետոյ Իրանի տարածքում մօտ 140 կիլոմետրանոց ազատ տարածք կայ, երկաթուղի չի կառուցւել այդտեղ եւ կառուցման աշխատանքները չեն էլ սկսւել, իրականացւում է Իրան-Ռուսաստան ցամաքային կապն ապահովելու նպատակով։ Հայաստանի հետ կապւած ծրագրերը վերաբերում են Պարսից ծոցը Սեւ ծովին կապելու եւ Իրանի մուտքը դէպի Եւրոպա ապահովելու գործընթացին։

Հետեւաբար՝ այս երկու ծրագրերը, ըստ էութեան, միմեանց հետ մրցակից չեն, բայց կայ մի կարեւոր հանգամանք։ Անշուշտ, ցանկացած ծրագիր, որտեղից փորձ է կատարւում Հայաստանին դուրս թողնել, չի բխում մեր շահերից, իսկ Ադրբեջանի նախագահը բոլորովին վերջերս յայտարարեց, որ «Հիւսիս-հարաւ» միջանցքի ծրագիրը միտւած է տարածաշրջանային գործընթացներից Հայաստանին դուրս թողնելուն։ Հայաստանին ուղղակի անհնար է դուրս թողնել տարածաշրջանային գործընթացներից, որովհետեւ այդ գործընթացների մասնակիցը նաեւ Իրանն է, որը նման ցանկութիւն չունի։ Միւս կողմից էլ՝ եթէ մենք իրականացնենք մեր ծրագրերը, ապա այդ ջանքերն ուղղակի անարդիւնաւէտ կը լինեն։ Եւ դա պէտք է արւի ոչ թէ՝ ի հեճուկս Ադրբեջանի, այլ՝ ի շահ Հայաստանի Հանրապետութեան։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։